Բաժիններ՝

250 հոգու աշխատանքից զրկում ենք՝ 100-ին մի քանի տարի հետո հնարավոր աշխատանքի ընդունելու համա՞ր. գիտաշխատողներն ահազանգում են

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել: Ընկերությունը գույքը ձեռք է բերել է 2019 թվականի մայիսին։

Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրը վտանգի տակ է դնելու կենտրոնի գոյությունը:

«Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանի փոխանցմամբ՝ այդ համալիրը գտնվելու է գործող 5 մասնաշենքի կենտրոնում, ու եթե բնակելի շենք է կառուցվելու՝ վաղը բնակիչները բողոքելու են:

«Դու բնակչին չես կարող բացատրել՝ ասելով, թե՝ գիտե՞ս, այդ հոտերը որ առնում ես՝ անվտանգ են կամ՝ ոչ: Հոտ են զգալու, բողոքելու են, ու այդ ժամանակ ինստիտուտն է փակվելո՞ւ, թե՞ բնակելի շենքն են քանդելու: Անհամատեղելիությունն ի սկզբանե գալիս է այդտեղից»,- «Մեդիա կենտրնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ՝ երկու օր է, ինչ ինստիտուտի տարածքում հորատացման աշխատանքներ են կատարվում, ու արդեն աշխատել չի լինում: Վաղը որ էքսկավատորներն աշխատեն, ձայնը, վիբրացիան ի՞նչ վնասներ կհասցնեն: Ոչ ոք դա չի գնահատում: Դա հաստատ վնասելու է ինստիտուտին»,- հավելեց «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրենը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին նշեց, որ ինստիտուտում կան սարքավորումներ, որոնք զգայուն են փոշու, ցնցումների նկատմամբ, բացի այդ՝ վտանգված է իրենց ամենօրյա աշխատանքը:

«Հազիվ ենք կարողացել պետության աջակցությամբ այդ սարքը գնել ու ևս մեկը պատրաստվում ենք գնել, որը նույնպես եզակի սարք է մեզ համար: Եվ այդ փոքր ներդրումները, որ վերջապես պետությունը սկսել է անել, ուզում են մեկ հարվածով վերացնել: Անհասկանալի է. գիտությունը հայտարարվել է՝ որպես գերակա ուղղություն, մի ձեռքով կառավարությունը փորձում է աջակցություն տրամադրել, մյուս ձեռքն էլ ոնց որ չգիտի, թե ինչ է անում: Քայլերը պետք է քննարկվեն բոլոր գերատեսչությունների կողմից, հետո նոր վերջնական որոշում կայացվի: Դեռ նույնիսկ շինթույլտվություն չեն ստացել, բայց արդեն աշխատանքներ են սկսվել: Ինստիտուտների տարածքը եղել է 16 հեկտար, հիմա մնացել է 6 հեկտարը: Երկու մասնաշենք օտարվել է: 400-500 աշխատողից մնացել է 200 քանի աշխատող: Էլ ո՞ւր: Եթե վերացնելու ենք քիմիան, լավ, եկեք փակենք, ամբողջ տարածքում բազմահարկեր կառուցենք: Բայց եթե որոշել եք աջակցել գիտությանը, մինչև վերջ պահեք այդ ուղին»,- նկատեց Աստղիկ Շահխաթունին:

Արփինե Հարությունյանը, ով նույնպես կենտրոնի ավագ գիտաշխատողներից է, հայտնեց, որ Քաղաքաշինության կոմիտեն 2021թ. իրենց տրամադրել է համապատասխան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ թույլտվության իրավունք չէր կարող լինել, քանի որ 30 մետր հեռավորությունը չէր պահպանվել:

«Եթե խոսվում է 100 աշխատատեղի մասին, ապա ներեցեք, 250 հոգու աշխատանքից զրկում ենք՝ 100-ին մի քանի տարի հետո հնարավոր աշխատանքի ընդունելու համա՞ր (նկատի ունի նոր կառուցվելիք համալիրում շինաշխատանքներ անողներին.- Ա.Կ.): Տրամաբանություն չկա, համագործակցության հատված չկա: Իսկ պետության համար գիտությունը գերակա ճյուղ համարելուց հետո քայլերի հաջորդականությունը բացարձակ տրամաբանական չէ»:

168.am-ը հետաքրքրվեց՝ 2007 թվականից է խնդիրը ծագել, այդ ժամանակվանից այս մասին բարձրաձայնել են, և ի՞նչ են պատասխանել, ու 2022թ. փետրվարի 14-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունեց ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին, ի՞նչ եզրահանգման եկան, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց.

«2007 թվականին վաճառվել է ընդամենը 1 միլիոն դրամ արժեքով, որը մեկ տարի հետո վաճառվել է մոտավորապես 300 միլիոն դրամով, որը հետո վաճառվել է նույն հասցեում վերագրանցված անձանց, իսկ 2018 թվականին քրեական գործ է հարուցվում, որի ժամանակ պարզվում է, որ ամեն դեպքում ապօրինի է եղել գործարքը:

Պարզապես պետությանը հասցված վնասն է վերականգնվում, գործը կարճվում է՝ վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով:

Այսինքն, կարելի է ասել՝ շատ սիրուն դասավորված է ՀՀ օրենսգիրքն այդ տեսակի հանցագործություններ անելու համար: Պետք է պարզապես հանցագործություն անել, մի 10 տարի ձգձգել, և հանցագործությունդ էլ հանցագործություն չէ: Հիմա ինստիտուտի հարցերը ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո չեն: Փաստացի կա հողի օրինական սեփականատեր, որը հարցերը լուծում է քաղաքապետարանի հետ: Պատերազմի ընթացքում մենք շատ արագ կարողացանք ռազմաճակատի համար ապահովել շատ կարևոր դեղամիջոցի արտադրություն: Այդ ամեն ինչը պարզապես մենք կորցնելու ենք՝ «ներդրման» հետևանքով: Այսպես բզկտելով՝ ո՞ւր կարող ենք հասնել, չգիտեմ»:

Արփինե Հարությունյանի փոխանցմամբ՝ կառուցապատողին առաջարկվել է ընտրել այլ տարածք ու հեռու մնալ գիտական տարածքներից, և դա միակ տարբերակն է:

«Քանի դեռ Հայաստանում նմանատիպ այլ կառույցի ստեղծման հնարավորություն չկա, ուրեմն գոնե եղածը չպետք է քանդվի»,- ընդգծեց Արփինե Հարությունյանը:

«Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրենն էլ շարունակեց՝ ասելով, որ երկու տաբերակ կա. Կա՛մ պետությունը կամք դրսևորի, հետ գնի, կա՛մ էլ այլ տարածք է առաջարկվում, հակառակ դեպքում ինստիտուտին անդառնալի վնաս է հասցվելու:

«Մարդ պետք է անհայրենիք լինի, որ թույլ տա այդտեղ բնակելի շենք սարքել»,- նշեց Ռոբերտ Հակոբյանը:

Հավելենք, որ հարցի առնչությամբ պարզաբանմամբ հանդես է եկել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը՝ նշելով, որ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է: Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավելի աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաև երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ:

Նշենք, որ խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ ասաց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ-ն 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս