Ինչպիսի խնդիրների հետ են բախվում Օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողները
Պեկինի Օլիմպիական խաղերը լուսաբանող բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ «ԱմերիկայիՁայն»-ին են ասել, որ իրենց անձնական տեղեկությունը պաշտպանելու համար իրենց հետ են բերել այնպիսի հեռախոսներ ու նոութբուքեր, որոնք չեն պարունակում որևէ անձնական տվյալ
Ձմեռային Օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողների համար Չինաստանում գործում են տեղաշարժի հետ կապված որոշ սահմանափակումներ կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Սակայն COVID-19-ի սահմանափակումները միակ մարտահրավերը չէ։ Մեկ այլ խնդիր է թվային միջոցների գաղտնիությունը, որն ապահովելու համար լրագրողները միջոցներ են ձեռնարկում:
The Globe and Mail-ի թղթակից Ջեյմս Գրիֆիթսը Ամերիկյաի ձայնի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ձեռքում եղած բոլոր տեխնիկական միջոցները, ներառյալ համակարգիչը, հեռախոսն ու iPad-ը, չեն պարունակում որևէ անձնական կամ ֆինանսական տվյալ:
Չինաստանը լրագրողների աշխատանքի համար ամենադժվար երկրներից մեկն է:
«Սա չափազանց վերահսկվող երկիր է, որը ղեկավարվում է մի կառավարության կողմից, որը հայտնի է պետականորեն հովանավորվող բազմաթիվ հաքերային հարձակումներով և հսկայական քանակությամբ անձնական տվյալների հավաքագրմամբ, ինչպես ներսում, այնպես էլ` ենթադրաբար դրսում»,- ասում է Ջեյմս Գրիֆիթսը:
Այս շաբաթ Չինաստանի օտարերկրյա թղթակիցների միությունը նախազգուշացրեց, որ մամուլի ազատությունը «կտրուկ արագությամբ» նվազում է երկրում: Այն վկայակոչում է իրավական գործողություններ կատարելու աճող սպառնալիքները և օտարերկրյա լրագրողների նկատմամբ պետության կողմից աջակցվող հարձակումները:
Մինչ այս պահը, որևէ խնդիր դեռևս չի արձանագրվել օլիմպիական խաղերը լուսաբանող լրագրողների կողմից՝ չնայած առկա տեղաշարժի սահմանափակումներին:
Դա անհրաժեշտ փոխզիջում է, ասում է The Sydney Morning Herald-ի ավստրալիացի լրագրող Էրիկ Բագշոուն: Ըստ նրա՝ այստեղ ամենուր առկա են տեսախցիկներ, որոնք վերահսկում են լրագրողներին:
Հարցազրույցի ընթացքում Բագշոյին ընդհատեցին միջոցառման կազմակերպիչները՝ նրան հիշեցնելով, որ անհրաժեշտ է հանձնել կորոնավիրուսային թեստ:
«Ես կավարտեմ տեսակապով այս զրույցը և հետո նոր կիջնեմ: Այնտեղ կլինեմ 10 րոպեից, եթե հարմար է: Շատ շնորհակալություն. Ցտեսությո՛ւն…»,- ասաց նա իր հետ կապ հաստատած զրուցակցին:
Չինաստանում համաճարակի ժամանակ Օլիմպիական խաղերի լուսաբանումն առերեսվում է մի շարք մարտահրավերների հետ: