«Նոր մարզպետին չենք տեսել, հարցեր չենք քննարկել, նրան չենք ճանաչում». Գորիսի փոխքաղաքապետ
Մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, մարտի 3-ին Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն մարզպետ էր նշանակվել Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը՝ կալավանցի Ռոբերտը։
168.am–ի հետ զրույցում Մելիքսեթ Պողոսյանն ասել էր, որ առաջարկ է ստացել զբաղեցնել Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, սակայն դեռևս որոշում չի կայացրել։
168.am-ը Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նորանշանակ մարզպետի հետ հանդիպում եղե՞լ է, նրան ներկայացվե՞լ են Սյունիքի անվտանգության վերաբերյալ հարցերը։
«Նոր մարզպետին չենք տեսել, հարցեր չենք քննարկել, նրան չենք ճանաչում»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Սյունիքի մարզպետ նշանակվում է ոչ սյունեցի, Կարեն Քոչարյանը պատասխանեց, որ այսօր Սյունիքում ավելի կարևոր հարցեր կան, և իրենք զբաղված են այդ հարցերով։
«Ընթացքը ցույց կտա, թե նա ինչ մարզպետ կարող է լինել։ Մարզպետի հետ հանդիպելու նախաձեռնություն չունեմ, գուցե քաղաքապետի առաջին տեղակալն այդ հարցին պատասխանի, բայց անձամբ ես նման հանդիպում չեմ նախատեսել»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Գորիսի ընդհանուր իրավիճակին, Կարեն Քոչարյանը փոխանցեց, որ ընդհանուր առմամբ նորմալ է, որևէ կրակոց չկա։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով» միջգերատեսչական աշխատանքային խումբը:
Այդ աշխատանքները կազմակերպելու առաքելությամբ՝ Ռոբերտ Ղուկասյանը գործուղվել է Սյունիքի մարզ։
Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշված էր՝ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում մնալու է հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը, սակայն նա Սյունիքում մնաց մեկ տարուց ավելի, որից հետո նշանակվեց մարզպետ։