Վրաստանն այլընտրանքային շուկաներ է փնտրում գինու իրացման համար
Վրաստանի իշխանություններն ակտիվորեն աշխատում են վրացական արտադրանքի, այդ թվում գինու իրացման համար շուկաների քանակն ավելացնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առեւտրական գործընկերն է: Երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 1,6 միլիարդ դոլար: Ռուսաստան արտահանվող հիմնական ապրանքների թվում են՝ ֆերոհամաձուլվածքները, գինին, հանքային ջրերը, ոգելից ըմպելիքներն ու մրգերը: «Մենք արդեն տարիներ շարունակ ակտիվորեն աշխատում ենք շուկաների դիվերսիֆիկացման վրա:
Գինու շուկայի զարգացման նպատակով մեր ներկայացուցիչները գտնվում են Ամերիկայում եւ ակտիվորեն աշխատում այդ շուկան յուրացնելու ուղղությամբ: Մենք նաեւ ակտիվորեն աշխատում ենք Եվրամիության երկրների, Չինաստանի եւ մյուս առաջնահերթ շուկաների հետ մարկետինգային կամպանիաների ուղղությամբ»,-ասել է Շամուգիան՝ հանդես գալով «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ ինքն արդեն հանդիպում է ունեցել գինեգործների ու գինի արտահանող ընկերությունների հետ եւ քննարկել այդ երկրներում ակտիվության մեծացման հարցերը: 2021 թվականին Վրաստանը 107 միլիոն շիշ (0,75 լիտր) գինի է արտահանել 62 երկրներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի ողջ պատմության ընթացքում: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ, վրացական գինի ներմուծող երկրների թվում առաջին տեղում գտնվում է Ռուսաստանը, որտեղ արտահանվել է ավելի քան 62 միլիոն շիշ գինի՝ արտահանման ընդհանուր ծավալի 57 տոկոսը, հաղորդել է Sputnik-ը: