«Մի քանի տարի առաջ էի գրել, ոչինչ չեմ հորինել, չեմ գեղեցկացրել․․․»․ Տիգրան Հակոբյան
ԳՐՈՂՆ ՈՒ N 21 ԲԱՆՏԱԽՈՒՑԸ
Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի (քուչի լեզվով ասած՝ «բերդի») N 21 բանտախցում հատակին մեխված էին վեց երկհարկանի «շկոնկա» կոչվող նեղլիկ երկաթյա մահճակալներ: Այդ տասներկու «շկոնկեքի» վրա հերթով քնում-արթնանում էինք թվով տասնինը կալանավորներս: Գիշերն ու ցերեկն այստեղ խառնվում էին՝ նույն աղմուկը, ձայնը «քոքած» հեռուստացույցը, թեյնիկի խշշոցը: Խոնավությունից կանաչած լարից կախված գիշեր-ցերեկ աչք էր ծակում 100 վատտանոց լամպը: Եթե կեսօրին աչքդ կպնում էր ու էդ «շկոնկեքից» մեկն ազատ էր՝ հանգիստ կարող էիր ոտքերդ ձգել անկողնու վրա և ինքդ քեզ անձնական գիշեր պարգևել: 15 մետրանոց բանտախցի բնակիչ դառնալու երրորդ-չորրորդ օրը սովորում էիր վայրկյանական քնել Սպիտակցի Հայկոյի հոգետանջ կլկլոցների ու տափակ կատակների վրա խցակիցներիդ հռհռոցի տակ:
Իսկ եթե քունդ չէր տանում, խցակիցների հետ էլ զրույցի բռնվելու հավես չկար, միշտ կարող էիր ուրիշ զբաղմունք գտնել՝ շախմատ, շաշկի, թուղթ, հեռուստացույց, տեսասկավառակների լայն տեսականիով DVD-փլեյեր, խաչբառերի թերթոններ: Քանի որ «բերդում» թուղթ խաղալն արգելված էր, բլոթ կամ «դուռակ» հազվադեպ էին խաղում, և միայն գիշերվա ժամերին, նախապես ջահելներից մեկին նստացնելով դռան «աչքի» մոտ, որպեսզի հետևի «ոտքերի» (այսինքն՝ հերթապահ հսկիչի) միջանցքում տեղաշարժին ու խցի դռանը մոտենալուն պես զգուշացնի խաղացողներին:
N 21 խցում գիր-գրականությունը «հարգված» չէր: Պարզ երևում էր, որ ոչ էս տղերքը, ոչ նրանց ծնողները կրթությունն ու գիտելիքը պիտանի բան չէին համարում: Տարբեր «քսիվներն» ու «գրերը» N 21-ի բնակիչները դժվարությամբ էին գրում՝ մտավոր լարվածությունից լեզուն կծմծելով, մատները այրող սիգարետի մնացորդից նորը «կպցնելով»:
Լինում էր, որ «ախպերությունը» խաչբառ էր լուծում: Երբ ուրիշ անելիք չկար: Մի քանի հոգով սուզվում էին մտավոր դաժան աշխատանքի մեջ, միմյանց հուշելով ճիշտ պատասխանը: Վաճառվում էին այսպիսի հարյուր դրամանոց խաչբառերի անգույն թերթոններ, որոնք կային խուց մտնող գրեթե բոլոր տուլիկներում: Խաչբառերի հարցերը շատ հեշտ էին, հետն էլ էջի ներքևում ճիշտ պատասխաններն էին գրված: Ասենք, երեք տառանոց «Անդրկովկասի ամենահին ազգի անվանումը»: Մանր քառակուսիներում «հ» «ա» «յ» տառերը լրացնելը ոչ միայն դժվար չէր, այլև լրացնողի մոտ հպարտության զգացում էր առաջացնում հին և իմաստուն ազգի ներկայացուցիչ լինելու գիտակցումից:
N 21 խցում գիրք ընդանրապես չէին կարդում (համենայնդեպս, մեր խցում և իմ այնտեղ գտնվելու օրերին): Չնայած տասնյակին հասնող հաստ ու բարակ, հայերեն և ռուսերեն լեզուներով գրքեր խցում կային: Վանդակապատ լուսամուտախորշի (ապակի չկար, և ձմեռը խորշը փակվում էր ցելոֆանով) տակի ելուստի վրա անտեր գցած էին Ժյուլ Վեռնի վեպերի հաստլիկ հատորը, ամերիկյան ինչ-որ ավետարանչական ընկերության կողմից հրատարակված Աստվածաշունչը, Կոստան Զարյանի «Նավատոմարը» և կազմի վրա փոշին նստած ևս մի քանի գրքեր: Իսկ Թոմաս դե Վաալի «Սև այգի»-ն որպես տակդիր էր ծառայում էլեկտրական թեյնիկի համար, որի մեջ ձու և նրբերշիկ էինք եփում:
Բարեբախտաբար, «դրսից» ստացվող գրքերի քանակի վրա սահմանափակում չկար, և ես տնեցիներիս խնդրեցի ուղարկել ինձ Վիկտոր Շկլովսկու «Դեռ ոչինչ չի ավարտվել» հուշերի ժողովածուն, Հրանտ Մաթևոսյանի գրքերից մեկն ու Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» (այստեղ և Վանիկի արձակն էր, և հրապարակախոսական հոդվածները): Շկլովսկու հուշերը ուզում էի անպայման մինչև վերջ կարդալ, իսկ Հրանտն ու Վանոն… Դե, նրանք միշտ ինձ հետ էին, ու եթե այստեղ լինեին, հաստատ տխրելու էին՝ տեղեկանալով, թե ուր և ինչու եմ ընկել, և հաստատ կփորձեին օգնել ինձ:
Մի խոսքով, հերթական տուլիկի հետ գրքերս ստացա: Խցում տուլիկները ընդունված էր բացել բոլորի ներկայությամբ, առանց շտապելու, արկղի կամ պարկի մեջի եղածը դասավորելով սեղանին: Գրքերը վերևից էին դրված, և, բնականաբար, առաջին հերթին դրանք տուլիկից սեղանին դրեցի: Շկլովսկին որևէ հուզմունք և հետաքրքրություն, իհարկե, չառաջացրեց: Հրանտի մասին (ի դեպ, ինձ ուղարկել էին Մաթևոսյանի «Ընտրանի»-ի 2-րդ հատորը) խցակիցների մի մասը գիտեր, որ, այո, կա այդպիսի հայ գրող: Իսկ թմրանյութեր վաճառելու մեղադրանքով կալանավորված Գարիկը նույնիսկ շատ վստահ ասաց, որ Վարպետը (հենց այդպե՛ս՝ Վարպետ) «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի սցենարի հեղինակն է, և ինչ-որ ժամանակ Գրողների միության նախագահն է եղել: Դե, Գարիկը խցում «գրագետ հարիֆի» համբավ ուներ, քանի որ գրեթե մինչև վերջ լուծում էր «Отдохни» ռուսական շաբաթաթերթի խաչբառերը:
Իսկ ահա Սիրադեղյան ազգանունը գրքի շապիկին տղերքի ուշադրությունը գրավեց. «Էդ էն Վանոն ա՞»,- կասկածանքով հարցրեց Սերժոն: Նա արտահանձնված էր Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից, սպասում էր դատական գործընթացին, որի արդյունքում գողությունների և կողոպուտի համար, իր ասելով, մի 7-8 տարի «շալակելու» էր: Ինչպես և քրեական աշխարհի բոլոր ներկայացուցիչները, «մենթերին» սիրել և չվախենալ Սերժոն չէր կարող, մանավանդ քրեական աշխարհը ահ ու սարսափի մեջ պահող Վանոյին: Դրական պատասխան ստանալուց հետո, դժգոհ դեմքով կողքի քաշվեց:
Այսքանով գրքերի շուրջ գրականագիտական բանավեճն ավարտվեց: Իսկ տուլիկի խտացրած կաթը, «MakCoffee» սուրճի փաթեթիկների ժապավենն ու «Бандитский Петербург» անվերջ սերիալի տեսասկավառակները մեծ ոգևորության արժանացան:
Երեկոյան Վանոյի գիրքը մի երկու օրով խնդրեց Բենիկը՝ տուր կարդամ: Քսան տարին նոր բոլորած երիտասարդը մանր տրամաչափի գողցող էր՝ բջջային հեռախոսներ, անվադողեր, մագնիտոֆոններ… Խցակիցները շփվում էին նրա հետ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ Բենիկը կակազում էր, հետն էլ՝ սեփական խոսքը դժվարությամբ ու շատ անգրագետ էր կառուցում, ինչը սղոցում էր նույնիսկ լեզվական նորմերի հանդեպ անտարբեր կալանավորների ականջը: Ես Բենիկին մի քանի պատմվածք խորհուրդ տվեցի կարդալ, չնայած ավելի քան համոզված էի, որ մի քանի էջ թերթելով՝ կվերադարձնի գիրքը: Սխալվեցի՝ առաջին հայացքից բթամիտ Բենոն ծայրից ծայր կարդաց «Գյադաների ժամանակը», ու կյանքս կերավ հարցեր տալով, երբ ինչ-որ բան տեքստում չէր հասկանում: Հետո սկսեց մատիտով գրքի էջերին ինչ-որ գրառումներ անել: Երբ ես դա նկատեցի և գոռգոռացի նրա վրա, թե ուրիշի գույք հանդիսացող իրերում նկարչությամբ զբաղվելը գողությունից վատ բան է, Բենիկը կմկմալով խնդրեց գիրքը նվիրել իրեն: Չնվիրել չէի կարող:
Գրքերը ստանալուց մի քանի օր հետո ինձ համար պատրաստված սուրճի բաժակով մոտեցավ Արմանը: Ճաղատ, պինդ կառուցվածքով երիտասարդը խցի ավագն էր, և այդ կոչումը ինքը ստացել էր անձամբ «բերդի» «պալաժենիից» (ավելի հասկանալի՝ «զոն նայողից»): Արմանն իր աշխատանքային պարտականություններին մեծ պատասխանատվությամբ և նվիրումով էր վերաբերվում՝ ժամանակին «օբշյագի» գումարներ էր հավաքում, կանոնավոր կերպով հաշվետու քսիվներն էր ուղարկում վերադաս «պալաժենիին», խցի նոր բնակչին մանրամասն բացատրում էր այս ժամանակավոր ընտանիքի անդամի իրավունքներն ու պարտականությունները, հետևում մաքրությանը, կարգ ու կանոնին, «ճշտով» հարթում էր վեճերը:
Արմանը փառահեղ կենսագրության տեր մարդ էր՝ սովորել էր Երուսաղեմի հոգևոր ճեմարանում, սերտում էր այնտեղ Աստծո Խոսքը, յուրաքանչյուր Զատկի նախօրեին, ինչպես և Երուսաղեմի բոլոր հայ վանականները, բռնցքամարտի էր բռնվում հույն օրտոդոքսների հետ: Դե, բոլորս գիտենք, որ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարում Սուրբ կրակը վառելու արարողությունը կազմակերպելու բացառիկ իրավունքը միայն ուժով էր նվաճվում: Ենթադրում եմ, որ հոգևոր կրթության հենց այս «ռազմական» բաղադրիչն էր, որ Արմանի սրտով էր, նա փախել էր ճեմարանից (ասում էր՝ «հեչ գուլյատի տեղ չէր»), վերադարձել էր հայրենի Էջմիածին, ու այստեղ լավ «գուլյատ» արել՝ ծեծ, զենք, թրաֆիքինգ:
