Ո՞ւմ դեմ է խոսում Սուրեն Պապիկյանը՝ Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան տանդեմի,՞ թե՞ Արշակ Կարապետյանի

Երեկ ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ արդեն 2021-ին պաշտպանական գերատեսչությունում հաստատվել է բարեփոխումների իրականացման ճանապարհային քարտեզը, որի տրամաբանության մեջ մշակվել է պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգ՝ պատրաստ շրջանառության, սակայն այն բովանդակային առումով Պապիկյանի համար ոչ ամբողջությամբ է ընդունելի եղել:

«Պետք է հստակություն, հակիրճ բովանդակություն: Աշխատանքը բավականին լավն է, բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ և հետ եմ ուղարկել վերախմբագրման: Աշխատանքի արդյունքներն առաջիկայում կամփոփվեն, այն գաղտնի չէ, հնարավոր է մասնակցել քննարկումներին, մեր գերատեսչությունը բաց է»,- ասել է Պապիկյանը:

Թե այդ հայեցակարգում կոնկրետ ինչը չի գոհացրել Սուրեն Պապիկյանին, և ինքն անձամբ ի՞նչ փոփոխություն է առաջարկում, և արդյո՞ք ԳՇ-ի հետ քննարկվել է այդ հայեցակարգը և վերախմբագրման որոշումը, բնականաբար, չասվեց, թեպետ հայեցակարգի վերաբերյալ տեղեկությունը գաղտնի չէ:

Ստացվում է՝ Պապիկյանի ղեկավարած կառույցը, որն ինքը համարում է բաց, առնվազն ոչ բարեխիղճ է գտնվել և այս ընթացքում գաղտնի է պահել հայեցակարգի և պաշտպանական ճանապարհային քարտեզի հետ կապված տեղեկությունները:

Ավելին, ինչպես փետրվարի 9-ի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, հայեցակարգի առանձին էլեմենտներ նույնիսկ չեն քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում:

Պատերազմից հետո 2020թ. նոյեմբերի 20-ին պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, այս պաշտոնից նա ազատվել է 2021-ի հուլիսի 20-ին:

Այսինքն, հայեցակարգը մշակվել է հենց նրա պաշտոնավարման օրոք, քանի որ Հարությունյանին 2021-ի օգոստոսի 2-ին հաջորդած Արշակ Կարապետյանը մոտ 3 ամիս է պաշտոնավարել՝ մինչև 2021-ի նոյեմբերի 15-ը, երբ, ըստ էության, պաշտպանական ճանապարհային քարտեզն արդեն մշակված էր:

Գաղտնիք չէ, որ պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանն արել է այն, ինչ ճիշտ է գտել ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որի սենյակից Վաղարշակ Հարությունյանը դուրս չէր գալիս:

Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԶՈՒ-ի ապագան, հայկական բանակի ռեֆորմների պատկերն է որոշել՝ Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ կամ «գործավարությամբ», և այս համատեքստում 2021-ի փետրվարի 5-ին Քոչարյանը անակնկալներ էր խոստացել:

«Այն ծրագրերը, որոնք կապված են բանակի հետ՝ առանց քաղաքական աջակցության հնարավոր չէ իրականացնել: Դրանք պետք է ընկալելի լինեն ոչ միայն բանակի խնդիրների մեջ ներգրավված սպայակազմին, այլ նաև բանակից դուրս ողջ հասարակությանը: Եվ այդտեղ քաղաքական մեծամասնությունը մեծ անելիք ունի: Մենք պետք է ժամանակ չկորցնելով՝ արձանագրենք հաջողություններ»,- «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել էր Քոչարյանը՝ նշելով, որ Վաղարշակ Հարությունյանի հետ, 10 տարի է՝ քննարկում են մեր երկրի անվտանգությունը:

2021-ի փետրվարի վերջին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Վաղարշակ Հարությունյանը ինչ-ինչ փակագծեր էր բացել:

«Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն ծրագրվում են, այլ նաև անցկացվում են, ընդ որում, այս գործընթացին ամենայն անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները,– ասել էր Հարությունյանը և հավելել,- Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք խնդիրները. մարտական և թվային ուժի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, ընտրովի վերազինում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով՝ ըստ ոլորտների առաջնահերթության, կադրային ներուժի պահպանում, սպաների, քաղծառայողների և պայմանագրային զինծառայողների պատրաստվածության մակարդակի բարձրացում»,- ասել է Հարությունյանը:

Միևնույն ժամանակ, ըստ Հարությունյանի, հիմնական ջանքերը պիտի ուղղվեին կառավարման համակարգերի, հետախուզության, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային ուժերի և հրետանու զարգացմանը: Թե ուր հասանք, այդպես էլ գաղտնի մնաց:

Արշակ Կարապետյանի օրոք բարեփոխումների թեմայի մասին բովանդակային առումով ևս չեղան գաղտնազերծումներ: Բնականաբար, պարզ էր՝ շարունակվելու էր ռուսական գիծը, ընդ որում, հստակ պայմանավորվածությունների տեսքով՝ կապված սպառազինության մատակարարման հետ:

Արշակ Կարապետյանը անմիջական լավ շփումներ ուներ ռուսական կողմի հետ, իր քայլերը նրանց հետ էր համաձայնեցնում:

Հիմա, երբ Սուրեն Պապիկյանն ասում է, որ 2021-ին մշակված պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգի բովանդակությունն իր համար ամբողջությամբ ընդունելի չէ, բավարարված չէ, գուցե դրանում չափից ավելի շեշտադրված ռուսական «ձեռագիրն» իրեն դուր չի՞ գալիս, մյուս կողմից՝ կա՞ արդյոք նպատակ ՆԱՏՕ–ական բանակ ունենալու: Դժվար: Գուցե Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան, այսպես ասած, համատեղ աշխատանքում, այնուամենայնիվ, որոշ ռազմական էլեմենտներ հասցրե՞լ է մտցնել Արշակ Կարապետյանը, որը պաշտոնը ստանձնելիս խոստանում էր՝ պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումներ լինելու են և լինելու են բավականին արագ, և, որ դա նպաստելու է ուժեղ բանակ ունենալուն:

Բանակի ապագայի մասին ո՞ւմ տեսլականը չի կիսում Սուրեն Պապիկյանը: Ո՞րն է պրոֆեսիոնալ բանակի նրա տեսլականը՝ ունենալ ամենաինտելեկտուալ բանա՞կը, որը խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, և արդյունքում՝ ոչ միայն չունեցանք սա, այլև կորցրեցինք մարտունակ բանակի համբավը:

Ռազմական գործից հեռու Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2021-ի նոյեմբերի 15-ին, և առնվազն մեկ ամիս նա պիտի ծախսեր ստանձնած պաշտոնների նրբություններին ծանոթանալու համար: Մյուս կողմից՝ այդ մեկ ամսում նա ընդամենը հասցրել է իրեն օգնական նշանակել իր մտերիմներին, որոնք, թերևս, ավելի շատ «պրախոդ» ունեն իր մոտ, քան ԳՇ գեներալները, որոնք հլու-հնազանդ ծառայում են իրեն:

Նշենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ԶՈՒ ԳՇ-ն մշակում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում առաջարկություններ` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների, ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի, պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում զինված ուժերի պահպանման ծախսերի վերաբերյալ:

Ի դեպ, ոչ զինվորական Վիգեն Սարգսյանն Ազգ-բանակ տրամաբանության մեջ զինված ուժերի զարգացման հնգամյա ծրագրի մշակումը վստահել էր փորձառու զինվորական, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին:

Տեսանյութեր

Լրահոս