Արցախը բացակայում է. Հայաստանում չեն կանգնում թշնամու դեմ, ուզում են յոլա գնալ մնացորդներով. Համլետ Պետրոսյան

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում մնաց հսկայական մշակութային ժառանգություն, մասնավորապես՝ 2000 հուշարձան, այդ թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, արգելոցներ, 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար նմուշներով։

Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարեց, թե հատուկ կոմիտե է ստեղծում, որը քայլեր կձեռնարկի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված՝ հորինված հետքերը վերացնելու համար»։

Հայաստանի արտգործնախարարությունն էլ հրատապ անհրաժեշտություն համարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացումը՝ պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը, խոսելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում մնացած հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին, նշեց, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է հայերին իրենց պատմական հայրենիքից դուրս մղելուն։

«Այդ նպատակով մի դեպքում՝ հայկական ժառանգությունը համարում են ուդիական, մի դեպքում՝ ալբանական։ Ընդհանուր առմամբ՝ այս քաղաքականության նպատակն է՝ ջնջել հայերի մասին հիշողություններն այդ տարածքներից»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով, սակայն, պետական մակարդակով Ադրբեջանի այս հակահայ քաղաքականությանն ի պատասխան՝ տարվում է զգուշավոր քաղաքականություն, իսկ երբեմն էլ փորձ է արվում ինչ-որ բաներ պարզապես անտեսել։

«Բաց ճակատով հակառակորդի դեմ քաղաքականություն չեն վարում։ Իհարկե, նախարարությունը, միջազգային կառույցները հայտարարությունների տեսքով ինչ-որ բաներ անում են, բայց դա անում են անելու համար, թշնամուն պատասխաններ գրելու համար. բայց կրկնում եմ՝ արվում է ընդամենն արվելու համար, ինչը արդյունք չի տալիս։ Կա նաև մի փոքր գիտական և ակադեմիական շրջանակ, որը խորքային աշխատանք է անում, բայց այստեղ գիտելիքին է հղում արվում, ինչն այդքան մեծ ուժ չունի Ադրբեջանի բռնազավթման քաղաքականության դեմ, ուստի, եթե կարողանանք այդ քաղաքականությանը հակադրել մեր սեփական քաղաքականությունը, գուցե մի բանով հաջողենք»,- ասաց Պետոսյանը՝ ընդգծելով, որ ոչ երկրի վարչապետի կողմից, ոչ էլ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև հիմա ադրբեջանցիների կողմից իրականացվող քաղաքականությանը պատշաճ պատասխան և մշակույթի նկատմամբ սրտացավ վերաբերմունք չի տեսնում։

«Արցախի այս ծանր պայմաններում անգամ մենք չկարողացանք գիտաժողովներ ու ցուցահանդեսներ կազմակերպել. չեն կարողանում թշնամու դեմ կանգնել ու գրգռել, ուզում են յոլա գնալ մնացորդներով, ու արդյունքում՝ Արցախը բացակայում է։ Պատերազմից հետո Արցախի ու Արցախի մշակույթի վեաբերյալ կա զգույշ վերաբերմունք»,- ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս