Բաժիններ՝

Ի՞նչ չափանիշներ են սահմանվել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վերահսկման համար. պարզաբանում է նախարարությունը

Շուկայում առկա համային, հոտային գայթակղություններով սպառողին առաջարկվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը, ինչն ամբողջությամբ վերահսկողության շրջանակներից դուրս էր, ՀՀ կառավարության որոշմամբ կանոնակարգվելու է:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը:

 

Նա նշեց, որ դեռևս 2020 թվականին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում արդեն իսկ որոշակի հոդվածներով ամրագրված են ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման, վաճառքի իրացման, հրապարակային ցուցադրության ներկայացվող որոշակի սահմանափակումներ և արգելքներ:

«Այդ սահմանափակումներն ու արգելքները միանշանակ նաև տարածվում են ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա, և այս նույն օրենքի շրջանակում կառավարությունը լիազորություն է ընձեռել կանոնակարգել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը և իրավական ակտի տեսքով էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է տեխնիկական կանոնակարգի իրագործումը: Մինչ օրս շուկայում առկա համային, հոտային գայթակղություններով սպառողին առաջարկվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները, որը չէր կանոնակարգվում և ամբողջությամբ վերահսկողության շրջանակներից դուրս էր, իրավական ակտի ընդունումից հետո կանոնակարգվելու է»,-ասաց Ժաննա Զաքարյանը:

 

«Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ի գործողությունը տարածվում է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ հանդիսացող արտադրանքի վրա, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լցանյութի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։

Ժաննա Զաքարյանը ընդգծեց, որ այս պահին զուգահեռաբար ԵԱՏՄ շրջանակներում ևս իրականացվում է գործընթաց՝ տեխնիկական կանոնակարգման տիրույթում: Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է ԵԱՏՄ բոլոր երկրների համար՝ նիկոտին պարունակող արտադրանքի մասով տեխնիկական կանոնակարգի մշակում, որտեղ միասնական պարտադիր պահանջներ կսահմանվեն, և դա պարտադիր կլինի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար:

«Այսօր շուկան կարելի է ասել ողողված է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներով, որոնք հրապուրում են օգտագործողներին իրենց համային, հոտային նաև արտաքին տեսքի գայթակղություններով: Այս առումով ներսի պարունակությունը արդյո՞ք անվտանգ է սպառողի համար, որևէ մեկը համոզված չի կարող ասել, քանի որ վերահսկողություն չկա, փորձարկումներ չկան և այն, ինչ առաջարկվում է հանրությանն, ամբողջությամբ սպառվում է»,- ասաց Ժաննա Զաքարյանը:

 

Տեխնիկական կանոնակարգով սահմանվել են անվտանգության չափանիշներ, պահանջներ որոնք պետք է օգտագործվեն դրանց նախագծման, մակնշման, փաթեթավորման, պահպանման և փոխադրման, ինչպես նաև համապատասխանության գնահատման բոլոր փուլերի ընթացակարգերի ժամանակ։ Եվ այս բոլոր պահանջների համապատասխանության արդյունքում նոր արտադրանքը հնարավորություն կունենա իրացվելու շուկայում:

Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը նշեց, որ այս տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև նիկոտին պարունակող արտադրատեսակների (ՆՊԱ) նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով և տարածվում է ՀՀ-ի տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս