Դա լծակ է, որ պատվաստվեն․ եթե տրանսպորտի դեպքում չես հետևում, ապա ռեստորաններ այցելելիս QR կոդ պահանջելու գաղափարը 50 տոկոսով կորչում է․ համաճարակաբան

Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։ ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ փետրվարի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է 3956 նոր դեպք, կատարվել է 9658 թեստավորում, կա 5276 առողջացած և 4 մահվան դեպք:

Համաճարակաբան Արման Բադալյանի խոսքով՝ «Օմիկրոնն» արագ է տարածվում, 2-3 շաբաթում կհասնի պիկին, հետո կսկսի իջնել:

«Բրիտանական շտամի դեպքում, օրինակ, ոչ միայն մարդուն պատվաստում էիր, և ինքը, կախված պատվաստանյութի էֆեկտիվությունից, 65-95 տոկոսով չէր հիվանդանում կամ թեթև էր տանում, այլ նաև կոտրում էինք վիրուսի տարածումը, իսկ «Դելտա» շտամը խարխլեց այդ գործընթացը, ու հետ վերադարձանք այն կետին, որ պատվաստվենք՝ կանխելու ծայրահեղ ծանր դեպքերը, մահերը: Հետո եկավ «Օմիկրոնը», որը մեզ էլի տարավ կանխարգելման դաշտ: Եվ այսօր բավական հետազոտություններ կան, որոնք վկայում են խթանիչ (բուստեր) դոզայի անհրաժեշտության մասին՝ ծանր, ծայրահեղ ծանր դեպքերից խուսափելու համար: Արդեն աշխատանքներ են տարվում, և, հուսամ, որոշ ժամանակ անց կունենանք շտամ-սպեցիֆիկ պատվաստանյութ: Այսինքն, ոչ թե բուստերն ես ստանում, այլ շտամ-սպեցիֆիկը, որը կանխարգելիչ դեր կկատարի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արման Բադալյանը:

Համաճարակաբանն ընդգծեց՝ «Օմիկրոնն» ամբողջությամբ նման է սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակներին, որ կարող են առաջացնել գրիպը, պարագրիպը և մյուս վիրուսները:

Հարցին՝ արդյո՞ք մշակութային կենտրոններ, ռեստորաններ այցելելիս QR կոդ կամ պատվաստման հավաստագիր պահանջելով՝ վիրուսի տարածումը հնարավոր կլինի կանխարգելել, բժիշկը պատասխանեց, որ սա որոշակի լծակ է, որպեսզի մարդիկ պատվաստվեն, և այն միանշանակ արդարացված է:

«Բայց կարող է մի տեղ ստուգեն, մի տեղ՝ ոչ: Եվրոպական շատ երկրներում խստացումը վերաբերում է նաև հասարակական տրանսպորտին, որովհետև, եթե տրանսպորտի դեպքում չես հետևում, ապա իր գաղափարը 50 տոկոսով կորչում է: Լծակ է, որպեսզի օգտագործես, մարդիկ պատվաստվեն, հիվանդանոցային օղակն ավելի քիչ ծանրաբեռնվի, բայց ստացվում է՝ ինչ-որ մի տեղ կիրառում ես, մի տեղ՝ ոչ: Ճիշտ է պատվաստումը, ռիսկերի նվազեցումը: Վերին շնչուղիներում վիրուսային ծանրաբեռնվածությունը համեմատաբար ավելի արագ է վերանում պատվաստվածի, քան չպատվաստվածի մոտ: Ամեն ինչ արվում է, որպեսզի ռիսկերը նվազեն»,- ընդգծեց համաճարակաբանը:

Հավելենք, որ համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակը հիվանդության ավելի թեթև ախտանշաններ է առաջացնում, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Հաշվի առնելով, որ «Օմիկրոնի» ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, Առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և բարդություններից խուսափելու նպատակով։

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանվելու ամենալավ տարբերակը Covid-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափն է: Առողջապահության նախարարությունը կոչ է անում պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները:

Տեսանյութեր

Լրահոս