ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15մլրդ ՀՀ դրամ գումար
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և տվյալ քրեական գործին միացված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների և այլ գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը:
Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ որպես պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին, այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին: Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով: Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրյա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալների հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե:
Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 ՀՀ դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: