«Ոչ թե պատասխան եք տալու, այլ՝ Կարթագենից ավելի դաժան կործանվելու եք». Աբրահամ Գասպարյան
Աբրահամ Գասպարյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Մի փոքր երկար ստացվեց, բայց՝ կարևոր է:
Ի՞նչ ական(ներ) կան ադրբեջանի ներկայացրած 5 կետերում և ինչպե՞ս է հայ հանրությանը փորձում մոլորեցնել ինքնասիրահարված տգետների ու անտաղանդների ոհմակը՝ իշխանությունը:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աշխատանքային փաստաթուղթը վերացական է, չի ենթադրում երկարատև խաղաղության ու տարածաշրջանային կայունության կոնստանտ լուծումներ:
1- Երկրի դիվանագիտական, անվտանգային ու ռազմաքաղաքական ռեսուրսը մսխած ապիկարների այս խունտան ստում է ու մանիպուլացնում: ադրբեջանի հրապարակած 5 կետերը, որոնց վերաբերյալ երեկ մինչև ուշ գիշեր բաքվի բանագնացը քննարկումներ էր անցկացնում Հայաստանի ուսապարկաց ժողովի մեծամասնության հետ, մեկնարկած գործընթացի երևացո՛ղ մասն է միայն: Չի բացառվում, որ երազախաբությունից մատ թափ տվող դեռատիների այս ոհմակը, սովորույթի ուժով, ադրբեջանի քույր իշխանության հետ ունի թաքուն պայմանավորվածություն՝ չհրապարակել զիջումների ամբողջական ցուցակը մինչև կհասնի կրիտիկական պահը: Սա բանակցային պրոցեսի գաղտնիության սկզբունքի պահպանում չէ՛, այլ՝ դավադիր գործարք, որը հակասում է բոլոր իրավական ու բարոյական նորմերին, ՀՀ Սահմանադրությանն ու քաղաքական-անվտանգային հրամայականներին: Ներկայացված 5 կետերից յուրաքանչյուրն իր մեջ անվտանգային լուրջ ռիսկեր է պարունակում և արցախյան կարգավորման հարցը շրջանցելով՝ նվազեցնում հակամարտության դեէսկալացիայի հնարավորությունը:
2- Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքն ադեկվատ չէ, հասցեական չէ, կապ չունի Երևան-բաքու հարաբերությունների կարգավորման հետ: Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորվում են ժնևյան ու այլ հայտնի կոնվենցիաներով: Եթե բաքուն իր ներկայացրած 5 կետում շրջանցում է Արցախի հարցը և այն ներկայացնում տարածքային ամբողջության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման համատեքստում, իսկ պաշտոնական Երևանը դեմ է տալիս Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներ, ԲԱՅՑ չի խոսում Արցախի հակամարտության մասին, ապա միանում է բաքվի տջանքերին՝ մոռացության մատնել հարցն ու ասել՝ չկա Արցախի հարց, չկա հակամարտություն, որովհետև Հայաստանը հրաժարվել է ինչ-որ տարածքային պահանջներից:
3- Եթե ՀՀ ԱԳՆ-ն մեջբերում է Հելսինկյան Եզրափակիչ ակտը, ապա պատասխանի մեջ ինչու՞ չկա Արցախի կարգավիճակի կամ Երևանի՝ բանակցային մոտեցումների ու սկզբունքների մասին որևէ ակնարկ. Հայաստանը հանդիսանու՞մ է Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ ոչ, Հայաստանի համար կարգավորման սկզբու՞նք է ազգերի ինքնորոշման իրավունքը, թե՞ ոչ: բաքվի ներկայացրած 5 կետերից երկրորդում այս խնդիրը կարծես սահուն կարգավորվում է, բացում՝ կամային մեկնաբանությունների տարողունակ դիապազոն: Ֆորմալ առումով աշխատանքային այս թուղթն ունի միջազգային իրավունքի տերմինաբանական ընդունելի ու աքսիոմատիկ փաթեթավորում, բայց, ըստ էության, չի բխում Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերից:
4- Դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ բաքվի ներկայացրած առաջարկի ռիսկերի մասին վերջին 15 ամսում խոսել ու վերլուծել եմ գրեթե շաբաթական պարբերականությամբ: Թակարդից խուսափելու տարբերակն առաջարկել եմ ԱԺ-ում, անցած նոյեմբերին, հրավիրված լսումների ժամանակ և հայտարարել, որ Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամը պատրաստ է մասնագիտական իր ռեսուրսով մասնակցել այդ գործընթացին, թույլ չտալ, որ բաքուն առաջնորդվի 70-ականների քարտեզներով (վատագույն դեպքում՝ 20-30-ականների կամ՝ 80-ականների):
ՀԳ. Բերաններդ…սիրատոչոր ժպիտով բացելու, մատ թափ տալու լեզվով խոսելու, լկտիաբար ստելու, թուրքի ոտքերի տակ թավալ գալու, երկրի անվտանգային բանալիները 30 դահեկանով վաճառելու, բայց թույն դիվանագետ ձևանալու համար…ոչ թե պատասխան եք տալու, այլ՝ Կարթագենից ավելի դաժան կործանվելու եք:
Պի՛նդ եղեք»: