Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման արդյունքում տեղի է ունենալու կապիտալի կենտրոնացում, վերաբաշխում մի քանի հոգու ձեռքում․ Վահագն Գրիգորյան
«Տեսականորեն ըստ օրենքի՝ ուսումնասիրվող անձ կարող է լինել յուրաքանչյուր ոք: Օրենքը սպառիչ սահմանում է վարույթ սկսելու հիմքերը, և դրանք կարող են վերաբերվել՝ ինչպես պաշտոնատար անձանց, այնպես էլ՝ սովորական քաղաքացիների»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «CM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին:
Հարցին՝ ի՞նչ է անհրաժեշտ վարույթ սկսելու համար, Վահագն Գրիգորյանը պատասխանեց՝ օրենքը սահմանում է հանցագործությունների երկար ցանկ, որոնցից, օրինակ, կաշառք տալու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ու անձին՝ որպես մեղադրյալ ներգրավելու դեպքում էլ հենց կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ սկսվել:
«Ըստ էության կարևոր էլ չէ, թե կաշառքի գործով քրեական վարույթի ճակատագիրն ինչպիսին կլինի: Մեղադրյալի կարգավիճակը ստացվելուն պես վարույթը հարուցվում է, հետո միգուցեև դատարանով անձն արդարացվում է, բայց դա ապօրինի գույքով վարույթի վրա չի ազդի. Այն կշարունակի ընթանալ»,- ասաց Վահագն Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է վարույթի պրոցեսում հաշտեցման գնալուն, ըստ Վահագն Գրիգորյանի՝ անձը, համաձայն օրենքի, պետության հետ կարող է հաշտվել վարույթի շրջանակներում՝ իր գործի առնվազն 75%-ը պետությանը փոխանցելով:
«Օրենքը ոչ մի չափանիշ չի տալիս, որ, եթե անձը համաձայնում է այդ չափին, արդյո՞ք դատախազությունը դա պետք է ընդունի, թե՞ կարող է ասել, որ ոչ թե 75, այլ 90 %-ը պետք է հանձնի: Դա հայեցողական նորմ է: Սակայն այդ 75%-ի չափն էլ դատախազության կողմից շատ խնդրահարույց ձևով է մեկնաբանվում»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա՝ եթե դատախազությունն իսկապես ցանկանում է հաշտվել, ի սկզբանե պետք է ներկայացնի այնպիսի պահանջներ, որոնք մարդկանց համար ընդունելի կլինեն:
Հարցին՝ կարո՞ղ է գործընթացի ինչ-որ փուլում դատախազության կողմից որպես ապօրինի ծագում ունեցող գույքի արժեք՝ նշվել որոշակի գումար, ու հետո այն նվազի, Վահագն Գրիգորյանը նկատեց՝ այո, որովհետև դատարանում անձի ներկայացուցիչը կարող է որոշակի փաստարկներ ներկայացնել, և դատախազությունը գումարի ինչ-որ չափի հայցից կարող է հրաժարվել:
«Դատախազությունը պետք է հիմնավորի, ընդ որում, առաջնային ապացուցման բեռը կրում է դատախազությունը, որ անձի ձեռքբերումները չեն հիմնավորվում նրա օրինական եկամուտներով: Օրինական եկամուտը երևացող եկամուտը չէ: Այդ հասկացությունները նույնական չեն: Ճիշտ մեկնաբանության դեպքում դատախազության համար շատ դժվար է լինելու հիմնավորել, որ անձի օրինական եկամուտներով չեն հիմնավորվում անձի գույքային ձեռքբերումները»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանում (ՍԴ) օրենքի վիճարկմանը, Վահագն Գրիգորյանն ասաց՝ խնդրահարույց նորմեր, իհարկե, օրենքում կան:
«Խնդրահարույց կարգավորումներից մեկը հետադարձ ուժի գաղափարն է»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով այն հարցին՝ այս վարույթն առհասարակ անձի՞, թե՞ գույքի դեմ է ուղղված, փաստաբանն ասաց՝ ի սկզբանե նշվում էր, որ սա գույքի դեմ գործընթաց է, սակայն կարող է այնպիսի գումարային պահանջ ներկայացվել, որ ամբողջ գույքերն էլ անձը վաճառի, չկարողանա վճարել:
«Հնարավոր է, եթե դատարանում չես պաշտպանվում, ոչ միայն ամբողջ գույքդ կորցնես, այլև այնպիսի պարտքերի տակ ընկնես, որ ամբողջ կյանքում չկարողանաս տակից դուրս գալ»,- ասաց Վահագն Գրիգորյանը:
Փաստաբանը կարծում է՝ բռնագանձված գույքն էլ ինքնին խնդրահարույց է:
«Դատարանի վճռով տեսականորեն կարող է բռնագանձվել գումար, գույք կամ բիզնես: Բռնագանձվող գումարն այն գումարը չի կարող լինել, որ երկրի համար ինչ-որ հարց լուծի: Բռնագանձված գույքը, որի վերաբերյալ դեռ պետք է պահպանման ծախսեր կրել, ավելի շատ վնաս է, քան օգուտ: Պետք է կարողանալ այդ գույքերը վաճառել: Եթե տեսականորեն այդ գույքերը ձեռք բերելու հնարավորություն ունեցող տարբեր մարդկանց նկատմամբ այդ վարույթները հարուցվել են, պարզ է, որ ձեռք բերողների շրջանակը շատ սահմանափակ է»,- ասաց Վահագն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ձեռք բերողը, ամենայն հավանականությամբ, պետք է լինի օտարերկրյա ներդրող:
«Դա ինձ համար խնդրահարույց է այն առումով, որ հնարավոր է՝ պետությունը չկարողանա նորմալ ֆիլտրացիա անել, և, օրինակ, ենթադրենք՝ դա երկու տարի հետո կարող է լինել թուրքական ներդրող»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է բիզնեսին, փաստաբանը նշում է՝ եթե հաջողակ բիզնեսը բռնագանձվում է, դա դեռ չի նշանակում, որ այն հետո էլ շահութաբեր է լինելու, քանի որ բիզնեսի հաջողությունը շատ դեպքերում կախված է այն կառավարողներից:
«Հենց սա է պատճառը, որ ես դեմ եմ այս օրենքին, որովհետև կարծում եմ՝ արդյունքը չարժի այն ցնցումները, որն այն առաջացնելու է»,- ասաց Վահագն Գրիգորյանը:
Վերջինս նկատեց՝ կա սեփականության վերաբաշխման վտանգ:
«Արդյունքում՝ տեղի է ունենալու կապիտալի կենտրոնացում, վերաբաշխում մի քանի հոգու ձեռքում»,- ասաց Վահագն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում