«Արամ Մելքոնյանն աներոջ կաթի գործարանում հայտարարել է, որ դատարանն իրենց օգտին վճիռ է կայացնելու»․ Վարդենիսի բնակիչ

Վարդենիս խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում, իշխանությունները ամեն կերպ փորձում են ստանձնել Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։

Համայնքից մեր աղբյուրն ահազանգում է, որ չնայած դատարանն այսօր պետք է որոշում հրապարակի, սակայն ՔՊ-ականները երեկվանից հայտարարում են, որ դատարանը արդեն իրենց օգտին որոշում է կայացրել։

«Վարչական դատարանում քննվել է ՔՊ-ի ներկայացրած հայցը, և այսօր ժամը 16։00-ին դատավոր Մերի Համբարձումյանը պետք է վճիռ կայացնի, սակայն երեկ կեսօրից հետո արդեն Վարդենիսի ՔՊ-ականները համայնքում տարածում են, որ դատավորին ասված է, ու իրենց օգտին վճիռ է կայացվելու։ Մեր կարծիքով՝ դա Աննա Դանիբեկյանի շարունակությունն է լինելու, Մերի Համբարձումյանն էլ Վարչական դատարանի Աննա Դանիբեկյանն է լինելու, եթե նման վճիռ կայացնեն։ Ամբողջ դատավարության ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը չի կարողացել գոնե 1 փաստ բերել, որ հիմք հանդիսանա՝ դեկտեմբերի 30-ի ավագանու անդրանիկ նիստն անվավեր ճանաչվի, չի կարողացել, բայց ընդդիմադիրների փաստաբանները 10-ից ավելի փաստ են ներկայացրել, որ այդ նիստն օրինական է եղել․․․»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե մասնավորապես ովքե՞ր են նման լուրեր տարածել, որ դատարանը հայցվորի օգտին վճիռ է կայացնելու, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Բազմաթիվ ՔՊ-ականներ, այդ թվում՝ նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը, որ հիմա պայքարում է այդ պաշտոնի համար։ Արամ Մելքոնյանն այդ մասին երեկ տասնյակ տեղերում է հայտարարել, մեկն էլ իր աներոջ կաթի գործարանում՝ Ակունք գյուղում։ Մեր բնակիչներից ասացին, որ ձայնագրություններ էլ կան, հենց փոխանցեն, կտրամադրենք ձեզ, որպեսզի հրապարակեք։ Մի խոսքով՝ ՔՊ-ականներն իրենց այսպես են պահում, ոնց որ Վարդենիսն իրենց դուքանը լինի, գրավել են․․․ Վարդենիսը վերցրել են, որ հանձնեն Ալիևին»։

168.am-ը փորձեց կապ հաստատել Վարդենիսի նախկին համայնքապետ, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցած, սակայն համայնքապետ չընտրված Արամ Մելքոնյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Վարդենիսի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ: Դեկտեմբերի 30-ին համայնքապետարանում տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, սակայն ավագանու ՔՊ-ական անդամները պնդում են, որ այդ նիստը տեղի է ունեցել օրենքի խախտումով, և Ահարոն Խաչատրյանին չեն ընդունում՝ որպես համայնքապետ։ Ավելին, հունվարի 4-ին համայնքապետի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ համայնքապետարանի շենքի դիմաց, քանի որ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը ոստիկաններին հանձնարարել էր ավագանու ընդդիմադիր անդամներին ներս չթողնել։

Տեսանյութեր

Լրահոս