«Տուր էդ Մաթևոսյանին կարդամ»,- աչքերիս նայեց Արմանը: «Քեզ պե՞տք ա, լիքը ուրիշ գործեր ունես»: Խցի ավագը նեղացավ. «Խի՞, քեզ թվում ա՝ մենակ դու ես խելոք, որ իմանաս՝ ճեմարանում գրադարանի կեսը կարդացել էի»: Փաստարկը համոզիչ էր. «Վերցրու, բայց էս աղմուկը կխանգարի, Հրանտին դժվար ա կարդալ»: Արմանը թարս նայեց վրաս ու գիրքը ձեռքին մտավ ղեկավար անձին վայել անկյունային անձնական «շկոնկեն»:
Ու մենք Արմանին մի 10 օրով «կորցրեցինք»: Մահճակալին կուչ եկած՝ նա Հրանտ էր կարդում: Ճիշտ է, ամեն առավոտ, ինչպես միշտ, արթնացնում էր մեզ ստուգատեսին, ժամանակ առ ժամանակ բղավում էր գործից թռնող ջահելների վրա, ճաշում էր, լվացվում, հեռուստացույցով նորություններ նայում, մի երկու անգամ էլ շաշկի խաղաց ու հեշտ պարտվեց: Բայց էդ ամենը՝ անհավես, բացակայող հայացքով…
Արմանը «չկար»՝ ինքը Հրանտ էր կարդում: Ինձ մինչև հիմա երբեմն թվում է, որ Հրանտին կարդացող հանցագործ Արմանն ընդամենը իմ ցանկությունների, պատկերացումների վիզուալիզացումն է, Հրանտի առջև իմ մեծագույն խոնարհման մտքային արտացոլումն է, իմ ֆանտազիաներն են: Չեմ վիրավորվի, եթե ինձ չհավատան, գրածս ընդամենը գեղարվեստական տեքստ համարեն, երևակայության արգասիք: Չեմ բացառում, որ ամբողջ մարմինը դաջվածքներով պատած այդ տղան նույն կլանվածությամբ կկարդար նաև այլ գեղարվեստական գրքեր: Չգիտեմ: Բայց ես տեսնում էի, թե ինչպես էր Արմանը Հրանտ Մաթևոսյան կարդում: Գիշեր ու ցերեկ, կնճռելով ճակատը, մտածելով, փսփսալով քթի տակ, շարժելով շրթունքները, աչքերը փակելով գրքի ինչ-որ էջ թերթելուց հետո:
700 էջանոց գրքի ընթերցմանը հետևեցին երկար զրույցները, վեճերը, որոնց երբեմն մասնակցում էին բանտախցի բոլոր բնակիչները: Հաճախ ես պարտվում էի, ասածներս հեգնանք էին առաջացնում, բայց դա արդեն ինչ-որ մեկին չի հետաքրքրի:
Հետո իմ խափանման միջոցը փոխեցին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Հրաժեշտ տալուց Արմանը խնդրեց ուղարկել իրեն նաև Հրանտի գրքի 1-ին հատորը: Մի երեք շաբաթ հետո զանգահարեց, հիշեցրեց խնդրանքը: Շտապում էր՝ դատը ավարտվել էր, դատավորը հրապարակել էր դատավճիռը՝ 9 տարի, և Արմանին տեղափոխելու էին Կոշի գաղութ:
Մոտենում էր Մեծ Զատիկը: Մի փոքր տուլիկ հավաքեցի N 21 խցի բնակիչների համար. կնոջս պատրաստած Զատկի թխվածք, ներկած ձու, լավաշ-կանաչի, մի բլոկ սիգարետ, սուրճի փաթեթիկներ… Եվ վերջում վերևից դրեցի Հրանտ Մաթևոսյանի «Ընտրանի»-ի 1-ին հատորը: Ինչ-որ ջերմ մակագրությամբ, որի բովանդակությունը արդեն չեմ հիշում:
2014 թ.
********
Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների հսկան է: Հրանտի գրական ժառանգությունը կարող է արդիականացնել մեր ազգային ինքնության մաշված բաղադրիչները: Պարզապես անհրաժեշտ է Հրանտ կարդալ, հասկանալ, «մարսել»…
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է:
Ծնունդդ շնորհավոր, Վարպետ
Տիգրան Հակոբյան