«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից և վերանայի իր դիրքորոշումները»․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ՌԴ-Ուկրաինա լարվածության, Թուրքիա-Հունաստան հարաբերությունների, Կիպրոսի, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը:
Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Չավուշօղլուն ընդգծել է, որ «Շուշիի հռչակագրի» շնորհիվ երկրների հարաբերությունները հասել են ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ապագան և ճակատագիրը սերտորեն կապված են», – ընդգծել է նա։
Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասը բախվել է նոր իրողությունների՝ ճանապարհ բացելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար։
«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից և վերանայի իր դիրքորոշումները։ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, և մենք դեմ չենք եղել։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը: Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ այժմ տարածաշրջան պետք է գա խաղաղությունն ու համագործակցությունը։ «Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման վրա՝ իրականացնելով կարեւոր ծրագրեր։ Դա անելու համար բոլոր երկրները պետք է հասկանան միմյանց և պետք է մասնակցեն գործընթացին։ Ոչ ոք չպետք է հետ մնա, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է Չավուշօղլուն։
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի մոտալուտ ագրեսիայի մասին պնդումների շուրջ Արևմուտքի կողմից բորբոքված ոգևորությունը հարվածում է Ուկրաինային, ներառյալ այդ երկրի տնտեսությանը:
Նրա խոսքով, Թուրքիան իր միջնորդական ջանքերում գիտակցում է, որ խնդրի արագ լուծում չի լինի։ «Միևնույն ժամանակ, այս փուլում կարևոր են քայլերը էսկալացիայի մակարդակը նվազեցնելու և վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Իրավիճակն այնքան սարսափելի չէ, որքան պատկերում են Արևմուտքում, բայց նաև լուրջ է»,- նշել է նա։
Չավուշօղլուն այնուհետև ուշադրություն է հրավիրել Հունաստանի հետ հարաբերություններում առկա հակասությունների վրա։
Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել է միջազգային պայմանագրերի կոպիտ խախտման մեջ՝ շեշտելով, որ Հունաստանը զենք է տեղակայել զինվորականների համար փակ համարվող կղզիներում։
Նա Հունաստանին նաև մեղադրել է միգրանտների հետ կապված միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների խախտման մեջ։ «Աթենքում մեզ ասում են, որ Հունաստանը չափազանց շատ անօրինական միգրանտների է հոսքի է ենթարկվում: Բայց դա նրանց իրավունք չի տալիս ոտնահարել մարդու իրավունքները։ Այսօր Թուրքիայում կա մինչև 5 միլիոն փախստական և միգրանտ։ »,- ասել է Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ միգրացիայի հարցը քաղաքական չէ, այլ՝ զուտ մարդասիրական։
Պատասխանելով արդեն 54 տարի անհաջող կիպրական հակամարտության կարգավորման ուղիների մասին հարցին՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրքական կողմն այլևս մտադիր չէ քննարկել կղզու դաշնային կառուցվածքի թեման։
«Երկար տարիների բանակցությունների ձախողման պատճառը մնում է կիպրահույների դիրքորոշումը։ Կղզում դաշնային միացյալ պետություն ստեղծելու թեման այլևս չի քննարկվի»,- ընդգծել է Չավուշօղլուն։