«Ամբողջ համացանցը ձեզ ծաղրում է, դա ձեզ հաճո՞ւյք է պատճառում». Աշոտ Բարսեղյան
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ Հայաստանում կսահմանափակվի վաճառքի կետերում, խանութներում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը: Այս որոշման վերաբերյալ Վահան Քերոբյանն այսօր լրագրողներին հետևյալն է ասել. «Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի սահմանափակումների ներդրման հաջորդ 1-2 ամիսը հանրային սննդի օբյեկտների շրջանառությունն ընկնում է, բայց շատ արագ էլ վերականգնվում է, որովհետև, եթե բնակչության կամ հասարակության մի մասի համար ծխելն առավելություն է, մյուս զգալի մասի համար, այդ թվում՝ զբոսաշրջիկների, ռեստորաններում կամ հանրային սննդի օբյեկտներում ծխելը թերություն է»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանն ասաց, որ օրենքը հնարավոր չի լինելու կիրարկել. «Սա ամենաանիրատեսական, առողջապահության հետ ամենաքիչ կապ ունեցող օրենքն է, որը նախատեսում է մի քանի տասնյակ անիմաստ սահմանափակումներ, որոնք ուղիղ հարվածելու են մեր շրջանառությանը, իրավաչափ չեն, տնտեսվարողի համար սահմանում են իրեն ոչ բնորոշ մի քանի գործառույթներ, օրինակ՝ ոստիկանական գործառույթ իրականացնել, ծխողներին ստուգել, հայտնել նրանց մասին, և այլն: Օրենքը պարունակում է մի քանի տասնյակ այսպիսի կետեր, որոնք ընդհանրապես աղերս չունեն այն օրակարգի հետ, որը վարչապետը և էկոնոմիկայի նախարարը քննարկում են: Չկա մի ռեստորան, որն ասի՝ ոչ, մենք անպայման ուզում ենք, որ ծխելը չարգելվի ռեստորաններում. Բոլոր ռեստորանները դեմ չեն, կողմ են, որպեսզի ծուխը դուրս գա փակ տարածքներից, բայց դրանից հետո նոր սկսվում են խնդիրներ: Այդ ինչպե՞ս բաց տարածքներում ծխելու արգելքի կետը մի գիշերվա մեջ ավելացավ այդ օրենքի մեջ, ինչո՞ւ է արգելվում վաճառքը, փոխարինիչների սպառումը»:
Նա նկատեց՝ սա ծխողների՞ դեմ պայքար է, թե՞ ծխելու դեմ. «Եթե արգելում եք օրինական վաճառվող ապրանքը սպառել ամեն տեղ, ապա ավելի հեշտ է արգելել այդ ապրանքը, քան մտցնել անմիտ սահմանափակումներ և բազում տնտեսվարողների և քաղաքացիների ենթարկել տույժ-տուգանքների: Պետությունն այս օրենքով պայքարում է ծխող քաղաքացիների, ոչ թե ծխելու դեմ: Եթե պայքարեին ծխի դեմ, ապա կանեին բոլորովին այլ միջոցառումներ»:
Նա ընդգծեց՝ մարտի 15-ին փակվելու է 1500 աշխատատեղ՝ նարգիլե-ակումբների և սիգար-ակումբների մոտ. «Այն նախարարը, որն ամեն օր խոսում է 1-1.5 աշխատատեղ բացելու մասին, ինչո՞ւ չի խոսում մարտի 15-ին փակվող մի քանի տասնյակ բիզնեսի մասին: Այդ բիզնեսները տնտեսության դրայվերները չե՞ն»:
Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ՝ Վահան Քերոբյանը դարձել է երկրորդ առողջապահության նախարար, քանի որ չի խոսում տնտեսությունից, խոսում է ծխելու վնասակար լինել-չլինելուց:
Դիմելով էկոնոմիկայի և առողջապահության նախարարներին՝ նա հետևյալն ասաց. «Հաճո՞ւյք են ստանում ծաղրվելուց, իրենց ամբողջ համացանցը ծաղրում է, դա եթե հաճույք է պատճառում… պարոնայք, տիկնայք, դուք ձեր մասնագիտական ունակություններով չեք համապատասխանում այն պաշտոններին, որոնք զբաղեցնում եք: Դուք ներկայացնում եք երկիր, տնտեսության, առողջապահության ճյուղեր, դուք պատասխանատու եք»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում