Հայկակա՞ն, թե՞ անցումային արդարադատություն
44-օրյա պատերազմի պատճառները հետաքննող անկախ մարմնի ստեղծումն ու գործարկումը եղել և մնում է մեր երկրի քաղաքական վերնախավի գլխավոր մարտահրավերը։ Նման քաղաքական գործընթացի հիմնական նպատակը ազգային աղետի՝ պատերազմի և պարտության հիմնական իրողությունների, պատճառների և, բացթողումների, տապալումների վերհանումն է, խորքային անաչառ վերլուծությունը, և իհարկե՝ երկարաժամկետ հետևությունների անհրաժեշտությունն է։ Տարբեր օղակների պաշտոնատար անձանց պատասխանատվության աստիճանի օբյեկտիվ գնահատումն է ու որոշումը, պատմական արդարության վերականգնումը։ Սա մարտահրավեր է բոլորի համար՝ և՛ այսօրվա գործող իշխանությունների, և՛ ընդդիմության, և վաղվա իշխանսությունների և ներկա ու հաջորդ սերունդների համար։
Իշխանությունները պետք է կամք ունենան՝ ստեղծելու բոլոր անհրաժեշտ պայմանները օբյեկտիվ և անաչառ հետաքննության համար, այդ թվում՝ պատժվելու ներքին պատրաստակամություն: Իսկ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի պատասխանատվություն ստանձնել ազնիվ և համապարփակ հետաքննության համար։ Այդ գործընթացում ամենամեծ վտանգներն են պոպուլիզմը, վաղաժամ մեղադրանքները և հետաքննության գործընթացի քաղաքականացումը: Անհրաժեշտ է չտրվել քաղաքական շահարկումների գայթակղություններին։ Պետք է հասկանալ, որ նման հետաքննության հիմնարարությունն ու օբյեկտիվությունը երաշխիք է դրա շարունակման իրավական հարթությունում, նրա եզրակացությունները հաշվի առնելու ապագայում զինված ուժերի զարգացման և պետության արտաքին քաղաքականության ոլորտում, հասնելու ողջ հայ ժողովրդի հաշտեցմանը և համախմբվածությանը։
Պետք է հիշել, որ մշտական կասկածները ու անվստահությունը կկանխորոշեն երկրում ներքաղաքական գործընթացների բովանդակությունը և կստեղծեն նոր պարտությունների նախադրյալներ։ Դրանք անխուսափելի կլինեն առանց հանրության մեծամասնության ներքին համոզման, որ արդարությունը հաղթել է։
2018 թվականին, այսպես կոչված, անցումային արդարադատությունը դարձավ ներքաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ Ի սկզբանե շատերի համար ակնհայտ էր, որ անցումային արդարադատության գաղափարը արհեստականորեն ներմուծվել է Հայաստան։ Այն չէր հետապնդում իր հիմնական նպատակը՝ հանրային ներդաշնակություն ու համերաշխություն հաստատելը և հասարակության մեջ զարգացման նոր պայմաններ ստեղծելը: Դա պարզ դարձավ, երբ սկսվեցին ինտենսիվ բաժանումները սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների։ Ես պնդում եմ, որ այսպես կոչված անցումային արդարադատությունը Հայաստանում միշտ ունեցել է հստակ աշխարհաքաղաքական երանգավորում, և դա միայն ժամանակի հետ հաստատվել է։
· Հիշեցնեմ, որ նման արդարադատության թեմաներ էին ընտրվել 2008թ. մարտի 1-ի դեպքերը, խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան պատճառները, Երևանի քաղաքաշինական ծրագրերի իրականացման ընթացքում քաղաքացիների գույքային խնդիրները, ապրիլյան պատերազմը, ինչպես նաև դատավորների վեթթինգը։
· Եվ որպես անցումային արդարադատության հիմնական նախադրյալ՝ նշվել է, որ երկրում քաղաքական իշխանափոխությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծել այս վիճահարույց թեմաների օբյեկտիվ, ազնիվ և ամբողջական քննության համար։ Այսինքն՝ նախկինները չէին կարող իրենք իրենց հետաքննել։
Շատերի համար ակնհայտ է արդեն անցումային արդարադատության հաստատմամբ ինչ ստացվեց մեր երկրում՝ 44-օրյա պատերազմ, հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, Արցախում տարածքային կորուստներ, պետության ոտնահարված տարածքային ամբողջականություն և այլն։ Բացի դրանից, կարելի է ասել, որ ի հայտ եկավ հանրային ներդաշնակության հասնելու հայկական ուրույն ուղին. հիմնարար ազատությունների սահմանափակման և ընդդիմության դեմ պայքարի միջոցով։
Այնպես որ, իշխանությունների անցումային արդարադատության տրամաբանության մեջ հասարակության և ողջ ժողովրդի կյանքում տեղի ունեցող վիճահարույց իրադարձությունները չեն կարող հետաքննվել այն իշխանությունների կողմից, որոնց օրոք դրանք տեղի են ունեցել։ Դա շատ պարզ է: Ուստի, ընդդիմության համար 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննելու իրավիճակից ելքը կա՛մ սպասել (հասնել) երկրում քաղաքական իշխանափոխության և հետո հետաքննություն անցկացնելն է, կա՛մ սեփական՝ հանրային հետաքննության գործընթաց սկսելը։ Հիշեցնեմ, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը հետաքննելու համար ստեղծվեց, այսպես կոչված, անկախ փաստահավաք խումբը, իսկ ապրիլյան պատերազմը հետաքննող մարմինը ձևավորվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո:
Այսպիսով, քաղաքական մեծամասնության կողմից նախաձեռնված և վերահսկվող հետաքննությանը չմասնակցելը տեղավորվում է իրականացվող անցումային արդարադատության տրամաբանության մեջ և առաջարկվող ձևով չի կարող երաշխավորել պատմական արդարության և հանրային համերաշխության հաստատումը։
Արմեն Գևորգյան
ՀՀ ԱԺ պատգամավոր