«44-օրյա պատերազմը և ուկրաինական դեպքերը կառավարվել են նույն կենտրոնից». Դավիթ Ջամալյան
«Կարծում եմ՝ մի քանի շաբաթում, կամ ամենաշատը 1-2 ամսում Ուկրաինայում հատուկ գործողությունների ակտիվ փուլն ավատվելու է։ Ուղղակի անխուսափելի է հաջող ելքը։ Պարզապես խնդիրն այն է, որ խաղաղ բնակչությանը պետք է առավելագույնս հեռու պահել հնարավոր աղետներից, միևնույն ժամանակ՝ սեփական շարքերում նվազագույնի հացնել կորուստները»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ խաղաղ ակցիայի մասնակից, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ հասարակական գործիչներ խաղաղ ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան մոտ՝ ի աջակցություն Ռուսաստանի։
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ ռուսական ուժերի առաջախաղացումը դանդաղ է, բայց հաստատուն։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Նովոռոսիայում, ռուսական պետականության համար ունի գոյաբանական նշանակություն, առանց չափազանցության՝ գոյաբանական նշանակություն ունի նաև Հայաստանի համար։ Այն աղետը, որը մեր երկրի գլխին բերվեց 44-օրյա պատերազմի տեսքով, գծագրվել ու իրականացվել է այն նույն ուժային կենտրոնների կողմից, որոնք Ուկրաինան տարիներ շարունակ վերածել են, ինչպես ընդունված է ասել՝ հակառուսաստանի։ Այնպես որ, գործ ունենք նույն դավադիր ձեռքի հետ, և մեր դաշնակից Ռուսաստանի հաջողությունն իր քաղաքակրթական, պատմական տարածքում ուղղակիորեն կոչված է լինելու նպաստել մեր պետականության ամրապնդմանը։ Կարծում եմ՝ այստեղ մենք մեր սկզբունքային խոսքը պետք է ասենք»,- հավելեց Դ. Ջամալյանը։
Ինչ վերաբերում է Արցախում թշնամու ակտիվությանն ու իրականացրած սադրանքներին, Դավիթ Ջամալյանը նախ նկատեց՝ երբեք չի տրվել ու չի տրվելու այն պատրանքներին, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են լինելու, ճարահատյալ մերձեցումը կոչված է ընդամենը Անդրկովկասում գոնե փխրուն կայունությունն ապահովելուն։
«Մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, թեպետ ընդգծված հակառուսական դիրք առերևույթ չի գրավում, բայց դրա հետ մեկտեղ՝ դավեր է նյութում մեր ու մեր դաշնակիցների դեմ՝ ապակայունացնել իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախի սահմաններին։ Սա օրինաչափ է, որովհետև հակառակորդը փորձում է առավելագույնը ստանալ այս իրավիճակից՝ շատ լավ հասկանալով, որ որոշ ժամանակ անց այս եզակի պատմական պահը, որը օրվա կապիտուլյանտական ռեժիմի միջոցով իրեն մատուցվել է, այլևս չի լինելու։ Այստեղ այս պահին իրավիճակն ապակայունացնելը նշանակում է՝ հարված հասցնել ռուսական պետականությանը»,- շեշտեց ռազմական փորձագետը։