Թուրքիան զորք կմտցնի Հայաստան՝ Սյունիքում իր կոմունիկացիաները պաշտպանելու անվան տակ. Վարուժան Գեղամյան
Օրերս հրապարակվել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի, Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հարցվածների միայն 5%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է զարգանան, որպեսզի Հայաստանը զարգանա, իսկ 29%-ն այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերություններ։
Ու չնայած հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան համարել է Հայաստանի համար սպառնալիք, հարցման պատկերը բոլորովին այլ լույսի ներքո ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում, որտեղ հրապարակվեց հոդված՝ «Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը» վերնագրով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով IRI-ի հրապարակած հերթական հարցման արդյունքներին, պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասաց, որ չնայած գործող իշխանության կողմից ձեռնարկվող մեդիամանիպուլյատիվ հնարքներին, թվերը ցույց են տալիս ՀՀ բնակչության մոտ առկա իրական տրամադրությունները։
«Այս տվյալները ցույց են տալիս, որ չնայած բոլոր մեդիամանիպուլյացիաներին և քարոզվող խաղաղության կոչերին, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի համար Թուրքիայի և Արդրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը։ Հայաստանցիների 80 տոկոսի մոտ այդ երկրներից կա քաղաքական, տնտեսական և անվտանգային ապառնալիքի գիտակցում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները չեն արտահայտում ՀՀ բնակչության մեծամասնութան կարծիքը, ուստի չեն էլ առաջնորդվում այդ կարծիքը հաշվի առնելով։ Փաստ է մեկ բան՝ այս հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը Թուրքիան և Ադրբեջանը համարում է թշնամի երկրներ»,- ասաց պատմական գիտութունների թեկնածուն՝ ընդգծելով, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը, բացի ՀՀ բնակչության մեծամասնության շահերը հաշվի չառնելուց, չի գիտակցում նաև այդ մեծամասնության ու ողջ պետության առաջ ծառացած իրական մարտահրավերները։
«Մինչդեռ մեծամասնության համար առաջնահերթություն է ոչ թե այս կարգավիճակով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, այլ գերիների վերադարձը, Սյունիքի անվտանգության ապահովումը, Արցախի քաղաքական անվտանգության ապահովումը։ Այս առաջնահերթությունները որևէ կերպ արձանագրված չեն ՀՀ դե ֆակտո իշխանության ծրագրերում»,- ասաց Գեղամյանը։
Նրա խոսքով՝այս պատկերին զուգահեռ՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ռազմական ղեկավարությունը ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չի նվազեցրել հակահայկական ֆաշիստական տրամադրությունները, այլև ընդհակառակը՝ տեսնելով ՀՀ գործող իշխանության վարած քաղաքականությունը, տեսնելով նրանց տրամադրությունները, ավելի են խորացրել այդ հակահայկական տրամադրությունները և հստակ խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, ինչը կբերի Հայաստանի՝ որպես տարածաշրջանում գործոն, վերացման ու տնտեսական ապաշրջափակման, ուստի այս համատեքստում աբսուրդի ժանրից է գործող դե ֆակտո իշխանության՝ խաղաղության քարոզը»,- ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ ՀՀ իշխանությունը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգը մեր երկրում սպասարկողը, ու դա է պատճառը, որ մեր թշնամական երկրներից չենք տեսնում այս իշխանության նկատմամբ որևէ բացասական խոսք. ավելին՝ թուրքական մամուլն անթաքույց աջակցում է Նիկոլ Փաշինյանին։
«Աննախադեպ է, երբ Հայաստանն ու Թուրքիան միմյանց հետ գոյաբանական թշնամիներ են, բայց այդ երկրի մամուլն անթաքույց աջակում է Նիկոլ Փաշինյանին. միայն այս հանգամանքը բավարար պետք է լիներ, որ ՀՀ դե ֆակտո իշխանության նկատմամբ քրգործ հարուցվեր, սակայն չեմ բացառում, որ այս կամ այն պատրվակի անվան տակ Թուրքիայից հայտարարեն, որ իրենց այս կամ այն կոմունիկացիաները վտանգված են, դրանք պաշտպանելու անվան տակ կարող են զորք մտցնել Հայաստան, օրինակ, Սյունիքի մարզ. դա կանեն այնպես, ինչպես զորք մտցրեցին Սիրիա»,- ասաց Գեղամյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում