«Այս իշխանությունը նպատակ ունի՝ երկիրը փաթեթավորի, տա թշնամուն, իրենք էլ նրա մոտ ժամանակավոր կառավարություն աշխատեն». Աշոտ Սևյան
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին՝ ընդգծելով, որ քանի դեռ ներկայիս իշխանությունն է կառավարման ղեկին, հանձնաժողովի աշխատանքները չեն կարող օբյեկտիվ լինել, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Գեղամ Նազարյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին հանձնաժողովի նիստը։
168.am-ի հետ զրույցում Ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարցի Աշոտը, անդրադառնալով հանձնաժողովի ստեղծմանը՝ նկատեց՝ որևէ սպասելիք չունի հանձնաժողովից։
«Իշխանությունն այդ հանձնաժողովի միջոցով հերթական անգամ շոու կկազմակերպի, ես որևէ լավ բանի չեմ սպասում։ Հասկանո՞ւմ եք, սրանք ժամանակ ձգելու, մարդկանց հիասթափեցնելու համար քայլեր են անում, այլ խոսքով՝ ամբողջ Հայաստանը սարքել են թատերաբեմ»,- նշեց Աշոտ Սևյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, թե Ադրբեջանի հայտարարություններն ամպագոռգոռ են, սակայն քայլերը դրական են, Աշոտ Սևյանն ասաց, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց նպատակներին հասնելու համար իրար հետ համաձայնեցրած գործում են ընդդեմ Հայաստանի։
«Փաստ է, որ այսօրվա այս իշխանություններն էլ ոչ մի քայլ չեն անում, դե, իրենք պարտված իշխանություն են, և իրենց պարտությունը շարունակվում է։ Դե, հասկանում եմ, այս իշխանության օլիգարխները գործարքներ կանեն թշնամու հետ, ու իրենց դհոլ-զուռնայով կդիմավորեն։ Այս իշխանությունը նպատակ ունի՝ երկիրը փաթեթավորի, տա թշնամուն, իրենք էլ նրա մոտ ժամանակավոր կառավարություն աշխատեն»,- շեշտեց Աշոտ Սևյանը։
Ըստ նրա՝ ՀՀ ներկայիս իշխանությունն արդեն ամբողջովին հրաժարվել է Արցախից, «բանավոր այն արդեն տվել է թշնամուն», հիմա էլ ցանկանում է կոտրել Հայաստանի ողնաշարը։
«Մենք շատ շուտով այդ ամենը կտեսնենք՝ Սյունիք, Վարդենիս, Կրասնի, այս շրջանների վրա է թշնամին ճնշումներ գործադրելու, ու սրանք էլ տալու են։ Այսօր պարտված իշխանությունը պատրաստ է ամեն ինչ տալու, միայն թե շարունակեն մնալ իրենց աթոռներին։ Սրանք գիտեին, որ եթե «Եռաբլուրի» տղաները մնային՝ պատերազմից հետո գալու էին ու իրենցից պատասխան պահանջեին, դրա համար տարան, բոլորի գլուխները կերան։ Հիմա կա պայքարող մասսա, բայց նրանք էլ նայում են կողքիններին ու հիասթափվում են։ Բայց պետք է զարթոնք լինի, շարժում սկսվի։ Հիմա ԱԺ-ում էլ ընդդիմության կողմից միայն խոսելով՝ որևէ բան չի փոխվի, մեկը մյուսին մեղադրելով՝ հարց չի լուծվում, դրանով ժողովրդի վիճակը փոխվելո՞ւ է։
Հավատացեք, ինքս փորձել եմ մի քանի անգամ սկսել այդ շարժումը, գալիս- հավաքվում են, գալիս ընդհանուր եզրակացության, որ պետք է բողոքի ակցիաներ արվեն, բայց հետո գնում են։ Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ մարդկանց վրա բոլոր առումներով աշխատում են, փորձում են ճնշումներ անել։ Այսօր մարդիկ միայն խոսում են, որևէ արդյունք չկա։ Երբ մարդկանց հետ խոսում եմ, ինձ ասում են՝ Աշոտ, ի՞նչ ես ուզում, դու տուն ես կորցրել, ուզում ես, որ մենք էլ կորցնե՞նք, հասկանո՞ւմ եք՝ մարդկանց ցածր գաղափարները, մակարդակը։ Դե, բացատրում եմ, որ այսօր ոտքի չկանգնեցին՝ վաղն էլ իրենք են կորցնելու։ Հարցը տունը չէ, հարցն այն է, որ մեր 30 տարվա արյունը մարդիկ մեկ գրիչով վաճառեցին, մեր պատմությունը ջնջեցին։ Բայց այդ 30 տարին առանց ոտքերի ու հաշմանդամ եմ եղել, մարմնիս մասերը ես եմ նվիրել»,- ընդգծեց ազատամարտիկը։
Նրա խոսքով՝ 1988 թվականին հնարավոր եղավ ժողովրդին ոտքի հանել, քանի որ կար ազգային գաղափարախոսություն, կար Վազգեն Սարգսյանը, կար ազգային մտածելակերպով ղեկավարություն։
«Այսօր ՀՀ ղեկավարությունը՝ սկսած կառավարությունից մինչև ԱԺ, ովքե՞ր են։ Բանակից ինչքան փախած մարդ կա, դասալիք կա՝ իշխանության են։ Այնպես չէ, որ 1988 թվականին բոլոր կանգնել էին, ամբողջ շարժումը, պատերազմին երևի կանգնած է եղել 50.000 մարդ, մնացածն այն ժամանակ էլ, եթե այսօրվա իրականությամբ նայենք, ֆեյսբուքում էին, ստատուս էին գրում։ Այն ժամանակ մեր բախտը բերեց, որ Վազգեն Սարգսյանը պետականամետ էր, շարժումը միս ու արյուն ստացավ։ Եթե այսօր նորմալ մարդ լինի, ազգային մտածելակերպով, այս օրին կլինե՞նք։ Մեր դժբախտությունն այն է, որ մեզ վերածել են ամենաստոր մարդկանց, ազգային արժանապատվություն չկա, բայց ինչ էլ լինի, եթե ես ու իմ նման տղաները գնանք, սրանցից 10-15 հոգի հետները կտանեն, վախենալու բան չունենք։ Իրենք թող մտածեն, ինչ ունեինք տալու՝ տվել ենք, կորցնելու բան չունենք»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։