Իր մեջն առնելով Ազրբեյջանը, Թուրքիան կհաստատվի Կասպից ծովի ափերի վրա ու ծովով կկապվի Անդրկասպյան ցեղակից Թուրքիստանի հետ. Հովհաննես Քաջազնունի
Վերջին տարիներին մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները շատերի համար թվում են ինչ-որ նոր դեպքեր, սակայն գոնե հայոց պատմությանը փոքր-ինչ ծանոթ մարդիկ կարող են փաստել, որ դեպքերը, իրադարձությունների զարգացման սցենարները կարծես թե նախորդ դարասկզբին իրականացված գործողությունների ու պատմական ընթացքի կրկնությունը լինեն։
Վերջին շրջանում Թուրքիան սկսել է ավելի շատ խոսել Մեծ Թուրանի մասին։ Այդ խոսակցությունները հատկապես մեծ ընթացք ստացան Արցախի վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը կարողացան իրականացնել իրենց վերջին տասնամյակների երազանքը։ Արդյունքում՝ Հայաստանի ողնաշարը նեղացնելով՝ նրանք հասան իրենց համար ցանկալի վիճակի, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի միացմանը պակասում է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր։ Այս կետում միայն հայ հասարակության մի հատվածը սկսեց հասկանալ՝ Արցախի, իսկ հետո նաև՝ Սյունիքի անվտանգային կարևորությունը Հայաստանի համար։
Այս իրադարձությունների հետ մեկտեղ՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին ավելի հաճախ խոսել մեկ ազգ, երկու պետության մասին։ Սրանք, թերևս, պատմության կրկնությունն են, քանի որ այս գաղափարներն ու սցենարներն իրականացվում են դեռ նախորդ դարից։ Հատկանշական է, որ կարդալով Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թէ Ռուսաստան» աշխատության Ադրբեջանին և Թուրքիային վերաբերող հատվածները, հասկանալի է դառնում, որ Քաջազնունին ընդգծում է Թուրքիայի նպատակները, վարած քաղաքականությունն ու Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ստեղծման ու գործունեության բուն նպատակը։ Ընթերցելով այդ հատվածները՝ հասկանալի է դառնում, որ տարածաշրջանում, մեր թշնամիների քաղաքականությունում և, ցավալիորեն, մեր ազգային ու պետական բնավորության մեջ գրեթե ոչինչ չի փոխվել։
Ստորև ներկայացնում ենք Քաջազնունու աշխատության կարևոր հատվածները, որոնք վերաբերում են Թուրքիային, Ադրբեջանին և նրանց վարած քաղաքականությանը.
«Այս փոփոխությունների հետևանքով Թուրքիան բաժանված է այսօր Նախիջևանից միմիայն Արաքսի հոսանքով, իսկ Նախիջևանը բաժանված է Ազրբեյջանից միմիայն հայկական Զանգեզուրի մի շատ կարճ անցքով։ Ալեաթ-Ջուլֆա երկաթուղային գիծը, որ ավարտելու վրա է այսօր, կներկայացնե այդ վերջին բաժանումը ևս ու Բաքուն ֆիզիկապես կկապի Նախիջևանի, ուրեմն և Անգորայի հետ։
Միամտություն կլիներ կարծել, թե մի պատահական դասավորումն է սա, անակնկալ դեպքերի անակնկալ հետևանքով։ Եթե չասեմ էլ, թե կանխամտածված և պատրաստված ծրագիր է սա` այնուամենայնիվ շատ որոշակի արտահայտած քաղաքական tendence է։
…Ո՞ւր է տանում այս վերադարձը և` զարգանալով ո՞ւր է բերելու Թուրքիան։
Առաջին հերթին Ազրբեյջան։
Թերևս ավելի ճիշտ լիներ, եթե ասեի հոգնակի Ազրբեյջաններ, որովհետև բացի Անդրկովկասյանից, կա նաև պարսկական Ազրբեյջան, որը նույնքան գայթակղեցուցիչ է Թուրքիայի համար։
…Թուրքիան աչք ունի Ազրբեյջանի վրա։ Պատճառները միանգամայն հասկանալի են։ Ազրբեյջանը` իր ավելի քան երկու միլիոն թուրք ազգաբնակչությունով` ազգային-պետական տեսակետից շատ կարևոր հավելումն է Թուրքիայի համար։ Այն Թուրքիայի, որ ինքը հազիվ հինգ-վեց միլիոն թուրք ունի ամբողջ Անատոլիայի մեջ։ Սա մեկ։
Երկրորդ. իր մեջն առնելով Ազրբեյջանը, Թուրքիան կհաստատվի Կասպից ծովի ափերի վրա ու ծովով կկապվի Անդրկասյան ցեղակից Թուրքիստանի հետ։
Երրորդ. Ազրբեյջանը ունի այնպիսի մի հսկայական հարստություն-Ապջերոնեան թերակղզու (Բաքվի) նավթը, որը կարող է շլացնել ոչ միայն Թուրքիայի պես աղքատ ու սնանկ, այլև ամեն մի ուրիշ պետության անկուշտ աչքը։
Ակնկալություն կա։ Իսկ հնարավորությո՞ւն… Կարո՞ղ է Թուրքիան տիրել Ազրբեյջանին։
Միակ արգելքը (շատ խոշոր արգելք, հարկավ) Ռուսաստանն է։ Ազրբեյջան ինքը պատրաստ է գրկաբաց ընդունել Թուրքիային։
Ապացույց` իր բռնած դիրքը պատերազմի ընթացքում ու մանավանդ նրա վերջին շրջանում։ «Մուսավաթ» կուսակցությունը, ունևոր դասերի և սրանց հետ կապված մտավորականների դրոշակակիրը, որ մոտիկ անցյալում միահեծան տեր էր Ազրբեյջանի և անդրկովկասյան ամբողջ թրքության առհասարակ, իրոք ուրիշ չէր, քան Թուրքիայի ավանգարդը մեր երկրում։ Եթե այսօր չի լսվում «Մուսավաթի» ձայնը, դա չի նշանակում, թե հոսանքը գոյություն չունի այլևս. Հենց որ վերանա կամ թուլանա Ռուսաստանի զսպիչ ազդեցությունը, նույն հավատի մարդիկ (գուցե մի ուրիշ անվան տակ) նորից իջնելու են ասպարեզ և նորից աշխատելու են բանալու Անդրկովկասի դռները Թուրքիայի առջև»» (Հատվածը վերցված է Հովհաննես Քաջազնունու «Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թէ Ռուսաստան» գրքից։ Պուքրեշ, 1924 թվական, էջ 19-20):
Զ. Շուշեցի