Բաժիններ՝

Մեքսիկայում տարեսկզբից ի վեր հինգերորդ լրագրողին են սպանել

Մեքսիկայի Օահակա նահանգում լույս փետրվարի 11-ի գիշերը գնդակահարել են լրագրող Հեբեր Լոպես Վասկեսին. երկու մարդասպանները ձերբակալվել են: Այդ մասին նահանգի դատախազը հայտնել է Milenio TV-ին տված հարցազրույցում:

«Մարդասպանները գտնվում են կալանքի տակ, եւ մենք սպասում ենք, թե երբ նրանց կտեղափոխեն դատախազություն՝ համապատասխան հետաքննությունը շարունակելու համար»,-հայտարարել է Օախակայի նահանգի դատախազ Արտուրո Պեիմբերտը: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, լրագրող Հեբեր Լոպես Վասկեսը գնդակահարվել է Էսպինալ Սալինա-Կրուսի շրջանում, երբ նստում էր իր ավտոմեքենան:

Երկու մարդասպաններին ձերբակալել են թարմ հետքերով: Տարվա սկզբից ի վեր սա Մեքսիկայում լրագրողի հինգերորդ սպանությունն է: Հունվարի վերջին ԶԼՄ-ների ներկայացուցիչի հերթական սպանությունից հետո լրագրողները պիկետներ եւ բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի 40 քաղաքներում՝ պահանջելով անվտանգության ապահովում եւ հանցագործությունների հետաքննություն, որոնք գրեթե միշտ մնում են անպատիժ:

Ազատ խոսքի դեմ հանցագործությունների ուղղությամբ պայքարի հարցերով հատուկ դատախազությունն աշխատանքի հինգ տարվա ընթացքում ավելի քան 1140 գործ է հարուցել ԶԼՄ-ների աշխատողների նկատմամբ իրավախախտումների փաստերով եւ հասել միայն 10 մեղադրական դատավճիռների. այդ բոլոր գործերով անպատժելիության մակարդակը գերազանցում է 99 տոկոսը: Articulo 19 իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին Մեքսիկայում սպանվել է յոթ լրագրող. սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի երկրների թվում: Գործող նախագահ Անդրեաս Մանուել Լոպես Օբրադորի կառավարման ընդամենը երեք տարուց փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում գրանցվել է ԶԼՄ-ների աշխատողների 29 սպանություն, որոնք, հավանաբար, կապված են նրանց մասնագիտական գործունեության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս