Գերմանական զորքերի բարեհաճությամբ Վրաստանը գրավեց Լոռին և Ախալքալաքը. Հովհաննես Քաջազնունի

1918 թվականին հիմնադրված Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ 1918 թվականի հուլիսի 19-ին կառավարության կազմը Վրաստանից տեղափոխվեց Երևան, և այնտեղ մնաց կառավարության անշարժ ու շարժական գույքը։ Երևանում կառավարությանը դիմավորում է Արամ Մանուկյանը։

Քաջազնունին երկրի վարչապետի պաշտոնում նշանակվեց 1918 թվականի հունիսի 15–ին և այդ պաշտոնում մնաց մինչև 1919 թվականի մարտի 27-ը։ Քաջազնունին երկիրը կառավարեց քիչ, քանի որ Առաջին Հանրապետությունը ևս ունեցավ շատ կարճ կյանք։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը գտնվում էր ամենածանր վիճակում, քանի որ ներքին ու արտաքին խնդիրները իրար հերթ չէին տալիս։ Վտանգներն ու փորձությունները հաջորդում էին մեկը մյուսին։

Այլ բան է կարդալ այդ շրջանի պատմությունը, և այլ բան է կարդալ երկրի առաջին ղեկավար դարձած Քաջազնունու հուշերը, ով Հայաստանի Հանրապետության խնդիրներին, արտաքին մարտահրավերներին ծանոթացել էր բոլորից լավ։ Քաջազնունու «Հայաստանի Հնարապետություն» գրքից տեղեկանում ենք երկրի արտաքին ու ներքին մարտահրավերների մասին։ Նախ Քաջազնունին կետերով և հստակ ներկայացնում է, թե արտաքին ի՞նչ կարգավիճակում ու մարտահրավերների առաջ էր կանգնած Հայաստանի Հանրապետությունը.

«Երբ Երեւանում հաստատուեց եւ գործի անցաւ Հայկական կառավարութիւնը, երկրի դրութիւնը պատկերանում էր այսպէս.

Թիւրքական բանակը գրաւել էր Անդրկովկասեան Հայաստանի մեծ մասը, թիւրքական արագաձիգ թնդանօթները դրուած էին մայրաքաղաք Երեւանից 7 կիլոմետր հեռաւորութեամբ։

Ազրբէյջան (Անդրկովկասեան Թաթարստանը). Յենուելով թիւրք բանակի ներկայութեան վրայ, նեղում էր Հայաստանի արեւելեան (մասամբ էլ հիւսիսային) սահմանները ու սպառնում էր սրի քաշել այդ կողմերի հայ ազգաբնակութիւնը։

Վրաստանը գտել էր Գերմանիայի հովանաւորութիւնը, հիւրընկալել էր իր երկրում գերմանական զօրքերը եւ նրանց բարեհաճութեամբ գրաւել էր Հայաստանի հիւսիս-արեւմտեան սահմաններում երկու զուտ հայկական գաւառներ. Ախալքալաք և Լոռի։

Հայաստանը մնացել էր մենակ, չորս կողմից շրջապատուած թշնամի կամ անբարեացակամ ոյժերով, առանց որեւէ արտաքին նեցուկի եւ օգնութեան»։ (Հատվածը վերցված է Հովհաննես Քաջազնունու «Հայաստանի Հանրապետութիւն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 24)։

Եվ թվում է, թե արտաքին այս մարտահրավերները և Հանրապետության նորաստեղծ կառավարության առաջ ծառացած միակ խնդիրն էր, ապա սխալվում ենք, քանի որ Քաջազնունին մանրամասն ներկայացնում է նաև երկրի ներքին սոցիալական խնդիրները, որոնց մեծ մասը միանշանակ բխում էր արտաքին խնդիրներից։ Կառավարությունն անգամ թուղթ չուներ պետական փաստաթղթերի և կառավարության գործերը կազմելու համար.

«Երկրի ներսում դրութիւնը յուսահատական էր։

Ազգաբնակութեան կիսից աւելին կազմում էին փախստականներ եւ գաղթականներ, անտուն, մերկ ու քաղցած։

Գիւղերը քանդուած ու աւերուած, դաշտային աշխատանքները դադարեցրած։

Հացի բացակայութեան եւ միւս կենսամթերքների սակաւութեան պատճառով գիւղացիք կերել էին արդէն իրան սերմնացանը եւ սկսել էին ուտել լծկան անասունները։

Տիրում էր սով, այդ բառի ամբողջ իմաստով։

Սովի հետեւանքով առաջ էին եկել տարափոխիկ հիւանդութիւններ, մասնաւորապէս` բծաւոր տիֆ, իսկ դեղերը սպառուած էին արդէն, դեղատները դատարկ։

Հաղորդակցութիւնը արտաքին աշխարհի հետ կտրուած էր միանգամայն, որովհետեւ միակ երկաթուղային գիծը բռնել էին թիւրքական զօրքերը, ապրանքների ներմուծումը դադարած էր, որովհետեւ կտրուած էին կապերը թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Պարսկաստանի եւ թէ՛ Եւրոպայի հետ, իսկ հարեւան երկրները` Վրաստանը, Ազրբէյջան եւ Թիւրքիա իրանք չունէին արտահանելու ապրանք։

Այս պատճառով տիրում էր սուր պակասութիւն ամենաանհրաժեշտ ապրանքների։ Ո՛չ մանուֆակտուրա, ո՛չ երկաթեղէն, ո՛չ քիմիական պրոդուկտներ, ո՛չ դեղ։ Պակասում էր նոյնիսկ քարիւղ տները լուսավորելու համար եւ դժարութեամբ էր ճարւում թուղթ պետական գործավարութեան համար»։ (Նույն տեղում` էջ 25):

Մեր օրերում երբեմն հանդիպում ենք օբյեկտիվ և սուբյեկտիվ քննադատություններ` Առաջին Հանրապետության ղեկավար կազմի հասցեին։ Մեկ բան պետք է ընդգծել, որ այդ ծանրագույն պայմաններում մարդիկ կարողացան ստեղծել պետություն, կարողացան ժողովրդին փրկել սովից ու հիվանդություններից և նորաստեղծ պետությանը զարգացման շունչ հաղորդել։ Քաղաքական գործիչների մի մասը մահացավ ժամանակի տարածված հիվանդություններից։ Հենց այդ պայմաններում նրանք պահեցին և մեզ փոխանցեցին Հայաստանը։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս