
Դատավորների, դատախազների և քննիչների համար միասնական կենսաթոշակային պայմաններ են սահմանվել

Կառավարությունը դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմաններ է սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։ Կառավարությունը նման որոշում կայացրեց փետրվարի 10-ի հերթական նիստում:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից օրենքների նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18 որոշմանը, ինչպես նաև դատախազությունում և քննչական մարմիներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային միասնական պայմանների սահմանումը և կարգավորման միասնականության ապահովումը: Նախագծով առաջարկում ենք կատարել, ըստ էության, Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որն հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում են միասնական պայմաններ մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը պաշտոնավարող ու կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերած մարդկանց համար` վերացնելով սահմանադրական դատարանի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»,- ասաց Մկրտչյանը: