«Մենյու.էյէմ»-ի նման պատվիրում են՝ անմիջապես պատվերը տեղ են հասցնում, էլի. Հակոբ Ավետյան
Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների խմորը դեռ երկար ջուր կքաշի: Երեկ ականատես եղանք հետընտրական հերթական արարին. Վարչական դատարանը մասնակի բավարարեց Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արամ Մելքոնյանի՝ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներին վերաբերող որոշումը անվավեր ճանաչելու հայցը:
Հիշեցնենք՝ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էին, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել էին և ունեին ընդհանուր թվով 14 մանդատ:
Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի էր ունեցել ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում էին՝ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով:
Ավելին՝ հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի աջակից, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն անդրադառնալով դատարանի որոշմանը՝ նշեց. «Փաստաբանն արդեն ասել է, որ կդիմի վերաքննիչ դատարան: Մենք բողոքարկելու ենք:
Մենք սրանով տեսանք, որ Հայաստանում ոչ մի դատարան, ոչ մի արդարադատություն չի գործում. ամեն ինչը պատվերով է. «Մենյու.էյէմ»-ի նման պատվիրում են՝ անմիջապես պատվերը տեղ են հասցնում, էլի։ Բայց դե, մեր պահանջը մեր ձայները պաշտպանելն է. նորից դիմելու ենք, ամեն ինչ անելու ենք, որպեսզի օրինական ճանապարհով կարողանանք մեր հաղթանակը պաշտպանել:
Մեր կառավարության և հատկապես Գնել Սանոսյանի և իր թիմակիցների ուզածն այն է, որ, քանի որ չկարողացան կոտրել, ոչ մեկին չկարողացան տանել իրենց կողմ, ճնշումները չազդեցին ոչ մեկի վրա, հիմա ուզում են արհեստական խոչընդոտներ սարքել, որ ավագանու նիստ չկայանա, համայնքի ղեկավար չընտրվի, ու տանեն նոր ընտրությունների վեց ամիս հետո»:
Հակոբ Ավետյանը նշում է, որ ժողովրդի մեծամասնության ձայնը հաշվի չառնելով՝ իշխանությունները ժողովրդին տրամադրում են իրենց դեմ:
«Նույնիսկ այն մարդիկ, որոնք այս կառավարությանն ամեն կերպ պաշտպանում էին ու ընտրել էին, հիմա իրենք էլ են արդեն տրամադրված, քանի որ տեսնում են՝ ոտնահարվում են իրենց իրավունքները»,- հավելեց Գեղամասարի ղեկավարը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նա տեղեկացրեց նաև, որ այս պահին կրակոցներ չկան, բայց լարվածություն միշտ կա. «Իրենք դիրքերում ինժեներական աշխատանքներ այնքան են կատարել, որ հիմնավորվել, ամրապնդվել են ամեն ձևով»:
Հիշեցնենք՝ մամուլը մեկ անգամ չէ գրել, որ Արամ Մելքոնյանը Գեղարքունիքի նախկին մարզպետ, այժմ արդեն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համակուրսեցին է: