«Այս պահին քննարկման առարկա չեն կարող լինել կառավարման ձևի փոփոխությունը, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկի միացումը կամ որևէ այլ կերպ ՍԴ-ից ձերբազատումը». Ալեքսանդր Հարությունյան

Հայաստանում հերթական անգամ նախաձեռնվել են սահմանադրական բարեփոխումներ, և թվում է, թե անկախացումից ի վեր մեր երկրում այդ գործընթացներն անընդհատ են: Այս առումով հիշատակման է արժանի այն փաստը, որ անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարման ձևը փոփոխվել է արդեն չորս անգամ։

Այս մասին, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հերթական նախաձեռնությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Հարությունյանը:

«1991 թ. սահմանադրական օրենքների հիման վրա խորհրդային կառավարման ձևից անցում կատարվեց դեպի կառավարման ﬕ նոր ձև, որն առավել նույնականորեն կարելի է բնորոշել՝ որպես «հիբրիդային», քանի որ ներառում էր՝ ինչպես խորհրդային, այնպես էլ՝ նախագահական և կիսանախագահական կառավարման մոդելների համար յուրահատուկ տարրեր։ 1995թ. Սահմանադրությամբ ձևավորվեց խիստ նախագահակենտրոն (իսկ որոշ մասնագետների կարծիքով՝ գերնախագահական) կառավարման մոդելը։ 2005թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում էականորեն սահմանափակվեցին ՀՀ նախագահի լիազորությունները, և ընդլայնվեցին խորհրդարանի և կառավարության իրավասությունների շրջանակները, և ձևավորված կառավարման մոդելը կարելի է բնորոշել՝ արդեն որպես խորհրդարանական-նախագահական կառավարման մոդել, որն այնուաﬔնայնիվ չկորցրեց իր ավելի շատ նախագահակենտրոն հատկանիշները։ Վերջապես՝ 2015թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում անցում է կատարվում խորհրդարանական կառավարման մոդելի, որն առավել ճշգրիտ կարելի է բնորոշել՝ որպես վարչապետակենտրոն»,- անկախության շրջանի սահմանադրական կառավարման մոդելները ներկայացրեց Ալեքսանդր Հարությունյանը:

Վերջինս նկատեց՝ բազմիցս անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ այս, իրարից այդքան տարբեր մոդելներն ունեին ﬔկ ընդհանրություն. Բոլորը կառուցված էին անձի շուրջ, ինչի արդյունքում տեղի էր ունենում իշխանության անձնավորում:

«Նոր ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստում հնչեցվեցին կարծիքներ հասարակության մեջ համերաշխություն հաստատելու, սահմանադրության աուդիտի, դատական համակարգի վեթինգի և գաղտնի օրակարգի բացակայության մասին: Սա, անշուշտ, ոգևորող և դրական կգնահատվեր, եթե սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնած իշխանության գործողությունները ակնհայտորեն չհակասեին վերոնշյալ թեզերին: Այդ գործողությունների շարքին կարելի է դասել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգ-կոչով օրենսդիր և դատական իշխանության հանդեպ ոտնձգությունները, որոնք դրսևորվել են ՀՀ ԱԺ և դատարանների շենքերի շրջափակմամբ, ոչ իշխանահաճո որոշումներ կայացրած դատավորների և համայնքներում ընտրված իշխանական ուժը չներկայացնող անձանց նկատմամբ հետապնդումները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) նկատմամբ իշխանական ուժը ներկայացնող ՀՀ ԱԺ պատգամավորների դրսևորած վերաբերմունքն ու հնչեցված սպառնալիքները և այլն»,- ասաց նա:

Սահմանադրագետը կարծում է՝ այս ամենի համադրության լույսի ներքո պետք է ուշադրություն սևեռել այն փաստի վրա, որ աշխարհի զարգացմանը զուգահեռ՝ ժողովրդավարության տապալման ավանդական մեթոդները, ինչպիսիք են, օրինակ, ռազմական հեղաշրջումը, անկում են ապրում, իսկ սահմանադրական գործիքակազմի օգտագործումը ոչ ժողովրդավարական վարչակարգեր ստեղծելու համար գնալով ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում:

«Ժամանակակից աշխարհում բավականին տարածված է սահմանադրական փոփոխությունների մեխանիզմի կիրառումը ժողովրդավարական կարգը քայքայելու համար: Նման սահմանադրական գործընթացների արդյունքում ծնված սահմանադրություններն արտաքինից ժողովրդավարական տեսք են ունենում, բայց ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ բովանդակում են դրույթներ, որոնք ուղղակիորեն միտված են ժողովրդավարության հիմքերի խարխլմանը: Ի դեպ, գործող սահմանադրությունը ևս բովանդակում է այդպիսի դրույթներ, ինչպես, օրինակ, խորհրդարանում այնպիսի մեծամասնության առկայության հնարավորությունը, որի դեպքում ընդդիմադիր խորհրդարանական ուժերը կրում են ձևական բնույթ: Ձևավորված իրավաքաղաքական սովորույթ և կուսակցական մշակույթ չունեցող երկրում դա անթույլատրելի է»,- ասաց Ալեքսանդր Հարությունյանը:

Ըստ այդմ, վերջինիս համոզմամբ՝ սահմանադրության աուդիտը, որի մասին խոսեց ՀՀ արդարադատության նախարարը, պետք է բաղկացած լինի երկու հիմնական ուղղությունից` ՀՀ Սահմանադրության և վերջինիս փոփոխությունների վերլուծության արդյունքում այնպիսի ընդհանուր խնդիրների վերհանում, որոնք խոչընդոտել են ժողովրդավարական ներուժի դրսևորմանը բոլոր երեք կառավարման ձևերի դեպքում;

Սահմանադրության այնպիսի դրույթների վերհանում և փոփոխում, որոնք հնարավորություն չեն տալիս, որ գործող սահմանադրությունը կարողանա իրեն լիարժեք ժողովրդավարական կերպով դրսևորել:

Հարցին՝ կարո՞ղ է քննարկման առարկա դառնալ կառավարման ձևի փոփոխությունը, սահմանադրական իրավունքի մասնագետը տվեց բացասական պատասխան:

«Այս պահին քննարկման առարկա չեն կարող լինել կառավարման ձևի փոփոխությունը, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միացումը կամ որևէ այլ կերպ Սահմանադրական դատարանից ձերբազատումը: Հայաստանն ունեցել է «մերձնախագահական» և կիսանախագահական մոդելներ, և դրանք չեն աշխատել, հետևաբար՝ վերադարձն այդ մոդելներին հղի է հայ հասարակության համար հերթական հետընթացով»,- ասաց նա:

Սահմանադրական դատարանը, իր հերթին, սահմանադրագետի համոզմամբ, որպես ոչ մեծամասնական մարմին՝ գերկարևոր դեր ունի ժողովրդավարական կարգի պահպանման և զարգացման հարցում:

«Հայաստանի Հանրապետության նման երկրում, որտեղ տակավին ձևավորված չեն իրավաքաղաքական սովորույթն ու մշակույթը, նման մարմինների վերացումը հղի է ժողովրդավարության և սահմանադրականության ճգնաժամով: Անկախ, թե ինչ ուղղությամբ կգնան աշխատանքները, սահմանադրական վերահսկողության գործառույթն իրականացնող և անկախության երաշխիքներով օժտված մարմնի վերացումը կփաստի այս գործընթացի հակասահմանադրական լինելը և դրա` նեղ իշխանական շահեր սպասարկելու նպատակը»,- նշեց նա:

Ալեքսանդր Հարությունյանը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական սահմանադրական բարեփոխումների նախաշեմին հիմնական հարցը չի փոխվել:

«Կարո՞ղ են արդյոք մայր օրենքի վրա աշխատողներն այնպիսի կարգավորումներ տալ և այնպիսի մոտեցում ցուցաբերել, որ պետությունը հնարավորություն ունենա կանգնել իրավունքի գերակայության և կայուն զարգացման ճանապարհի վրա: Եթե ոչ, ապա շատ մոտ ապագայում մենք ականատես կլինենք նոր սահմանադրական փոփոխությունների և կկրկնենք արդեն սովորական դարձած շրջանը: Չստացվի այնպես, որ սահմանադրական փոփոխությունները դառնան հակասահմանադրականության հաստատման վտանգ»,- եզրափակեց սահմանադրագետը:

Տեսանյութեր

Լրահոս