Բաժիններ՝

Հնարավորություն չտվեցին, որ մենք որոշենք. Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասաններին տարբեր թատրոններ են ուղարկել

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն՝ «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվեց  և միացավ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Եվ այն խոսակցությունները, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն աշխատանքի կվերցնի այն դերասաններին, որոնց իրենք կընտրեն, կարծես թե իրականություն է դարձել:

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեղավորվել են տարբեր թատրոններում, ու պայմանավորվածությունը դեռևս բանավոր է: Մի մասը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում է, մի մասը՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մի քանի հոգի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում է, մեկ հոգի՝ Խամաճիկների, երկուսը՝ «Գոյ» թատրոններում են:

«Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում աշխատանքի վերցրել են այն դերասաններին, որոնց իրենք են ուզել, մնացածին էլ տարբեր թատրոններ են ուղարկել: Դեռ հաստիքների բաշխում չի եղել: Հնարավորություն չտվեցին, որ մենք որոշենք: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ասել են, որ ինչպես եղել է, այդպես էլ շարունակվելու է: Բայց դե, չհասկացանք, թե ով և ինչպես որոշեց, թե ով որտեղ պետք է գնա: Գոնե կարող էին մեզ հնարավորություն տալ, որ ընտրեինք, կամ հարցնեին՝ կուզե՞ք այս կամ այն թատրոն գնալ: Այն վերաբերմունքը, ինչին արժանացանք, հաստատ արվեստագետին հարիր վերաբերմունք չէր»,- նշեցին դերասանները:

Ավելի վաղ զրուցել էինք նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի հետ:

«Իմ կարծիքն ասեմ: Դերասանը, ստեղծագործող մարդը, եթե ունի շնորհք՝ պահանջված է լինում: Մեր և տարբեր թատրոններում ունենք դերասաններ, որ չորս տեղ աշխատում են զուգահեռաբար. մեկ օր՝ մեզ մոտ, մեկ օր, ասենք, Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հրավիրում են նաև հեռուստատեսություն և այլն: Դերասանը, ով մի քիչ շնորհք ունի, երբեք անգործ չի մնա: Ինչ վերաբերում է դերասաններին ընտրողաբար ընտրելուն, այսինքն՝ բոլորին պայմանական ընդունեցինք, վերջիվերջո, զբաղվածություն պետք է ապահովվի, չէ՞: Իսկ շնորհքով մարդն ունենում է զբաղվածություն»,- ասել էր Կարո Շահբազյանը:

Թատրոնի տնօրենն ընդգծել էր՝ այստեղ կա նաև ժանրային խնդիր: «Մերը երաժշտական կոմեդիայի թատրոնն է, դեմ չեմ, իրենցն էլ Կամերային երաժշտական թատրոնն է: Բոլորի մասին մտածելու ենք: Օրինակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը երեք դերասան ուզում է, Տիկնիկային թատրոնը՝ չորս, քանի որ երեկոյան ներկայացումներ ունի նաև մեծերի համար: Երկու հոգու Խամաճիկների թատրոնն է ուզում, մեկ հոգու՝ «Գոյ» թատրոնը, և դա առավելություն է: Այսինքն, սա գործընթաց է, որն արվում է: Մենք այս պահին ունենք 40-ից ավելի դերասան, եթե Կամերային երաժշտական թատրոնի բոլոր դերասաններն էլ գան, ֆիզիկապես բոլորին զբաղվածություն, ուզենք էլ՝ չենք կարողանա ապահովել»,- հավելել էր Կարո Շահբազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս