ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը ՉԺՀ-ին մեղադրել է ույղուրների խնդրից ուշադրությունը շեղելու փորձերի մեջ
Չինաստանը փորձել է ուշադրությունը շեղել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական շրջանում ույղուրների եւ մյուս ազգային փոքրամասնությունների խնդրից՝ Խաղերի արարողության բացմանը ույղուր դահուկորդ Դենիգեեր Ալամուցզյանին ընտրելով Օլիմպիական կրակը վառելու համար: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Այդ ընտրությունը «չինացիների փորձն էր՝ մեզ շեղելու իրական խնդրից, այն բանից, որ ույղուրներին տանջում են, որ ույղուրները մարդու իրավունքների խախտումների զոհեր են»,-ասել է նա CNN հեռուստաալիքի եթերում:
Նա հավելել է. «Կարեւոր է, որ հանդիսականները, որոնք մասնակցել եւ դրա ականատեսներն են եղել, հասկացել են, որ դա չի վերացնում այն, ինչը, ինչպես մենք գիտենք, տեղի էունենում տեղերում», նշելով, որ «մենք հստակ հասկանալ ենք տվել, թե Չինաստանում հանցագործություններ են կատարվում մարդկայնության դեմ»: Օլիմպիական կրակը Պեկինի մարզադաշտում Խաղերի բացման արարողությանը վառել են դահուկորդներ Դենիգեեր Ալամուցզյանը եւ Չժաո Ցզյանվենը:
ԱՄՆ-ը հետեւողականորեն մեղադրում է Չինաստանի իշխանություններին սինցզյանցի ույղուրներին ճնշելու եւ հետապնդելու մեջ, Վաշինգտոնը այդ պնդումների հիման վրա նույնիսկ արգելք է սահմանել Սինցզյանից ապրանքների ներմուծման վրա, հայտարարելով, որ դրանք արտադրվում են հարկադրական աշխատանքի օգտագործմամբ:
Սինցզյանում մարդու իրավունքների խախտումների պատճառով ԱՄՆ-ը եւ նրա այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Կանադան, հայտարարել են Պեկինի Օլիմպիադայի «դիվանագիտական բոյկոտ»՝ Խաղերի բացմանը չուղարկելով պաշտոնական ներկայացուցիչների պատվիրակություններ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: