Ասա՝ ինչ երաժշտություն ես լսում, ասեմ՝ ով ես դու․ ի՞նչ է բացահայտել Դանիել Երաժիշտը Կոմիտասի գրադարանում
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դանիել Երաժիշտը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է լուսաբանել Կոմիտասի անձնական գրադարանի պարունակությունը, անդրադառնալ գրադարանում տեղ գտած օպերաների, սիմֆոնիաների պարտիտուրաներին եւ այն աշխատություններին, որոնք Կոմիտասը ուսումնասիրել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով Վարդապետի անունը կրող թանգարան-ինստիտուտում բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» ցուցադրությունը: Գրադարանը թանգարան-ինստիտուտ ցուցադրության է բերվել Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանից։
Ի՞նչ է հայտնաբերել Կոմիտասի գրադարանում Դանիել Երաժիշտը, պատմում է․ «Շուտով ցուցադրության ժամկետն ավարտվում է: Իմ դիտարկումները պիտի ներկայացնեմ, լուսաբանեմ եւ ամփոփեմ: Գրադարանի նմուշները պիտի ցույց տանք ոչ թե որպես գիդ, այլ մասնագիտական մեկնություններով, հղումներով, վերլուծական անդրադարձով: Օրինակ՝ Կոմիտասի գրադարանում կա շվեդական ժողովրդական երգերի մասին գիրք, ինձ համար դա ցնցող երեւույթ է։ Ասա՝ ի՞նչ գիրք ես կարդում, ասեմ՝ ով ես դու, կամ՝ ասա՝ ի՞նչ երաժշտություն ես լսում, ասեմ՝ ով ես դու: Զարմանալի է, որ թեպետ Կոմիտասը Բեռլինում ուսանողական տարիներին Մանթաշեւի հովանավորությամբ էր սովորում, նյութապես նեղվում էր, բայց շատ զուսպ ապրելով կարողացել է գնել թանկարժեք պարտիտուրան։ Դրանցից են՝ Հենդելի, Վագների, Մոցարտի, Բեթհովենի եւ այլոց օպերաների, սիմֆոնիաների, օրատորիաների պարտիտուրաները եւ կլավիրները»,-ասաց Դանիել Երաժիշտը:
Ասում է՝ զարմանում է Կոմիտասի հետաքրքրությունների լայն շառավիղի վրա: Վարդապետը ձեռք է բերել մի քանի հեղինակների հարմոնիայի, երաժշտության պատմության, գործիքագիտության ընդհուպ մինչեւ զինվորական նվագախմբի գործիքավորման մասին գրքեր (ընդ որում, գրքերի մի մասը Կոմիտասը ձեռք էր բերել նախքան Բեռլին մեկնելը): Այդ հեղինակներն են՝ Արենսկին, Ռիմսկի-Կորսակովը, Բեռլիոզը, Ռիմանը, Ֆետիսը, Ռայզմանը, Ռիխտերը եւ այլք։
Բնութագրելով Կոմիտասի բարձր արվեստն ու Կոմիտասին՝ Դանիել Երաժիշտն ասաց, որ Վարդապետը մեր երաժշտության Մաշտոցն է, մեր ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունը փրկողն ու բազմաձայնողը, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը, եւ պատահական չէ, որ Արամ Խաչատրյանն ասել է․ «Իմ ամենամեծ ուսուցիչը Կոմիտասն է»:
«Ըստ Կոմիտասի, որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը: Նրա երգերը ապրում եւ ապրեցնում են մեզ, եւ դա մեր ազգային ինքնությունն ու «տարբերանշանն» է։ Արվեստի ինստիտուտում Կոմիտասի կատարողական ցուցումները թեմայով հոդված տպագրեցի: Զարմանալի բան էի բացահայտել ինձ համար: Օրինակ, 23 տակտանոց երգում Կոմիտասն ունի ավելի քան 30 ցուցումներ, թե ինչպես երգել: Նույնիսկ քառաձայն երգչախմբում նա այնպիսի նրբերանգներ է պահանջում, ակնկալում, որ մի ձայնաբաժինը երգեն հնչեղ, մյուսը՝ մեղմ, երրորդը՝ արձագանքի պես, չորրորդն էլ՝ այլ երանգով, պատկերացնո՞ւմ եք»,-ընդգծեց նա:
Հոգեւոր երաժշտության քարոզից․ ահա այսպես է ինքն իրեն բնութագրում Դանիել երաժիշտը: 75 տարեկան է, արդեն վստահ կարող է ասել՝ հոգեւոր երաժշտությունը իր կյանքի գործն է։ Այս պահին աշխատում է հոգեւոր խմբերգերի տպագրության եւ Մաշտոցի, Ստեփանոս Սյունեցու, Անանյա Շիրակացու, Պետրոս Գետադարձի եւ մյուս մեծերի շարականների ու տաղերի հրապարակման վրա:
«Դրանք ես մշակել եմ իգական երգչախմբի համար եւ նվիրել «Գեղարդ» երգեցիկ խմբին: «Նարեկացի» արվեստի միությունը պատրաստվում է ալբոմ հրապարակել, որում տեղ կգտնեն պարտիտուրաները, ձայնասկավառակը եւ իմ ներածական հոդվածը: Մինչ այդ, որոշ շարականներ ես ունեի իմ անսամբլի համար, դրանք ձայնի եւ նվագարաների համար էին, իսկ սա ակապելա երգչախմբի համար է: Այդ ամբողջը հնչել է իմ հոբելյանական համերգին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ»,- ասաց նա:
Դանիել Երաժիշտը խոսում է մարդու կյանքում հոգեւոր երաժշտության կարեւորության մասին։ Ընդգծում է՝ հոգեւոր երաժշտությունը կենսական պահանջ է, աղոթք է, զրույց Աստծո հետ, ինչպես Նարեկացին է ասում՝ «ի խորոց սրտի»: Հոգեւոր երաժշտությունը, ասում է, մարդու ինքնությունն է ձեւավորում։
«Հոգեւոր երաժշտությունը հավիտենական արժեքների հետ է կապում։ Հոգեւոր երաժշտությամբ սնված մարդը այլեւս չպետք է վախենա մահից: Մահը այլեւս չի վախեցնում մարդուն, քանի որ նա գիտի, որ կա երկնքի արքայություն: Այս երաժշտության միջոցով մարդը ձերբազատվում է իր անկատարությունից, կատարելագործվում է, մարդու հոգին հաղթում է նյութը, հոգին ղեկավարում է մարմինը, ոչ թե հակառակը, ինչպես հաճախ դա հանդիպում է մեր կյանքում: Հանճարեղ բանաստեղծ Կոստան Զարյանը ասում է՝ «հայ ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է»: Ես այդ վերնագրով դասախոսություն եմ կարդացել Կոմիտաս թանգարան-ինստիտուտում։ Ըստ Կոստան Զարյանի՝ մենք պիտի դառնանք «արարատյան» մարդ, այսինքն՝ կարողանանք վերագտնել մեր ոսկեդարի, դասական ժառանգությունը եւ պահպանել մեր ինքնությունը, ահա այս խնդիրն ունի հայ հասարակությունը»,-եզրափակեց նա: