Նվիրումը` անմահություն… Արամ Բաբայան
2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Արամ Բաբայանը:
Արամ Մելսիկի Բաբայանը ծնվել է 1989թվականին, ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Սովորել է գյուղի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցում:
«2007-2009թթ. պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Հադրութի զորամասում: Այդ ընթացքում աչքի է ընկել իր ակտիվությամբ: Նա ամուսնացել և տեղափոխվել էր Բերձորի Լեռնահովիտ համայնք: Այստեղ զբաղվում էր անասնապահությամբ, իր ուժերով տուն էր կառուցել, ունի 2 անչափահաս երեխա: 2020 թ. սեպտեմբերի 27-ին նա Բերձորի զորամասից տեղափոխվել է Արա լեռ:
Մասնակցել Վարանդա-Կարախամբալուի մարտերին, որից հետո տեղափոխվել է Գյումուշապտու տեղամասը, որտեղից էլ Ամարաս. հենց այստեղ էլ ընկել է հերոսի մահով` թշնամու անօդաչու սարքի հարվածից, հոկտեմբերի 19-ին: Հանգչում է Ստեփանակերտի զինվորական պանթեոնում», – «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենիքի նվիրյալ Արամի քույրը` Թամարան:
Արամի այրին՝ Համեստ Մանուկյանն ասաց, որ ամուսինը մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն էր, ով սեփական կյանքը չխնայեց հանուն հայրենիքի և ընտանիքի անվտանգության:
«Ամուսինս իր էությամբ դրական, բարի, կամեցող, լուսավոր ու վեհ անձնավորություն էր: Նա կենսուրախ ու հավասարակշռված էր թե՛ շրջապատում, թե՛ ընտանքիում», – ասել է մեր զրուցակիցը: Արամ Մելսիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: