Հայաստանի օրակարգում միութենական պետության հարց չկա, քանի որ նման հարց Ռուսաստանի առջև չկա այս պահին. Գելա Վասաձեն՝ «ԽՍՀՄ վերականգնման» ծրագրերի մասին

Օրերս Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցը, որտեղ Բելառուսի նախագահը բավականին տհաճ ձևակերպումներով անդրադարձել էր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հնարավորություններին:

Խոսելով միութենական պետության, ինչպես նաև ապագայում հետսովետական տարածքում հնարավոր նոր ինտեգրացիոն գործընթացների մասին՝ Լուկաշենկոն ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի»:

«Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանն ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին քննարկման թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե, շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից դրդված, առաջին հերթին՝ տնտեսական, նույնպես կմիանան»,- հայտարարել էր Լուկաշենկոն:

Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել այս կարծիքին, սակայն երկրների ղեկավարներին առնվազն հարիր չեն նման կոնտեքստով փորձագիտական գնահատականի մակարդակի կարծիքները, առավել ևս՝ երկրներին, որոնք կիսում են միևնույն ինտեգրացիոն կառույցը:

Հայկական կողմից շատ զգուշավոր արձագանք եղավ սրան. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, իսկ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվեց ԱԳՆ, Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձավ թեմային:

Իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, որ Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա, և իր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս մեկնաբանել էր ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությունը։

«Նա չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և միավորումների մասին՝ անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում»,- հայտարարել էր Զախարովան։

Նրա խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է։

Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա, Զախարովայի խոսքով, այն փակ միավորում չէ, ենթադրում է մասնակից մյուս երկրների միավորման հնարավորություն։

«Այդ տեղեկատվությունը վաղուց հայտնի է, որևէ գաղտնիք չկա»,- եզրափակել էր Զախարովան։

Սակայն աղմուկի ֆոնին չնկատվեց այն գաղափարը, որը դրվեց շրջանառության մեջ Լուկաշենկո-Սոլովյով հարցազրույցով՝ խոսվեց ապագայում նոր միավորման հեռանկարների, դրա անխուսափելիության մասին:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Զախարովան իր անդրադարձով տարանջատում մտցրեց միութենական պետության և հնարավոր այլ ինտեգրացիոն միավորումների հեռանկարների միջև:

Ռուսաստանյան վերլուծական մի շարք շրջանակներ շարունակում են շրջանառել թեզը, որ միասնական պաշտպանական, քաղաքական տարածքի ձևավորումն անխուսափելի է, իսկ թե ինչ ձևաչափով այն կամրագրվի՝ դեռ վաղ է ասել:

168.am-ի հետ զրույցում Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) առաջատար փորձագետ Գելա Վասաձեն ասաց, որ Ռուսաստանի գլխավոր խնդիրը (եթե խոսում ենք միութենական պետության կոնտեքստում) եթե ոչ Ուկրաինան է ամբողջությամբ, ապա՝ գոնե Ուկրաինայի մի մասը, քանի որ առանց դրա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունն իմաստ չունի:

Նրա խոսքով, Հայաստանը չի լինի գլխավոր նպատակը, նպատակ կլինի նաև Ղազախստանը:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, իրականում առանց Վրաստանի և Ադրբեջանի Հայաստանին միացնել միութենական պետության կամ միավորման կազմ՝ անիմաստ է, կարելի է նույնիսկ առանց Վրաստանի, բայց գոնե Ադրբեջանի հետ: Եթե Ադրբեջանը մտնի ռուսական ազդեցության գոտի, ապա կգա միութենական պետության հարցը: Իսկ առանց դրա էլ Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության մակարդակը բավականին խորն է»,- ասաց Վասաձեն:

Նա չի կարծում, թե խոսքը ԽՍՀՄ վերականգնման կամ դրա նոր խմբագրման մասին է:

«Բայց ես  այսպես կասեի՝ եթե տասը տարի առաջ ինձ ասեին, որ Պուտինը վերջնագիր կներկայացնի ՆԱՏՕ-ին, որ կպահանջի հեռացնել զորքերը Լեհաստանից, կասեի, որ դա անհնար է: 10 տարի առաջ երկար կմտածեի նաև Ղրիմի հեռանկարների մասին, չէի մտածի երբևէ, որ ՌԴ-ն կմիացնի Ղրիմը։ Այսինքն՝ շատ բան է փոխվում, ուստի այն, ինչ ասում եմ, խոսում եմ միմիայն այսօրվա մասին, քանի որ որևէ մեկը չի կարող վաղվա համար ինչ-որ բան ասել, հատկապես՝ աշխարհաքաղաքական այս լարված փուլում:

Իհարկե, պատահական չէ, որ այդ մասին խոսվում է, դա նշանակում է, որ քաղաքական առումով իջեցվում է երկաթյա վարագույրը, և ես իսկապես համաձայն եմ այն փորձագիտական կարծիքներին, որ դա երկարատև գործընթաց է, և այսօր միանգամից դա հնարավոր չէ անել: Դա արդեն իսկ երևում է Արևմուտքի և Արևելքի միջև սահմանին, այսինքն՝ հիմա որոշվում է հարցը, թե որտեղով է անցնելու այդ երկաթյա վարագույրը»,- նման կարծիք հայտնեց Գելա Վասաձեն:

Այս պատկերում, նրա խոսքով, կարևոր են Ուկրաինայի շուրջ իրադարձությունները, որոնք անկանխատեսելի են, քանի որ կողմերը գնում են սրման, բայց դա ոչ մեկին ձեռնտու սցենար չէ: Սակայն Ռուսաստանի պլանները ևս, ըստ Վասաձեի, կախված են Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացումից:

Վասաձեն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը բացատրեց հետևյալ կերպ՝ այսօր Հայաստանի օրակարգում չկա նման հարց, քանի որ նման հարց Ռուսաստանի առջև չկա, Ռուսաստանին այս պահին դա հարկավոր չէ, քանի որ անիմաստ է միայն Բելառուսի ու Հայաստանի հետ ինչ-որ միավորում կամ միութենական պետություն ձևավորել:

«Իսկ ի՞նչ կլինի վաղը՝ չգիտենք: Բայց չմոռանանք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորմանը լրջորեն միջամտել է ԵՄ-ն, ԵՄ-ն լրջորեն արտահայտում է իր շահերը, ընթանում են հայ-թուրքական բանակցություններ, իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հսկայական է, սակայն, միևնույն ժամանակ հարց է, մեծ հարց է՝ ինչ կլինի Ռուսաստանի հետ, ինչ գործընթացներ այնտեղ կլինեն, բացառված չէ, որ ինքնին Ռուսաստանում Պուտինից հետո պարզապես կհրաժարվեն այդ գաղափարներից: Եվ ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլև բոլորը իշխանությունները Ռուսաստանի շուրջ սպասում են, քանի որ ներկայումս, ինչպես ճիշտ նշեց Լուկաշենկոն, որ եթե խնդրեն, անհրաժեշտություն լինի, ապա կանեն։ Սակայն նույնիսկ Լուկաշենկոն է սպասում, ով այսօր լիովին կախված է Ռուսաստանից, ում Արևմուտքը չի ճանաչում՝ որպես նախագահ:

Հնարավոր չէ իմանալ, թե ինչ կլինի նաև Էրդողանի հետ ընտրություններից հետո, ԵՄ-ի հետ, որը միատարր չէ, ինչ կլինի ԵՄ տարբեր թևերի հետ։ Այսինքն՝ շատ բարդ է ասել, թե այսօր նկատվող միտումներն ինչ ճակատագիր կունենան»,- նման կարծիք հայտնեց Վասաձեն՝ ակնարկելով, որ եթե Ռուսաստանը հաջողի, ապա դա իրադարձությունների զարգացման մեկ սցենար է ենթադրելու, եթե չհաջողի՝ մեկ այլ:

Տեսանյութեր

Լրահոս