Հայաստանը պե՞տք է ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը. Սուրեն Սարգսյանը պարզաբանում է

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ դեռ վաղ է ասել, թե ինչ հետաևանքներ կունենա Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը:

«Առաջիկա ժամերի ընթացքում մենք մոտավոր պատկեր կկարողանանք ունենալ, թե ինչ է կատարվելու: Մինչ ճանաչման փաստը խոսվում էր երկու սցենարի մասին՝ ճանաչում և ռազմական գործողություններ, որի արդյունքում ինչ-ինչ պրոցեսներ կարող էին տեղի ունենալ: Գնացին ճանաչման ճանապարհով, ինչը կանխատեսելի էր, որովհետև այս ճգնաժամը հանգուցալուծման տեղ չուներ: Ես բազմիցս ասել եմ, որ կողմերի կարմիր գծերն այնքան ընդգծված են, որ որևէ մեկը հետքայլ անել չի կարող»,- 168TVի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դիտարկմանը՝ կարծիք կա, որ սա իրականում Չինաստանի դեմ ուղղված ռուս-արևմտյան պայմանավորվածություն էր, և, որ Պուտինն այս քայլով տապալեց չինական «մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, որի շրջանակում Չինաստանը 2021թ. դրությամբ շուրջ 130 մլրդ դոլարի ներդրում է կատարել, նա արձագանքեց. «Երկու շատ գլոբալ պրոյեկտ կա, մեկը չինական ճանապարհը և գոտին է, երկրորդը՝ ամերիկյան և մեծ յոթնյակի կողմից նախաձեռնված ծրագիրն է, որի հիմնական նպատակը հակակշռելն է չինական ճանապարհի և գոտու նախագծին: Ամերիկյան այդ նախաձեռնությունը B3W է կոչվում, այն իրականում շատ ավելի արագ է ձևավորվելու և շատ ավելի մեծ ներդրումներ է նախատեսում, քան չինական պրոյեկտը: Ամերիկացիները նոր են դրա մասին հայտարարել, մեծ յոթնյակն էլ միացել է, այսինքն՝ սա 40 տրիլիոն դոլարի ներդրումներ է նախատեսում:

Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը, բնականաբար, ԱՄՆ-ի հետ Չինաստանի դեմ պայքարելու մարտավարությանը չի միանալու, որովհետև Չինաստանի հետ որքան ունի ընդհանուր շահեր, այդքան էլ ունի հակասություններ, և չմոռանանք, որ ընդամենը 20 օր առաջ երկու երկրների նախագահները հայտարարություն ընդունեցին, որը մեծ հաշվով մեսիջառատ տեքստ էր, ուղղված էր Վաշինգտոնին և Բրյուսելին: Իհարկե, կա հակասություն Չինաստանի և Ռուսաստանի միջև, բայց նաև ունեն ընդհանուր շահեր, որոնցից մեկը Վաշինգտոնի դեմ պայքարն է: Սա կարևոր է հասկանալ, որ 3 գերտերություններից ամեն մեկը կարող է մյուսի հետ համագործակցել՝ մյուսի շահերի դեմ, և հակառակը»:

Վլադիմիր Պուտինի երեկվա ուղերձի ամենակարևոր մեսիջը, նրա խոսքով, այն էր, որ հստակ ձևակերպումներ տրվեցին ռուսական շահերի, ռուսական ազդեցության գոտիների վերաբերյալ: Եթե չհաշվենք ներքաղաքական պրոցեսների վերաբերյալ Պուտինի գնահատականները, ամենակարևորը հենց այն էր, որ Պուտինն ըստ էության ասաց, որ ԽՍՀՄ-ը Ռուսաստանի կայսրության տրամաբանական շարունակությունն էր, և ազդեցության գոտիներն էլ, որոնք եղել են թե՛ կայսերական Ռուսաստանում, թե՛ ԽՍՀՄ-ում, շարունակում են մնալ Ռուսաստանի ազդեցության գոտիներ: Սա ամենակարևոր մեսիջն էր մեր և համաշխարհային հանրության համար»:

Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը, ըստ ռուսաստանցի օրենսդիրների, «հիմքեր կստեղծի արտաքին սպառնալիքներից և ցեղասպանության քաղաքականության իրականացումից» ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև «միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»։

Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա որևէ կերպ կարող է ազդել Արցախի հարցի կարգավորման վրա, թե՞ տարբեր երևույթների հետ գործ ունենք:

«Ընդհանրապես, Արցախի հարցում շատ դժվար է ասել, թե մենք ինչ կարող ենք կիրառել: Կիրառողը Հայաստանի իշխանություններն են, իսկ նրանց դիրքավորումն ու դիրքորոշումը Արցախի հարցի ապագայի վերաբերյալ շատ մշուշոտ է, բացի դրանից՝ ձգտում է ավելի դեպի հակահայկական դիրքավորում, քան պրոհայկական: Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունները դասեր քաղեն սրանից հենց Արցախի համար: Այլ հարց է, որ Արցախի իշխանությունները կամ Արցախի ԱԺ-ն կարող են փորձել պրոցեսներ գեներացնել ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլ նաև այլ օրենսդրական նախաձեռնությունների օրինակով: Այնպես որ, կարծում եմ՝ առաջիկա ժամերի ընթացքում մի քիչ ավելի հեշտ կլինի կողմնորոշվելը, տեսնենք, թե որ պետություններն են միանում Ռուսաստանին՝ Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչման գործում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ իսկ Հայաստանը պե՞տք է միանա Ռուսաստանին այդ հարցում, նա պատասխանեց. «Բարդ հարց է, թե Հայաստանն ինչ պետք է անի: Առաջին միացողը Բելառուսը կլինի, ինչը նաև ցուցիչ է: Պետություններ կան, որ հայտարարել են՝ պատրաստակամ են ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Շատ դժվար է ասել, թե Հայաստանն ինչ պետք է անի, որովհետև ադեկվատ արտաքին քաղաքականություն չունենալու պարագայում շատ դժվար է ասել՝ Հայաստանն ինչ պետք է անի: Ես վստահ եմ, որ մեր ռիսկերը, մեր հնարավորությունները չեն հաշվարկվել: Այսինքն՝ ինչ ենք մենք ուզում, մենք ուզում ենք, որ այդ օրինակը կիրառվի նաև Արցախի դեպքում»:

Միջազգայնագետը կարծում է, որ այնուամենայնիվ, Ռուսաստանը Հայաստանին կխնդրի ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը. «Նման խնդրանք Հայաստանի իշխանություններին եղել է նաև Աբխազիայի և Օսիայի պարագայում, և այն ժամանակ մեր իշխանությունները չգնացին դրան, որովհետև շատ տրամաբանական հիմնավորում ունեին, ասում էին՝ մենք նույնիսկ Արցախի անկախությունը չենք ճանաչում, ինչպե՞ս կարող ենք այլ երկրների անկախությունը ճանաչել: Սա մեզ օգնեց, որպեսզի մենք չկողմնորոշվենք այս կամ այն կողմ: Իսկ այս պահին, ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունն առավելապես հակված կլինի անել այնպես, ինչպես Ռուսաստանը, այսպես ասած՝ կխնդրի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս