«Ադրբեջանի կողմից կա հստակ իրականացվող համակարգային գրոհ Արցախի ուղղությամբ». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ վերջին 10 օրերի ընթացքում Ադրբեջանը և՛ Արցախի, և՛ Հայաստանի շփման գծի տարբեր ուղղություններով դիմում է տարբեր բնույթի սադրանքների, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ։
«Այս պահին պաշտոնական տեղեկություն չեն փոխանցում Արցախի համապատասխան կառույցները, սակայն կան որոշակի մտավախություններ ու վարկածներ։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել և, ըստ այդմ, տեղում իրավապահ մարմինների համապատասխան գործառույթների շրջանակներում աշխատանքներ իրականացնել, ապա բնական է, որ այս թեմայով վերջնական եզրահանգում դեռևս չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ պատգամավորի՝ հաշվի առնելով, որ գազատարի վերահսկողությունը հիմնականում գտնվում է ադրբեջանական զորքի տեղակայման վայրում, ապա մեծ է հավանականությունը, որ ադրբեջանական կողմից լինեն ահաբեկչական գործողություններ։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանագծի Երասխի հատվածում ադրբեջանական կողմից իրականացվել է ագրեսիա, որի արդյունքում հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր։
Թշնամին նաև Խրամորթ գյուղի և Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի, ինչպես նաև Թաղավարդ գյուղի հատվածում է տարբեր սադրանքների դիմում, որոնք սկսվում են հրազենային զենքերից արձակված կրակահերթերով, փոքր հրետանու ականանետի կիրառմամբ, ինչպես նաև հոգեբանական գրոհի իրականացմամբ, ինչն էլ արտահայտվում է բարձրախոսների միջոցով հայկական բնակավայրերի ուղղությամբ՝ մուղամների և զգուշացնող հայտարարություների տարածմամբ։
Այդ հայտարարությունների հիմքում դրված է հետևյալը, որ հայերը պետք է հեռանան այդ գյուղերից, քանի որ դա իրենցն է, հակառակ դեպքում՝ վաղ թե ուշ դա անելու են ուժի կիրառման միջոցով։
Դրանից զատ, ադրբեջանցի զինվորները հայտարարում են, որ վաղ թե ուշ մտնելու են գյուղ ու բոլորին կոտորելու են։ Ադրբեջանի կողմից կա հստակ իրականացվող համակարգային գրոհ Արցախի ուղղությամբ, որը ստանում է գրոհի տարբեր բնույթներ՝ ռազմականից մինչև հոգեբանական, այդ թվում՝ տնտեսական։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից այս ամենին որևէ արձագանք չկա»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում