Պատերազմում զոհված հոր մահից 2 ամիս անց ծնված երեխայի հայրությունը ճանաչելու պահանջը մերժած դատավորին հայտարարվեց խիստ նկատողություն

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր (ԲԴԽ) ձայների 8/1 հարաբերակցությամբ խիստ նկատողություն հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին:

Խիստ նկատողություն կարգապահական տույժին դեմ է եղել միայն ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Միշայի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. վարույթը հարուցվել էր փաստաբանների բողոքի հիման վրա։

Փաստաբան Դիանա Գրիգորյանը, որը վարույթ հարուցելու խնդրանքով դիմել էր հանձնաժողովին, ԶԼՄ-ների հետ զրույցում պատմել էր, որ 44-օրյա պատերազմում զոհված Վրեժ Պողոսյանի այրին՝ Վերոնիկա Մնացականյանը, հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ նորածնի հայրության ճանաչման պահանջով, քանի որ երեխան ծնվել էր հոր մահից երկու օր անց, սակայն դատարանը վեց-յոթ ամիս գործը քննելուց հետո մերժել էր հայրության ճանաչման պահանջը՝ պատճառաբանելով, որ չեն պահպանել արտադատական կարգը, այսինքն՝ դատարան են դիմել՝ առանց հայրության ճանաչման գրանցման համար ինչ-որ մարմնի կողմից մերժում ստանալու։
Փաստաբանը նշել էր, որ գործի մասին պատահաբար է իմացել, դատարանում ներկայացուցիչն ինքը չի եղել։

Ուշագրավ է, որ ՀՀ-ում գոյություն չունի այնպիսի մարմին, որ կիրականացներ երեխայի հայրության գրանցման գործընթացը։ ՔԿԱԳ-ը հայրության գրանցում է իրականացնում՝ երկու ծնողների համատեղ դիմումի հիման վրա, իսկ այն դեպքերում, երբ ծնողներից մեկը մահացել է, մեկ ծնողի դիմումի հիման վրա ՔԿԱԳ-ն իրավունք չունի նման գրանցում իրականացնելու, հետևաբար, չկար ՀՀ-ում այնպիսի մարմին, որին ենթադրյալ դիմելու պահանջը հայցվորը չէր կատարել, ուստի, դատարանն այդ մասով թույլ էր տվել դատավարական նորմի ակնհայտ կոպիտ խախտում։

Հետաքրքիր է, որ նմանատիպ գործերով օրինակ, դատավոր Զարուհի Նախշքարյանը բավականին արագ վճիռներ է կայացրել՝ հօգուտ երեխաների հայրության ճանաչման իրավունքի:

Այս գործով դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է և դատարանի վճիռը բեկանվել, ուղարկվել է նոր քննության, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը ևս արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի դատավորը կայացրել է անօրինական վճիռ, նույն դիրքորոշմանը հանգել է նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ գտնելով, որ առկա է կարգապահական վարույթի հարուցման հիմք։

Արթուր Մկրտչյանին ևս մեկ նկատողություն տալու դեպքում կկասեցվեն վերջինիս՝ որպես դատավորի լիազորությունները:

Տեսանյութեր

Լրահոս