Բաժիններ՝

Եթե սերիալները պահանջարկ ունեն, ուրեմն հասարակության որոշակի մաս իրեն տեսնում է այդ կերպարների մեջ. Ռուբեն Բաբայան

ԱԺ-ում հունվարի 21-ին հայ նոր սուպերհերոսի, նրա սխրանքների մասին ֆիլմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ քննարկման ժամանակ նշվել է, որ սերիալներում հերոսները չեն  բնորոշում ժամանակակից հային:

Թեմային «Մեդիա կենտրոնում» անդրադարձավ նաև Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

«Մենք շատ տարբեր ենք, և եթե այդ սերիալները պահանջարկ ունեն, ուրեմն հասարակության որոշակի մաս իրեն տեսնում է այդ կերպարների մեջ, ուզում է նմանվել, և դա նշանակում է, որ մենք շատ մեծ պրոբլեմ ունենք. հերոսը գալիս է այնտեղից, թե ինչ արժեքներ ես դու բերում, ինչ արժեքներ է նա իր հետ տանում: Եթե մենք չենք որոշում մեր արժեքային համակարգը՝ ինչպիսի՞ հասարակություն ենք ուզում տեսնել, երկիրն ինչպիսի՞ արժեքային համակարգում է գտնվում, ապա պարզ է, որ նաև նման հերոսներ են գալիս: Ես դրանց չէի անվանի հերոսներ, ավելի շուտ՝ տիպաժներ, որովհետև մենք ունենք դասական հերոս՝ մոտ 100 տարուց ավելի, դա Ձախորդ Փանոսն է:

Բոլոր ժամանակների, հայացքների հերոսը՝ հայ իրականության մեջ, որի արժեքային համակարգը տեղավորվում է հայի բախտ հասկացողության մեջ: Իսկ, թե ինչքանով դրանով պետք է զբաղվի պետությունը, ԱԺ-ն, ճիշտն ասած՝ չեմ հասկանում: Կարծում եմ՝ եթե պետությունը պետք է օժանդակի ինչ-որ բանի, առաջին հերթին պետք է օժանդակի տաղանդավոր մարդկանց, որովհետև կարող է լավ թեմա բերել, բայց այնքան անշնորհք ձևով դա իրագործել, որ լրիվ հակառակ էֆեկտ կստանաք»,- ասաց Ռուբեն Բաբայանը:

Նա նշեց՝ Արցախյան առաջին պատերազմի վերաբերյալ ներկայացումների առումով բազմաթիվ պատվերներ են եղել Մշակույթի նախարարության կողմից, որոնք հիմա չենք հիշի:

«Բայց հիշվում է մի ներկայացում՝ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկի մեջ է»: Պետությունը բացարձակապես չի մասնակցել այդ ներկայացման ստեղծման մեջ: Ավելին, երբ ներկայացված էր պետական մրցանակի՝ չստացավ, բայց եկեք, տեսեք, որ այդ ներկայացումը մասնակցեց մոտ 8 միջազգային փառատոների: Իսկ բազմաթիվ ներկայացումներ, որոնց համար միլիոններ են ծախսվել, մենք չենք կարող հիշել դրանց անունները: Օրինակ բերեմ կինոյից. տաղանդավոր ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ», Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմերը, Տավիանի՝ «Արտույտների ագարակը» երևույթ չեն դառնում այնպես, ինչպես Սփիլբերգ «Շինդլերի ցուցակը»: Չեմ կարծում, որ Սփիլբերգը տաղանդով իրենցից ավելի է: Ուրեմն խնդիրն ուրիշ տեղ է. ի՞նչ լեզու ես գտնում, ի՞նչ ձևով ես մատուցում այդ թեմատիկան: Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Հոլոքոստին նվիրված ֆիլմի գլխավոր հերոսը կլինի գերմանացին: Դրա համար ֆիլմը դառնում է ցնցող մի երևույթ: ԿԳՄՍ նախարարությունում կան մասնագետներ, ովքեր փորձում են առաջին հերթին ֆինանսավորել տաղանդավոր մարդկանց, այլ ոչ թե թեմաներ, հնարած կերպարներ: Ես չգիտեմ, թե արդյունքն ի՞նչ կլինի, եթե պետությունը խառնվի այդ գործերին»,- ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Գրող Արմեն Հայաստանցին էլ նկատեց. «Եթե լինելու է խայտառակ, գավառական կրկնօրինակում, ավելի լավ է՝ չլինի: Եթե գտնելու են ինչ-որ մի բան, որն իսկապես հետաքրքիր է և կարող է միջազգայնացվել, այդ դեպքում՝ ինչո՞ւ ոչ: Բայց մի սխալ կա. կարծում ենք, որ սերիլաները պետք է փոխարինեն կրթությանը: Այսինքն, մտածում ենք, որ սերիալներն ուժեղ պրոպագանդիստական գործիքներ են: Մի քիչ սովետական պատկերացում կա, որ մարդիկ նայելու են ու կրկնօրինակեն ամեն ինչը: Այդպես չէ: Կրթությունը չի փոխարինվի: Եվ, եթե ազգայինի մասին ենք խոսում, ունենք 27 ազգային հերոս, որոնց մեծ մասը զինվորական է:

Ահա հարցի պատասխանը, թե ո՞վ է ազգային հերոսը: 27 ազգային հերոս ունենք, ոչ մի կին չկա: Կամ, ասենք, կա այլազգի մի ազգային հերոս՝ Նիկոլայ Ռիժկովը: Այո, կարող է այլազգին լինել ՀՀ ազգային հերոս, բայց, ասենք, ինչո՞ւ Ռիժկովը և ոչ մեկ ուրիշը: Բացատրությունն այն է, որ Գյումրիում օգնություն է տրամադրել, որն այդքան էլ այդ չէ: կամ ինչո՞ւ է Էռնեկյանը ազգային հերոս: Ես շատ կարևորում եմ, օրինակ, բժշկին տրված ազգային հերոսի կոչումը, որովհետև նա կյանքեր է փրկում, կյանք է տալիս: Մեծ մասի անուններն անգամ մեր երիտասարդությունը չգիտի. եթե փողոցում քայլեն՝ իրենց ճանաչող էլ չի լինի: Նրանք ոչ միայն չեն հայտնվում ֆիլմերում, այլ ազգային արժույթի վրա չկան, օրինակ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս