Իրանին ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ են հարկավոր. ՌԴ-ում Իրանի դեսպան
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) վերականգնելիս պատժամիջոցների չեղարկման երաշխիքներ են հարկավոր՝ ի դեպս ԱՄՆ-ի ղեկավարության փոխվելու:
Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին: «Ինչ ենք մենք ասում Արեւմուտքին. այն պատժամիջոցները, որոնք դուք սահմանել եք, իհարկե, շատ խիստ են, դրանք ճնշման են ենթարկում մեր ժողովրդին:
Դուք պետք է դրանք չեղարկեք…Եթե շարժվենք պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ, այդ ժամանակ բանակցությունները կլինեն արդյունավետ ու բեղմնավոր»,-հայտարարել է Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում անցկացված մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ «երաշխիքների հարցը Իրանի ժողովրդի համար շատ կարեւոր է»:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը փետրվարի 8-ին վերսկսվել է Վիեննայում, սակայն համատեղ հանձնաժողովի պաշտոնական նիստ դեռ չի եղել: Դեռ 2021 թվականի դեկտեմբերին յոթերորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել է նաեւ Իրանի դիրքորոշումները:
Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով, բանակցություններն անցնում են հաջողությամբ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն առաջընթացը որակել է որպես աննշան եւ Թեհրանին կոչ է արել հարցին վերաբերվել լրջորեն: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:
Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Ի պատասխան Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: