Երևանում պայթուցիկ առարկայի միջոցով պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունարի 26-ին գույքի՝ դիտավորությամբ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Արմեն Ղ-ից, ով հայտնել է, որ Նորագավիթի արագաչափի հարևանությամբ կայանված տրակտորը պայթեցրել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։30-ի սահմաններում անհայտ անձը պայթուցիկ առարկայի միջոցով դիտավորությամբ վնասել է Արտաշատի խճուղու 57/1 հասցեում կայանված «ԱՄՄ-ԱՆՆ» 2278 ասֆալտահարթիչը։
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի հետաքննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է վնասի չափը, փաստի առթիվ «Դերկուտ» ՍՊԸ-ի պահնորդի կողմից արդեն հաղորդում է ընդունվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ասֆալտահարթիչը պատկանում է Գորիսի քաղաքապետ, կալանավորված Առուշ Առուշանյանի ընտանիքին։