Մահացել է Արթուր Գրիգորյանը

Այսօր 63 տարեկանում մահացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։

«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,– ինստրագամյան իր էջում գրել է երգիչ Արա Մարտիրոսյանը։

tert.am–ի տեղեկություններով՝ վերջին օրերին նա գտնվում էր հիվանդանոցում, վիճակը ծանր էր։

168.am–ը ցավակցում է Արթուր Գրիգորյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին և երկրպագուներին։

Ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին, Երևանում:

1965-75թթ․ սովորել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև` կոմպոզիցիայի դասարանում:

1976-78թթ․ եղել է Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատի էստրադային խմբի ղեկավարը:

1975-79թթ․ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

1981-83թթ․ և 1987թ-ից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում:

1983-84թթ․ աշխատել է գեղագիտական էսթետիկական կենտրոնում: 1984-91թթ սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում:

1985-88թթ․ եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ:

1992թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

1994թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր:

1995-98թթ․ եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը, 2001թ-ից՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009թ-ից` խորհրդատու:

Եղել է ռեժիսոր և հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը:

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ: Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով:

1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ»-ով:

2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Տեսանյութեր

Լրահոս