ՌԴ ռազմաօպերացիան Ուկրաինայում՝ խոշոր մարտահրավեր ՀՀ արտաքին քաղաքականության համար․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը

Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիան, որը վերջին ժամերին կենտրոնացել է մայրաքաղաք Կիևը գրավելու խնդրի վրա, լուրջ արտաքին քաղաքական խնդիրներ է ստեղծում ՀՀ-ի համար։

Հետպատերազմյան Հայաստանում դիվանագիտության չգոյության պայմաններում Ռուսաստանի շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակը, արևմտյան կոշտ պատժամիջոցները և Ռուսաստանի նկատմամբ մեկուսացման քաղաքականությունն արտառոց մարտահրավեր է Հայաստանի համար անկանխատեսելի հետևանքներով։ ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումից հետո ՀՀ ԱԳՆ-ն ի պատասխան հարցերի՝ արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Դոնեցկն ու Լուգանսկը, հայտարարեց, որ նման հարց ՀՀ օրակարգում չկա։

Իսկ նախօրեին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի իրավունքը՝ ներկայացված լինել կազմակերպությունում:

DW-ի փոխանցմամբ, Եվրախորհրդին Ռուսաստանի ներկայացվածության կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանը, դեմ են եղել, Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Նիկոլ Փաշինյանն իր հունվարյան առցանց ասուլիսի ընթացքում կարճ անդրադարձել էր ռուս-ուկրաինական հնարավոր լարվածությանը՝ նշելով, որ պայթյունավտանգ իրավիճակ է, որն իրենց հուզում է։

Նա ասել էր, որ շահագրգռված են, որպեսզի Ուկրաինայում իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։

«Հասկանալի է՝ շատ մեծ լծակներ չունենք այդ առումով, բայց, բնականաբար, ցանկացած իրավիճակում առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերին համապատասխան»,- հայտարարել էր Փաշինյանը։

Նա նաև հույս էր հայտնել, որ «եթե»-ներին բանը չի հասնի, և իրավիճակը չի սրվի մինչև ռազմական բախում։

168.am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ աշխարհում ստեղծված իրավիճակը՝ աշխարհակարգի փոփոխությունը, մարտահրավեր է բոլոր երկրների, հատկապես՝ փոքր և անկայուն անվտանգային համակարգ ունեցող երկրների համար։

Ըստ նրա՝ դա շատ վաղուց է սկսվել, և հատկապես Հարավային Կովկասը, Վրաստանը 2008 թվականից հետո շատ է խոսել այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Արևմուտքի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, որին հաջորդեց Ղրիմը, Դոնբասը, այսօր՝ Ուկրաինան ամբողջությամբ։

Վերլուծաբանը հիշեցրեց ռուս-վրացական պատերազմից առաջ ռուսական կողմից հնչող հայտարարությունները, որ Վրաստանը չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

«14 տարի է անցել, մարտահրավերները նույնն են, այսօր ավելի խորը, ավելի վտանգավոր, և այս տարիների ընթացքում Վրաստանը մոտեցել է ՆԱՏՕ-ի անդամակցությանը, սակայն անդամակցության փաստը տեղի չի ունեցել, դրանում նաև Արևմուտքի մեղավորությունը կա։ Այսօր կա հստակ իրավիճակ, որում յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ մեր տարածաշրջանի բոլոր երկրները, վստահ եմ, իրենց ազգային շահերն են փորձելու առաջ մղել»,- ասաց վերլուծաբանը։ Յուրաքանչյուր երկիր, նրա խոսքով, որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնի հարցերի մի ողջ համակարգ, կարողանա նաև երկարաժամկետ գնահատականներ տալ իրավիճակին։

Հայաստանում, նրա խոսքով, պետք է հաշվի առնեն, որ Ռուսաստանի շուրջ օղակը սեղմվում է, տարածություն չի մնում, որը նրան ստիպելու է ավելի սերտացնել բոլոր տեսակի կապերն իր ավանդական գործընկերների հետ, այս դեպքում մեր տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի ու, հնարավորության դեպքում, Թուրքիայի հետ։

Մյուս հանգամանքը, նրա խոսքով, այն է, որ պետք է հաշվի առնել սեփական անվտանգային ներկայի ու ապագայի իրողությունները, իսկ Հայաստանն այդ առումով, որքան էլ ցավալի է, տարածաշրջանում ամենաանկայուն իրավիճակում է, և հավելյալ ռազմաքաղաքական ցնցումներ հարկավոր չեն։

Վերլուծաբանի կարծիքով, հաշվի առնելով Հայաստանի սերտ գործընկերությունը Ռուսաստանի հետ և Ռուսաստանի շուրջ ստեղծվող իրավիճակը, չեզոքությունը կերաշխավորեր Հայաստանի համար հեռանկար, որ Արևմուտքի հետ ներկայիս դինամիկան չէր փոխվի, ինչը կարևոր է Հայաստանի համար։ Իսկ հակառակ դիրքավորումը, նրա համոզմամբ, Հայաստանին ևս կգցեր մեկուսացման և պատժամիջոցներից ավելի շատ տուժելու վտանգի տակ։

«Հայաստանի իրավիճակն այնպիսին է, որ ակտիվ դիվանագիտությամբ կարելի է Հայաստանի դիրքորոշումները բոլոր կողմերի համար ընկալելի դարձնել։ Թեև ներկայիս Ռուսաստանի դեպքում անհնար եմ համարում դիվանագիտության ավանդական գործիքները։ ԵԽ քվեարկությունը, չգիտեմ՝ ինչպես կընկալի նման ծանր իրավիճակում Արևմուտքը, միակ Հայաստանի օգտին խոսող հանգամանքը Հայաստանի իրավիճակն է, անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, սակայն նման տևական քայլերն ընկալելի չեն լինի, ՀՀ-ն պետք է լրջորեն ուսումնասիրի, թե որ իրավիճակում ինչպես պետք է դիրքավորվի՝ իր համար խնդիրներ չստեղծելու նպատակով, հատկապես, երբ ժամանակ առ ժամանակ հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության այլ հարցերը կարգավորելու նպատակով։ Վերջին կես տարվա ընթացքում ԵՄ-ն նաև կարգավորման հարցում է ակտիվ աշխատում։ Ուստի պետք է, կարծում եմ, աշխարհի համար նման բարդ պայմաններում ուժերի գերլարումով աշխատել»,- ասաց վրացի վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս