Մտնում ենք նոր տուրբուլենտության փուլ

Ճգնաժամից դուրս չեկած՝ Հայաստանի տնտեսությունը մտնում է նոր տուրբուլենտության փուլ։ Այդ պայմաններում այս տարվա համար իշխանությունների ակնկալած 7 տոկոս տնտեսական աճի հույսերը կրկին հարցականի տակ են։ Էլ չենք խոսում 9 տոկոս տնտեսական աճի մասին, որը կապվում էր արտաքին բարենպաստ միջավայրի հետ։ Այս պահին արտաքին բարենպաստ միջավայրի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։

Հայաստանի տնտեսության զարգացումները բազմաթիվ թելերով շաղկապված են Ռուսաստանի հետ։ Դա վերաբերում է՝ ինչպես տնտեսական համագործակցությանը, այնպես էլ՝ իրացման շուկաներին։ Այս երկրին է բաժին ընկնում մեր արտահանման գրեթե 28-30 տոկոսը։ Ռուսաստանից են ստացվում տրանսֆերտների 40 տոկոսը, որոնք, սոցիալական բացի, ունեն նաև էական տնտեսական նշանակություն։ Դրանք գումարներ են, որոնք մտնում են տնտեսության մեջ՝ խթանելով տնտեսության շրջանառությունները։ Ներդրումների մեծ մասը ևս ունեն ռուսական հետագիծ։

Անիմաստ է սպասել, որ այս տարի ռուսական շուկայից ու Ռուսաստանի տնտեսությունից Հայաստան փոխանցվող ազդակները դրական կլինեն։ Ավելին, ռուբլու էժանացման հետևանքով կմեծանա ներմուծման ճնշումը։ Դա գուցե սպառողների օգտին է, բայց ի վնաս տնտեսության է։ Մեծանում է ճնշումը տնտեսության ու ներքին արտադրության վրա։

Փոխարենը, հակառակ ուղղությամբ ունենալու ենք դժվարություններ՝ կապված մեր արտահանման մրցունակության կորստի ու ռուսական շուկայում սպառողական պահանջարկի անկման հետ։

Սրանք խնդիրներ են, որոնք այս տարի Հայաստանի տնտեսության վրա են փոխանցվելու ռուսական շուկայից՝ պատժամիջոցների հետևանքով։

Բայց արտաքին միջավայրի հետ կապված խնդիրները միայն ռուսական շուկայով չեն սահմանափակվելու։ Դրանք զգացվելու են նաև այլ երկրների հետ հարաբերություններում։ Այն, ինչ ներկայումս տեղի է ունենում արտաքին միջավայրում՝ ամբողջությամբ ի վնաս տնտեսության ու տնտեսական զարգացումների է։

Դրանց ազդեցությունը շուտով կտեսնենք նաև տնտեսական ցուցանիշների վրա։

Արդեն կան նաև առաջին ազդակները. որոշ ուղղություններով դժվարացել, նույնիսկ դադարել է արտահանումը։

Հասկանալի է, դա վերաբերում է առաջին հերթին՝ Ուկրաինայի հետ առկա առևտրային հարաբերություններին։ Թեև այդ հարաբերություններում գերակշռողը ներմուծումն է, այնուհանդերձ երկուսուկես տասնյակ միլիոն դոլարի է հասնում նաև հայկական ապրանքների արտահանումը։ Հայաստանը Ուկրաինա է արտահանում տարբեր տեսակի խմիչքներ, սիգարետներ, սարքավորումներ, քաղցրավենիք և այլն։ Հիմա դրանց արտահանումը հարցականի տակ է։ Որքան երկար պահպանվի ռուս-ուկրաինական հակամարտությունը, այնքան կորուստներն այս հատվածում ավելի մեծ կլինեն։ Եվ ոչ միայն՝ արտահանման, այլև՝ ներմուծման առումով։

Հայաստանի ներմուծումներն Ուկրաինայից հասնում են տարեկան ավելի քան 143 մլն դոլարի։ Այն գրեթե 6 անգամ գերազանցում է արտահանմանը։

Ի տարբերություն արտահանման, որն անցած տարի կրճատվել է, ներմուծումն Ուկրաինայից ավելացել է գրեթե 16 տոկոսով։ Հայաստանն այդ երկրից ներկրում է տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ միս, խտացված կաթ, կարագ, մարգարին, հրուշակեղեն, սիգարետներ, անվադողեր, շինարարական նյութեր, պոմպեր, էլեկտրական սարքավորումներ և այլն։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով հիմա այդ ապրանքների ներկրումը հարցականի տակ է։

Հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունները, իհարկե, անհամեմատելի են հայ-ռուսականի հետ, բայց այստեղ էլ կորուստները կարող են զգալի լինել։ Հատկապես, որ հայտնի չէ, թե ինչ են մտածում իշխանություններն այս ամենից մեր տնտեսության վնասները մեղմելու մասին։ Առայժմ ամեն ինչ հայտարարությունների մակարդակում է։

Տնտեսական տարին, առաջին հայացքից թվում է, թե լավ էր մեկնարկել մեր տնտեսության համար։ Անցած տարվա 7,5 տոկոս անկումից հետո, այս տարվա հունվարին արձանագրվել է ավելի քան 15 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Բայց դա էլ ուրախանալու առիթ չէ, պարզապես իր ազդեցությունն է ունեցել իշխանության հայտնի էքսպերիմենտը։

Ինչպես հայտնի է, ամանորյա տոնական օրերն այս տարի անհամեմատ կարճ տևեցին։ Իշխանությունը հատուկ դրանք կրճատեց՝ ավելի բարձր տնտեսական աճ ստանալու համար։

Պարզ է, որ մի քանի հավելյալ աշխատանքային օրերը պիտի իրենց ազդեցությունը թողնեին հունվարի տնտեսական ցուցանիշների վրա։ Կար ժամանակ, երբ իշխանության ներկայացուցիչները փետրվարի նույնիսկ 1 ավել-պակաս օրվա մեջ էին փորձում արդարացումներ գտնել տնտեսության զարգացումների համար։

Հիմա խոսքը մի քանի օրվա մասին է, ու այն իր ազդեցությունն է ունեցել հունվարի տնտեսական ակտիվության վրա։ Բայց դա մեկանգամյա գործոն է։ Հաջորդ տարի այդ գործոնի ազդեցությունը կզրոյանա։

Մինչ այդ՝ փետրվարին արդեն ունենալու ենք լիովին այլ իրավիճակ տնտեսության մեջ։ Փետրվարի վերջից սկսված ռուս-ուկրաինական հակամարտությունը նոր մարտահրավեր է մեր տնտեսության համար։ Երկու տարի շարունակ մեր տնտեսությունը ոչ մի առաջընթաց չի ունեցել։ Իրական զարգացումների առումով հետ ենք մնում նույնիսկ 2019թ. մակարդակից։ Ենթադրվում էր, որ այս տարվա գոնե կեսերին կհաջողվի հաղթահարել այդ փուլը և ի վերջո դուրս գալ անկումից։ Հիմա էլ՝ այս իրավիճակը։

Տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառվում են, սպառնում են՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ բազմաթիվ երկրների տնտեսություններին։ Ընդ որում, ոչ միայն նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են Ռուսաստանի հետ, այլև նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները։

Պատժամիջոցները հարվածում են գլոբալ տնտեսությանը, իսկ ինչպես միշտ, ավելի շատ տուժում են նրանք, ովքեր անպատրաստ են նման իրավիճակներին։

Որ մեր իշխանությունները չեն կարողանում արդյունավետ արձագանքել տնտեսական դժվարություններին, մեկ անգամ արդեն տեսանք նախորդ ճգնաժամի ժամանակ։ Ի տարբերություն շատ երկրների, մեր տնտեսությունը դեռևս չի կարողացել հաղթահարել ճգնաժամի ամբողջ բեռը։ Նախորդ ճգնաժամի հետևանքները չհաղթահարած՝ այժմ տնտեսությունը կարող է հայտնվել նոր ճգնաժամի մեջ։ Ոչ մի նշանակություն չունի, որ հունվարին տնտեսական ակտիվության բարձր աճ ենք ունեցել. դա հաշվարկային կամ վիճակագրական աճ է և ուրիշ ոչինչ։

Իրական տնտեսության մեջ այնպիսի փոփոխություններ չեն եղել, որոնք բերել են նման ցուցանիշների։ Իսկ անցած մի քանի օրերին տեղի ունեցող իրադարձությունները պարզապես հերթական փորձությունն են լինելու տնտեսության համար՝ իրենց սոցիալական ծանր հետևանքներով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս