«Բանակում բարեփոխումների մասին խոսելիս պետք է հասկանալ՝ 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ վերլուծություններ և գնահատականներ կան». Վիտալի Մանգասարյան
Փետրվարի 9-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ բանակում բարեփոխումների հայեցակարգի հետ կապված հարցին ի պատասխան, որ դրա առանձին էլեմենտներ չեն քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է՝ պաշտպանությանն առնչվող նոր հայեցակարգն իր կողմից ամբողջությամբ ընդունելի չէ:
168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը նշեց՝ եթե պաշտպանական գերատեսչության գործող նախարարը նման արձանագրում է անում, ստացվում է՝ ավելի քան մեկ տարի այդ գործընթացի պատասխանատուները, մեղմ ասած, թերի են աշխատել, ուստի ակնկալել, որ մոտ ժամանակներում կունենանք բարեփոխումների հաստատված հայեցակարգ, իրատեսական չէ:
«Բանակում բարեփոխումների մասին խոսելիս նախ պետք է հասկանալ՝ ո՞րն է բարեփոխվող բանակի առջև դրված գլխավոր խնդիրը կարճաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում, 44-օրյա պատերազմից հետո ի՞նչ վերլուծություններ և գնահատականներ կան:
Կարծում եմ՝ այդ վերլուծությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է ներգրավել հասարակության լայն շերտեր, որոնք այս կամ այն չափով տիրապետում են բանակի խնդիրներին, և ներկա իրողությունների պայմաններում կփորձեն, իրավիճակայինից բացի, համակարգային և ինստիտուցիոնալ լուծումներ գտնել:
Նման մոտեցման դեպքում զուգահեռ կլուծվի նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր՝ բանակի հանդեպ հասարակության վստահության բարձրացման խնդիրը, որը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, օբյեկտիվ պատճառներով անկում է ապրել»,- ասաց ռազմական վերլուծաբանը:
Այս համատեքստում Մանգասարյանը նշեց, որ սպառազինության գնման հարցում պետք է հաշվի առնել՝ ի՞նչ սպառազինություն է նախատեսել ձեռք բերել հակառակորդը, և, ըստ այդմ, պլանավորել երկարաժամկետ և կարճաժամկետ գործողությունների պլան։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարի դիտարկմամբ՝ կարևոր է նաև ձեռք բերվող նորարարական տեխնիկայի համար որակյալ անձնակազմ պատրաստելու խնդիրը, ինչը նույնպես համակարգային լուծում է պահանջում:
«Այս փուլում այդ խնդիրը գոնե մասամբ լուծելու համար պետք է օրակարգում պահել պայմանագրայինների, սպայական և սերժանտական կազմի աշխատավարձերի բարձրացման հարցը։ Հասկանալի է՝ ՌԷՊ կամ ՀՕՊ ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող անձնակազմը, որը գործ ունի մի քանի տասնակ միլիոն դոլարանոց տեխնիկաների հետ, առնվազն միջինից բարձր հմտություն պիտի ունենա, և այս կատեգորիայի մարդկանց բանակ բերելու կամ բանակում պահելու համար համապատասխան քայլեր պետք է իրականացնել։ Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար բերեմ մի օրինակ. ցանկացած ռազմական ուղղաթիռի օդաչուին հնարավոր է շատ կարճ ժամանակում սովորեցնել մարտական դիրք կամ հենակետ պահպանելու կամ պաշտպանելու կանոնները, սակայն չափազանց դժվար է այդ ամենն իրականացնել հակառակ ուղղությամբ։ Ուստի, այսպես ասած, ինտելեկտուալ ստորաբաժանումներում ծառայելու մոտիվացիան բարձրացնելու նպատակով բարեփոխումների տրամաբանության մեջ պետք է ներառել նաև այսօրինակ մոտեցումներ։ Բանակը պետք է ունակ լինի տարբեր խնդիրներ լուծել՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական՝ կախված իրավիճակից, նպատակահարմարությունից և մի շարք այլ գործոններից»,- շարունակեց Վիտալի Մանգասարյանը:
Իսկ թե հաշվի առնելով աշխարհաքաղաքական և անվտանգային ներկա մարտահրավերները, արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված և խորացող իրավիճակը, ո՞ր ուղղությամբ սպասել ադրբեջանաթուրքական տանդեմի հրահրմամբ լարվածության սրացում, ռազմական վերլուծաբանը լարվածության աճ հավանական համարեց ցանկացած ուղղությամբ:
«Թշնամին որդեգրել է մի շատ պարզ մարտավարություն՝ հնարավորության դեպքում փորձել այս կամ այն չափի վնաս հասցնել մեզ, դա տարբեր փուլերում կարող է արտահայտվել տարբեր ձևով, և մեր բոլոր գործողությունները պետք է բխեն նրանց այդօրինակ վարքի տրամաբանությունից։ Արցախում անվտանգային աստիճանն այս փուլում զգալիորեն ավելի բարձր է, քանի որ, բացի ՊԲ-ից, այնտեղ մեծ դեր ունի ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, սակայն երկարաժամկետ կտրվածքով սպառնալիքները չեզոքացված չեն, և Պաշտպանական բանակը պետք է կարողանա հնարավորինս արագ ռեաբիլիտացիոն շրջան անցնել և կարողությունները վերականգնելուց հետո փորձել այն մեծացնել։ Պետք է նաև ուշադիր հետևել աշխարհաքաղաքական անվտանգային մարտահրավերներին, տարբեր վերադասավորումներին և մեր տարածաշրջանի հետ այս կամ այն կերպ փոխկապացված երկրների շահերին»,- եզրափակեց ռազմական վերլուծաբանը: