Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. փետրվարի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ,  անվանի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994 թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:

1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Ա. Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Տեսանյութեր

Լրահոս