«Եթե այս փուլում Թուրքիան որևէ նախապայմանի մասին չխոսի, ապա դա չի նշանակում, որ օրակարգում այդ նախապայմանները չեն հայտնվելու». Աշոտ Մելքոնյան

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին, երբ Արցախյան պատերազմի մեկ տարին էլ չէր լրացել, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

Թե կոնկրետ ինչ դրական ազդակների մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չմանրամասնեց։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նաև իշխանության այլ ներկայացուցիչներ սկսեցին խոսել Թուրքիայից եկող դրական ազդակների մասին՝ դարձյալ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ դրական ազդակների մասին է խոսքը։

Փետրվարի 9-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին խոսեց այդ ազդակների մասին՝ ընդգծելով, որ պաշտոնական Անկարայից եկող ակնարկներն առավելապես դրական կոնտեքստի մեջ են, և իրենց ակնկալիքներն էլ այդպես են։

168.amը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ դրական ազդակներ է նկատել Թուրքիայի կողմից։

«Ես մեր հասարակության մեկ մասնիկն եմ, որի նման՝ ես էլ չգիտեմ, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը։ Այսինքն՝ իրազեկվածության առումով գտնվում եմ նույն վիճակում, հստակ բան ասել, թե դրանք ինչ ազդակներ են՝ չեմ կարող ասել։ Սակայն իմ անցած ճանապարհը, ուսումնասիրություններն ինձ հետևյալն են հուշում՝ նույնիսկ, եթե այս փուլում Թուրքիան որևէ նախապայմանի մասին չխոսի, ապա դա չի նշանակում, որ օրակարգում այդ նախապայմանները չեն հայտնվելու։ Դրանք թուրքական կողմն առայժմ առաջին պլան չի բերում՝ գործընթացը չձախողելու նպատակով, բայց որ այդ նախապայմաններն օրակարգում լինելու են՝ որևէ կասկած չունեմ»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Թուրքիայի նախապայմանները ոչ միայն չեն փոխվել, այլև դրանց գումարվել են նաև նորերը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, որը սերտորեն կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ, ինչպես նաև նոր օրակարգում «զանգեզուրյան միջանցքի» խնդիրն է։ Այս խնդրի մասին գիշեր-ցերեկ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են։

«Ադրբեջանն ու Թուրքիան այդ խնդրի մասին այնպիսի ոգևորվածությամբ են խոսում, կարծես թե դա արդեն իրականություն է, և հայկական կողմը որևէ առարկություն չունի։ Մինչդեռ, գոնե գիտական մակարդակով բարձրաձայնվում է, որ նման բան չի կարող լինել, պարզապես պետք է տրանսպորտային ճանապարհներն ապաշրջափակվեն, և «զանգեզուրյան միջանցքը» երբեք չի կարելի նույնացնել Լաչինի միջանցքի հետ, որոնք տարբեր կարգավիճակ ունեցող հասկացություններ են»,- հավելեց պատմաբանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը և հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է համարում, որ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հնարավոր կլինի կառուցողական բանակցություններ վարել, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց.

«Խորապես համոզված եմ, որ այդ բանակցային գործընթացի մի փուլում նախապայմանները գալու են օրակարգ, քանի որ մենք Թուրքիայի կողմից չենք տեսել նման մոտեցում, որ Ցեղասպանության խնդիրն իրենց կողմից ևս ընդունված իրողություն է, և դրանից բխող մյուս խնդիրների շուրջ պետք է բանակցենք։ Նրանք մշտապես ասել են, որ նման խնդիրը պետք է թողնել պատմաբաններին, նայել ապագային, մինչդեռ հայկական կողմի մոտեցումն այլ է, այն բացարձակապես պատմաբանների խնդիրը չէ։ Պատմաբանները վաղուց այդ խնդիրը լուծել են, դրանք տեղի ունեցող իրողություններ են։ Եվ ոչ միայն հայ պատմաբաններն են դրան հասել, այլև աշխարհի շատ գիտնականներ ու պատմաբաններ։ Հետևաբար՝ հույս տածել, թե Թուրքիան նույն ոգով բանակցությունները կշարունակի նաև մյուս փուլերում՝ իրատեսական չէ»։

Տեսանյութեր

Լրահոս