Բաժիններ՝

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեռ չի տեղափոխվել «Պետական կամերային երաժշտական թատրոն»-ի շենք. ո՞րն է պատճառը

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվեց և միացավ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Գործադիրի նույն որոշմամբ՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Երևան քաղաքի Պռոշյան փողոց 1-ին փակուղի հ. 1 հասցեի 403,4 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած 0,056035 հա հողատարածքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրվել է «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին:

Ըստ այդմ՝ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ապահովվում է շենքային պայմաններով»:

Թատրոնի դերասանները տեղավորվել են տարբեր թատրոններում: Մի մասը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում է, մի մասը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մի քանի հոգի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում է, մեկ հոգի՝ Խամաճիկների, երկուսը՝ «Գոյ» թատրոններում են:

168.am-ի տեղեկություններով՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն»-ի շենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեռ չի տեղափոխվել, ուստի նվագախմբի լրատվական բաժնից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նոր շենք նվագախումբը դեռ չի տեղափոխվել՝ պայմանավորված վերանորոգման աշխատանքներով։ Եթե այո, ապա որքա՞ն են տևելու աշխատանքները, և դրանք իրականացվում են նվագախմբի՞, թե՞ պետական աջակցությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական բաժնից պատասխանեցին. «Կառավարության հետ ընթանում են քննարկումներ՝ հատկացված շենքի վերանորոգման և նվագախմբի փորձերի իրականացման համար անհրաժեշտ պայմանները ստեղծելու վերաբերյալ: Այն պետք է ծառայի՝ որպես լիարժեք մեծ փորձատեղ, պահեստ՝ գործիքների համար, և գրասենյակային տարածք: Այս պահին քննարկվում են թե նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման, և թե դրանց հիման վրա հետագայում շինարարության ու գույքային վերազինման հարցերը»:

Հիշեցնենք, որ թատրոնները միացնելու որոշում էր կայացվել կառավարության 2021թ. սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ. հարցը չզեկուցվող է եղել։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն էր տարածել` նշելով, որ թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն գործունեությանն անհրաժեշտ միջավայրի ձևավորումը։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ Կամերային երաժշտական թատրոնը հեռացել է իր կանոնադրական նպատակներից և չի տիրապետում երաժշտական թատրոնի գործունեությանն անհրաժեշտ ստեղծագործական և տեխնիկական բաղադրիչներին. թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ և պարային խումբ, որոնք, սակայն, ունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Այսպիսով, միավորումը Կամերային երաժշտական թատրոնին ոչ միայն կազմալուծվելու վտանգի առաջ չկանգնելու, այլև ստեղծագործական գործունեությունը բարենպաստ պայմաններում շարունակելու հնարավորություն է տալիս: Արդյունքում՝ կբարձրանա թատրոնների գործունեության արդյունավետությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս