Սելիտրա կարող է էլ չլինի․ կարտոֆիլի ու կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու. Արթուր Խաչատրյան

Խորհրդարանում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ գյուղատնտեսական խնդիրներին՝ տեղեկացնելով, որ կիրակի ֆրակցիայի ղեկավար Սեյրան Օհանյանի հետ այցելել են Շիրակի մարզ, զրուցել ֆերմերների հետ:

«Ուզում եմ միանգամից ասել՝ խնդիրը միայն ֆերմերներին չի վերաբերում. խնդիրը վերաբերում է մեզ բոլորիս՝ թե՛ նրանց, որոնք հաց են աճեցնում, թե՛ նրանց, որոնք այդ հացն ուտում են,- ասաց պատգամավորը՝ մանրամասնելով,- Ժամանակին կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի, սերմացուի և վառելիքի գները. հիմա դա չկա: Ես չեմ ասում, որ սուբսիդավորումը լավագույն լուծումն էր. անձամբ ես կողմ եմ սուբսիդավորել ոչ թե ներմուծողին, այլ դոտացիա տալ արտադրողին:  Դա նախկինում էր, իսկ հիմա գյուղացին մնացել է իր պրոբլեմների հետ մեն-մենակ: Մինչ էկոնոմիկայի նախարարը մտածում է, թե որն է գյուղացուն աջակցելու լավագույն տարբերակը, գարնանացանի նախաշեմին պարարտանյութի սերմացուի և վառելիքի գները նորանոր բարձունքներ են գրավում»:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ մեկ պարկ ամոնիակային սելիտրան, որ դեռ անցյալ տարի վաճառվում էր 6-7.5 հազար դրամով, այժմ վաճառվում է 20 հազար դրամով,  կալիումական պարարտանյութը 7-7.5 հազար դրամից դարձել է  15 հազար դրամ:

Նրա խոսքով՝ գյուղացին, որ անցյալ աշնանը ցորեն է ցանել, այսօր չի կարող պարարտանյութ գնել, որ բերքը չկորչի, ցանքսի վրա կատարած ծախսերը ջուրը չթափեն. «Շատերը վարկ են վերցրել, որ աշնանացան կատարեն, վաղը վարկ վերադարձնելու խնդրի առաջ են կանգնելու: Եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է. մարդկանց սեփական միջոցները չեն հերիքում, իսկ վարկունակությունն ուղղակի բավարար չէ վարկ վերցնելու համար: Շատերը վար ու ցանք չեն անելու. դաշտերը կմնան ամայի:

Գյուղացուն պարարտանյութ հասցնելու հարցն էլ ավելի սրվեց մի քանի օր առաջ, երբ ՌԴ-ն երկու ամսով արգելեց ամոնիակային սելիտրայի արտահանումը, ռուսական սելիտրայի դեֆիցիտը ոչ միայն Հայաստանում կփորձեն լրացնել վրացական արտադրանքով, այլև ամբողջ տարածաշրջանում»:

«Սուբսիդավորման հարցը պետք է լուծվի հիմա,  հենց հիմա, որ ներմուծողները կարողանան ներմուծում կազմակերպել. սելիտրա էլ կարող է չլինի, վաղը ուշ կլինի:

Եթե առաջիկա օրերին հրատապ քայլեր չձեռնարկվեն, վաղը կարտոֆիլի ու կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու: Հասկացե՛ք վերջապես, թանկ պարարտանյութը, սերմացուն և վառելիքը նշանակում են թանկ և քիչ հաց, միրգ, բանջարեղեն և մսամթերք: Այս թանկացումը չի կարող թանկացումների շղթայական ռեակցիա չառաջացնել, և երբ գների աճը վաղը դուրս գա վերահսկողությունից, չփորձեք էլի ձեր ձախողումը բարդել արտաքին շուկաների, քովիդի ու  գլոբալ տաքացման վրա»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս