«Թուրքիան իր շուրջ վստահելի գործընկերների առանցք է ձևավորում»

44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանի շուրջ սկսված բոլոր հաղորդակցական ու տնտեսական ուղիների ապաշրջափակման գործընթացը, ըստ էության, տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն Իրանին ստիպում են իրացնել իր տարածաշրջանային տերության ողջ ներուժը, այլապես Իրանը կզիջի և կհրաժարվի իր աշխարհաքաղաքական շահերից Հարավային Կովկասում:

Նախկինում ևս գրել ենք այն մասին, որ Հայաստանը, անկախ իր կամքից, այս փուլում հայտնվել է մեգակոմունիկացիոն նախագծերի «պայքարում», և որքան էլ զարմանալի կարող է դիտարկվել, սակայն շատ բան է կախված հանգամանքից, թե որ կողմ կթեքվի Հայաստանը: Նման իրավիճակում պրոակտիվ դիվանագիտության դեպքում Հայաստանը կկարողանար աշխարհաքաղաքական մեծ խնդիրներ լուծել իր համար, սակայն գաղտնիք չէ նաև, որ Հայաստանի դիվանագիտությունը ներկայումս իր առջև դրված որևէ խնդիր չի կարողանում լուծել:

Պատերազմի ընթացքում Ղարաբաղյան իբրև թե կարգավորման իրանական փաթեթների տապալումից հետո Իրանը մեծ թափով լծվել է տարածաշրջանում ճանապարհների նոր քարտեզի մշակմանը, որում վերջինս, բնականաբար, կարևորում է իր պրոյեկտները, և հետպատերազմյան փուլում Իրանն ակտիվացրել է իր շփումները Հայաստանի և այդ պրոյեկտների բոլոր մասնակիցների հետ: Թերևս, պատահական չէր անցնող տարվա ընթացքում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի աննախադեպ այցը Երևան, որը Հայաստանի հետպատերազմյան տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրների թնջուկում բավարար ուշադրության և կարևորության չարժանացավ: Սակայն Ջայշանկարի այցը Հայաստան-Իրան-Հնդկաստան լուրջ առանցքի ձևավորման, ինչպես նաև՝ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի ու Հյուսիս-Հարավ մուլտիմոդալ տրանսպորտային ցանցի գործարկման հույսեր էր տալիս, որը կարող էր գոնե թե մի փոքր հակակշռել Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակին ու նրանց առաջ քաշած պրոյեկտներին: «Հյուսիս-Հարավ»-ը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ՝ 7200 կիլոմետր երկարությամբ, գլխավոր մայրուղու՝ Վրաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան գործարկումը թույլ չտալու համար Թուրքիան, Պակիստանն առաջ են քաշում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը, ըստ փորձագետների, կկտրի Իրանը Հայաստանից:

Ջայշանկարը, ի դեպ, իր երևանյան այցի ընթացքում հայկական կողմին հրավիրել էր նոր զարգացող իրանական Չաբահար նավահանգիստ, որը ներկայումս շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով և վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Հենց այդ այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ակնարկել էր, որ Պարսից Ծոց-Սև Ծով ծրագրի համաձայնագրի առումով իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հույս էր հայտնել, թե մոտ ապագայում կլինի ստորագրված համաձայնագիր:

Իրանի հիմնական հետաքրքրությունը, իհարկե, վերոնշյալ երկու պրոյեկտներն են: Ինչպես երևում է, վերջին շրջանում իրանական կողմին անհանգստացնում է հայկական կողմի պասիվությունն այս ծրագրերի ուղղությամբ, և Իրանը մտավախություններ ունի, որ հայկական կողմը, տարվելով նոր պրոյեկտներով, որոնցից գլխավորը Թուրքիայի և Ադրբեջանի Թուրանական միջանցքն է կամ Նախիջևանի միջանցքը, որը հայկական կողմը միջանցք չի անվանում, կանտեսի իր շահերն Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, որը, ի դեպ, նշվում է փետրվարի 9-ին, որի կապակցությամբ Հայաստանի և ԻԻՀ ԱԳ նախարարներն ուղերձներով փոխանակվեցին, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հարցազրույց էր տվել՝ նշելով, որ «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի մաս կազմող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագիծը և Հայաստանով անցնող այլ տարանցիկ ուղիները, որոնք «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի մաս են կազմում, կարևոր նշանակություն ունեն Իրանի համար: «Հիմնական և ամենաազդեցիկ նախագիծը Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի չորրորդ տրանշի մի մասն է, որը Քաջարան և Սիսիան քաղաքներն ուղղակիորեն միացնում է մի շարք կամուրջներով և թունելներով: Այս նախագծի իրականացման արդյունքում սահմանից մինչև Երևան երթուղին կկրճատվի մոտավորապես 60 կիլոմետրով, իսկ ժամանակի առումով կնվազի մոտ 2-3 ժամով, ինչը կարևոր զարգացում կլինի: Այդպիսով, հարմար տարբերակ կստեղծվի Իրանի հարավային նավահանգիստներից Սև ծով բեռների փոխադրման համար, ինչը գրավիչ կլինի ոչ միայն Իրանի ու Հայաստանի, այլև այս երթուղու երկու կողմում գտնվող բազմաթիվ երկրների համար»,- ասել էր դեսպանը՝ ակնարկելով, որ առաջարկվող նոր տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհի և Հայաստանի տարածքում՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևորությունը:

Օրերս էլ Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին ասել էր, որ 2023 թ․ ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային-լոգիստիկ միջանցքի գործարկման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը: «Ոչ պաշտոնական նախապատրաստում է ընթանում Թեհրանում և այլ համապատասխան մայրաքաղաքներում համաձայնագրի մասնակից երկրների դեսպանների հետ, այնպես որ, Աստված կտա, շուտով մենք կտեսնենք կարևոր տրանսպորտային միջանցքի ի հայտ գալը տարբեր երթուղիներով՝ տարածաշրջանի երկրների և արտաքին աշխարհի միջև առևտուրը հեշտացնելու համար»,- հավելել է Սաֆարին:
Նա տեղեկացրել էր, որ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև: 2021թ․ դեկտեմբերի վերջին էլ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 29-ին կայացած նիստում Իրանի կառավարությունն առաջարկել է Կապանում հիմնել Իրանի գլխավոր հյուպատոսություն:

«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Թեհրանը հնարավորինս ակտիվ աշխատում է այս երկու՝ մեկը՝ իրանական, մյուսը՝ հնդկական պրոյեկտների ուղղությամբ, որոնք կարող են բեկում մտցնել պատերազմից հետո Հայաստանի կյանքում՝ և աշխարհաքաղաքական, տարանցիկ ու տնտեսական առումով, թե Իրանի, որը կստանա ավելի մեծ ազդեցություն, կփոքրացնի կախվածությունը Թուրքիայից, ինչպես նաև կնվազեցնի Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում:

«Այս պրոյեկտների շուրջ Թուրքիայի, Իրանի և նրանց գործընկերների դիրքավորումը մեր տարածաշրջանի ավելի փոքր մասշտաբի գեոպոլիտիկ դիմակայությունն է, որը ներկայումս ծավալվում է այս նախագծերի շուրջ: Իրանական կողմի մտավախությունը երևի թե այն է, որ այս ծավալուն պրոցեսներում իր շահերը կանտեսվեն, սակայն, ինչպես Իրանից, այնպես էլ Հայաստանից շատ բան է կախված, և գոնե այս փուլում շփումները պետք է անընդհատ լինեն, որևէ գործընթաց չպետք է ուշադրությունից դուրս մնա: Կարծում եմ՝ Պարսից ծոց-Սև ծովի ուղղությամբ կոնկրետ պայմանավորվածություններ արդեն կան, և ինչպես հասկանում ենք՝ այստեղ տեխնիկական հարցերն են մնում, վերջնական համաձայնեցումներ և ստորագրում, առաջընթաց կա նաև հնդկական պրոյեկտի ուղղությամբ, գոնե քննարկումների մակարդակում նկատում ենք ակտիվություն, սակայն գործընթացները կարող են, ինչո՞ւ ոչ, լինել անկանխատեսելի, դրանով է պայմանավորված մտավախությունը, քանի որ գործընթացները, բանակցությունները բազմաշերտ են, Թուրքիան իր շուրջ վստահելի գործընկերների առանցք է ձևավորում, Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման բանակցություններ են ընթանում, Թուրքիան ակտիվ է աշխատում»,- ասաց  վերլուծաբանը՝ ակնարկելով, որ Իրանը փորձել է ակտիվանալ վերջին շրջանում: Նրա կարծիքով՝ Իրանի ու Հայաստանի համար որոշ սահմանափակող գործոններ կան:

«Իրանը հարավկովկասյան ուղղությամբ արդյունավետ աշխատելու մեծ փորձ չունի, իսկ Հայաստանը պատերազմից անմիջապես հետո աշխատում է բազմաթիվ ուղղություններով՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, բնականաբար, նման ծավալի մեջ շատ կարևոր հարցեր կարող են աննկատ մնալ, ուստի պետք է բարձրաձայնել ու համատեղ շահերը պաշտպանել, իսկ Պարսից ծոց-Սև ծով-ը միանշանակ բխում է Հայաստանի ու Իրանի մեծ շահերից, և սա այդ շահերի համար ճակատագրական փուլ է, եթե այսօր դրանք չառարկայանան, վաղը կարող է այլևս հնարավորություն չլինել»,- նկատեց վերլուծաբանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ իրանական կողմը «հեռավորություն պահպանելով» է արտահայտվում այն պրոյեկտների վերաբերյալ, որոնք Թուրքիան է առաջ քաշում: «Այսինքն՝ Իրանը ցույց է տալիս, որ ապաշրջափակման հարցում հետաքրքրված է այս երկու պրոյեկտով, թեև չի կարող հրապարակային մերժել քննարկումներն այլ ուղղություններով»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս