Բաժիններ՝

«Լրագրողներից բացի, մեր գյուղ մարդ չի եկել»․ ծովագյուղցիները հույսով սպասում են Կառավարության արձագանքին

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները, որոնք դեմ էին համայնքների խոշորացմանն ու Սևան համայնքի կազմում ընդգրկվելուն, հենց այդ պատճառով էլ չմասնակցեցին 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին: Առ այսօր Կառավարությունն ըստ էության չի արձագանքել բնակիչների բարձրացրած հարցերին, բայց նրանք  դեռ հույս ունեն, որ  որևէ արձագանք կլինի, և իրենց գյուղերը չեն ընդգրկվի Սևան խոշորացված համայնքի կազմում։

Ի դեպ, հունվարի 24-ին, երբ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները որպես բողոքի նշան՝ մի քանի րոպեով փակել էին Երևան-Սևան մայրուղին, Ծովագյուղի համայնքապետի պաշտոնակատար Վահրամ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ Կառավարությունից արձագանք էր եղել։ «Կառավարությունից բանավոր ասել են՝ ճանապարհ ենք ման գալիս, որ օրենքի սահմանում հարցին լուծում տանք»,- ասել էր Գևորգյանը։

Սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից 168.am-ին հակառակն էին փոխանցել․

«Որևէ այլընտրանքային լուծում իրենց համար չի քննարկվում։ Վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Ծովագյուղը և Սեմյոնովկան համարվում են խոշորացված համայնք, ներառված են Սևան խոշորացված համայնքում, և որևէ այլընտրանքային լուծում, տարբերակ չի քննարկվում»։

168.am-ն այսօր զրուցել է Ծովագյուղի բնակիչ Պայքար Բադալյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ իրավիճակ է տիրում գյուղում, հաշվի առնելով նաև այն,  որ ըստ ստացած տեղեկությունների՝ շուրջ 2 ամիս է, համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է․

«4000 հոգանոց գյուղ է, ոնց էլ չլինի՝ գործ կունենան, չէ՞, համայնքապետարանում։ Հլը որ ոչ մի լուծում չի տրվում, գյուղն էլ համբերատար սպասում է, տեսնենք՝ վերջն ինչ է լինելու»։

Դիտարկմանը, թե ՏԿԵ նախարարությունից արդեն իսկ արձագանքել են՝ ասելով՝ որևէ այլընտրանքային լուծում չի քննարկվում ձեզ համար, Ծովագյուղի բնակիչն ասաց․

«Մեզ այդպես չեն պատասխանում, մեզ ասում են՝ մի բան կանենք։ Չգիտեմ, թե ձեզ մոտ ինչ են խոսում, մեզ ասում են՝ մի բան կանենք։ Հիմա սպասում ենք հարցի լուծմանը, տեսնենք՝ ոնց են լուծում․․․ Կարող է ձեզ ասել են, բայց մեզ ռիսկ չեն անում ասել, որ հանկարծ ճանապարհ չփակվի, կարող է մեզ դրա համար չեն ասում, որ անակնկալի գանք, բայց դե, դեռ հույսով սպասում ենք․․․ Համենայն դեպս, ինչ որոշում էլ լինի, մենք մեր որոշումը չենք փոխելու, եթե ի օգուտ մեզ որոշում չլինի, պատրաստ ենք մինչև վերջ գնալու․․․»։

Ծովագյուղի բնակչին հարցրեցինք, թե այս ընթացքում որևէ պատգամավոր, նախարար գնացե՞լ է գյուղ՝ իրենց հետ հանդիպելու.

«Ոչ մեկը չի եկել, ոչ մեկը չի հետաքրքրվում, լրագրողներից բացի, մեր գյուղ մարդ չի եկել․․․»։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունները բացառիկ պայմաններում էին անցել՝ ոչ մի բնակիչ չէր գնացել ընտրատեղամաս և քվեարկել` դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը խոշորացման և Սևան քաղաքի հետ միավորելու կառավարության որոշմանը։

168.am-ը հունվարի 21-ին գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում կրքերը չեն հանդարտվում։ Գյուղացիները, որ դեմ էին Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկվելուն և չէին մասնակցել դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, Կառավարությանը ժամանակ են տվել վերանայելու խոշորացման մասին որոշումը, այլապես ճանապարհ կփակեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս