«Արցախը մարտնչող երկիր է՝ հերոսության և տոկունության խորհրդանիշ է, և ի՞նչ, մենք պետք է վախենա՞նք թշնամու «երգերից»». Դավիթ Բաբայան
Թշնամին շարունակում է սադրանքների դիմել Արցախի Հանրապետության Խրամորթ գյուղի խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար։ Ադրբեջանցիները իրենց զբաղեցրած դիրքերից բարձրախոսով խրամորթցիներին կոչ են անում լքել գյուղը, քանի որ, իրենց ձևակերպմամբ, այն պատկանում է Ադրբեջանին։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին թշնամին կրակել էր դաշտում աշխատող խաղաղ բնակչի տրակտորի վրա՝ վնասելով այն։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով թշնամու սադրանքներին՝ նկատեց՝ իհարկե, Ադրբեջանը պրովոկացիաների մասնագետ է։
«Ադրբեջանի կողմից սպասելի են տարբեր պրովոկացիաներ, սակայն մարդիկ դրանք չպետք է հաշվի առնեն և չպետք է կուլ տան Ադրբեջանի խայծը։ Արցախում որևէ խուճապ չկա և չի էլ կարող լինել։ Պետք է լավ գիտակցենք, որ Ադրբեջանը փորձելու է դիմել տարբեր հնարքների, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում, փորձելով վհատեցնել արցախցիներին։ Սա ամեն վայրկյան է իրականացնում՝ սոցցանցերում, տարբեր հարթակներում, բայց սա չի նշանակում, որ նրանց խայծը պետք է կուլ տանք։ Ի վերջո, Արցախը մարտնչող երկիր է՝ հերոսության և տոկունության խորհրդանիշ է, և ի՞նչ, մենք պետք է վախենա՞նք թշնամու «երգերից»։ Ամեն ինչ վերահսկելի է, չպետք է անհանգստանալ, իրավիճակը կայուն է»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն Արցախում չի դիմի լայնածավալ ռազմական գործողությունների, դրա հավանականությունը շատ քիչ է, եթե գնա այդ քայլին, ապա դա նրա համար կլինի «ինքնասպանություն»։
«Քանի դեռ Արցախում կան ռուս խաղաղապահները, և կա Արցախի ոգին, արցախցիների հաստատակամությունն անկոտրում է։ Արցախը կանգնած է և կանգնելու է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։