«Այս ռազմական հակամարտությունը բացի արևմուտքից ուրիշ ոչ մեկ չի շահելու, առավել ևս հակամարտողները». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Ռուսաստանի շուրջ տեղ գտնող քաղաքական և աշխարհաքաղաքական երևույթները գնահատենք մասնագիտական տեսանկյունից, այլ ոչ թե արևմտամետության-ռուսամետության կամ հայկական շահի տեսանկյունից ապա կարելի է ասել, որ Ռուսաստանի կողմից վարվող պետական անվտանգային+ռազմական քաղաքականության արդյունքում «արհեստածին և Լենինյան քաղաքական ճարտարապետություն» որակվող Ուկրաինան հենց ռուսների ձեռամբ էլ վերածվում է մի պետության, որն անցնում է իր պետականության՝ գաղափարական զտման, ազգային միասնության հիմնման, քաղաքական նույնականացման, ազգային գերակայությունների համար պայքարի պատրաստ հանրության ձևավորման և քաղաքական կոնսոլիդացման արագացված փուլերով:

Իր հերթին հենց Ռուսաստանի համար նախադեպը չունեցող «սլավոնական պատերազմը» ապագա Ռուսաստանի էվոլուցիայի՝ «իմպերիական», «եվրասիական» կամ «միացյալ պետությունների»,«СССР 2-ի» հնարավոր կոնցեպտների գաղափարական և քաղաքական հենքի փնտրտուքն է և շոշափումը:

Ավելին, կարծում եմ, որ լայն առումով այս պատերազմից է կախված ապագա Ռուսաստանի տեսակն ու բնույթը, մեծությունն ու կայունությունը և նույնիսկ, եթե կուզեք Պուտինյան ռուսաստանի լինել չլինելը:

Քաղաքական ռեժիմների և համակարգերի ուսումնասիրման իմ փորձն ինձ հուշում է, որ այս պատերազմի արդյունքները շատ ավելի մեծ ազդեցություն են թողնելու հենց Ռուսաստանի քաղաքական ռեժիմի վրա: Սա մի փուլ է, որտեղ Պուտինը բարձրացնելով խաղադրույքները փորձում է կանխորոշել ետպուտինյան Ռուսաստանի ապագա կոնցեպցիան:

Այդ խաղադրույքի ռիսկը շատ մեծ է, որքան էլ պրոպագանդան և հանրային ներքին քարոզչության բարձրախոսները բարձր և վստահ հնչեցնեն ռուսական արտաքին և ռազմական քաղաքականության ճշմարտացիության և անպարտելիության փաստը, այնուամենայնիվ ռիսկը մեծ է և դրանք, ինչ որ փուլում կարող են ռեվերսային ցնցումներ առաջացնել հենց ներքաղաքական, ներհանրային և ներտնտեսական կոնստրուկցիաներում:

Ռուսական պետական հեռուստաընկերությունների non stop political talk show-ները և նույնիսկ չնչին ակցիաների օպերատիվ ուժային չեզոքացումը ապացուցում են այդ հանգամանքը: Ուժային և քարոզչական գործիքների միջոցով փորձ է արվում չեզոքացնել այդ կոնստրուկցիաներում արդեն տեղ գտնող դժգոհությունը, չնայած նշեմ, որ հենց այդ talk show-ներում պատերազմի երկարաձգման և արագ հաղթանակ չգրանցելու արդյունքում պրոպագանդան հյուծվել է և գաղափարական-քարոզչա-լոբբիստական սովի մեջ է և աշխատում է բացառապես իմպերիա երազող, միջին վիճակագական ռուս քաղաքացու կամ այլ կերպ ասաց Պուտինի ընտրազանգվածի հետ:

Պարադոքսը նրանում է, որ իրենց պետությունների տարածքային, քաղաքական և գաղափարական ապագաների որոշման և կայացման մեջ ամենա շատը միմյանց օգնում են հենց իրար հետ կռվող և հակամարտող երկու ուղղափառ և սլավոնական եղբայրական ազգ համարվող ռուսներն ու ուկրաինացիները:

Այս ռազմական հակամարտությունը բացի արևմուտքից ուրիշ ոչ մեկ չի շահելու, առավել ևս հակամարտողները: Այն, որ ոչ Ռուսաստանը և ոչ էլ առավել ևս Ուկրաինան այլևս նախկինը չեն լինելու միանշանակ է:

Նորից և նորից ապացուցվում է, որ չկան քաղաքական ռեժիմներ, որոնք չեն փլուզվում: Յուրաքանչյուր իշխանություն փորձում է կառավարման համար իր բնույթին, աշխարհայացքին,
սկզբունքներին, շահերին և գերակայություններին համապատասխանող ռեժիմ ձևավորել և այն փաթեթավորել համապատասխան ճկուն գաղափարախոսությամբ:

P.S. Ժամանակներն են էնպիսին, որ ավելի երկարաժամկետ հաղթող է համարվելու նա ով կհաղթի տեղեկատվական և պրոպագանդիստական պատերազմում, անկախ ռազմի դաշտում տեղ գտած իրողություններից: Տեղեկատվական հանրությունները հաղթող կնշանակեն նրան, ով ավելի շատ և ճիշտ կաշխատի նույն այդ տեղեկատվական հանրույթների հետ, իսկ իրական հաղթանակն ու պարտությունը հավատացեք երկրորդական է լինելու: Սա Ռուսաստանի ամենա մեծ քաղաքական խնդիրն է, իսկ Ուկրաինայի «հաղթանակի» հիմնական գրավականը»:

Տեսանյութեր

Լրահոս