«Այս իշխանությունը երկիրը գլորում է իներցիայի, անորոշության և անկանխատեսելի գործընթացների դաշտ». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ Եվրասիական տարածությունում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկայում տեղափոխվելու են տարածաշրջանում և առհասարակ աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման, ինտեգրացիոն նոր նախագծերի և բաժանարար գծերի խորացման նոր ժամանակահատված։
«Սա նշանակում է, որ Հայաստանը ստեղծված իրադրությունը և առաջիկա գործընթացները խորը ուսումնասիրելու, իրադրությունը ճշգրիտ գնահատելու, ախտորոշելու կարևոր խնդիր ունի։ Սա ենթադրում է նոր ձևավորվող ռազմաքաղաքական միջավայրում Հայաստանի տեղի ու դերի ամրագրման, բարենպաստ միջավայրի ապահովման, միջազգային խաղացողների համար որպես ընկալելի գործընկերոջ՝ դիրքավորման, և պետական կառավարման համակարգերը տարբեր սցենարների զարգացման անհրաժեշտություն ունի։ Դիվանագիտական հսկայական ջանքեր գործադրելուց զատ՝ անվտանգային համակարգը պետք է նախապատրաստել երկարատև դիմակայությունների շրջափուլի, իսկ դա ենթադրում է համակարգի վերականգնում, արդիականացում և կանխատեսելի նոր սպառանալիքներին դիմակայության իմունիտետի և դիմակայունության ապահովում»,- իր խոսքում նշեց Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների ներկայիս կեցվածքը, անտարբերությունը, տեղ-տեղ գործելու և բացառապես իշխանության պահպանության դիրքերից հանդես գալու քաղաքականությունը ոչ միայն խորացնում է Թուրքիայից ու Ադրբեջանից եկող սպառնալիքները, այլև վստահաբար բերելու է նոր ռիսկերի, որոնք կառավարելուն և չեզոքացնելուն ուղղված որևէ գործնական քայլ այս իշխանությունը չի գործադրում։
«Իշխանությունն իր տիրապետած ռեսուրսները բացառապես վատնում է ներքին քաղաքական գործընթացներում, ընդդիմադիր գործիչների, տարբեր հասարակական դեմքերի, նույնիսկ իր նկատմամբ չեզոք դիրք ունեցող անձանց, խմբերին լռեցնելու համար, և որպես վերջնարդյունք՝ այլակարծությունը սպանելու, հասարակական համերաշխությունը խաթարելու, երկրում պառակտություն մտցնելու և ներքին անկայունություններ հրահրելու համար։
Եթե իշխանությունը կարծում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամությունը, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը և միակողմանի զիջումների գնալը բավարարելու է նրանց քաղաքական օրակարգը, ապա միանշանակորեն սխալվում է։ Այս իշխանությունը երկիրը գլորում է իներցիայի, անորոշության և անկանխատեսելի գործընթացների դաշտ, որի պայմաններում հայկական շահի ապահովումը լուրջ սպառնալիքների տակ է»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։