ԱՄՆ-ը չի պատասխանել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ հարցին. Լավրով
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ իր փաստաթղթում չի պատասխանել ամենագլխավոր հարցին, որը վերաբերում է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս փաստաթղթում գլխավոր հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա:
Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման եւ հարվածային սպառազինությունների տեղակայման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»,-Լավրովը հայտարարել է լրագրողներին: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն նախօրյակին Ռուսաստանին են փոխանցել անվտանգության երաշխիքների մասին առաջարկությունների պատասխանները:
Ելնելով ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններից՝ ամերիկյան փաստաթուղթն արտացոլում է Նահանգների մտահոգություններն անվտանգության ոլորտում Ռուսաստանի գործողությունների եւ այն բնագավառների վերաբերյալ առաջարկությունների առնչությամբ, որտեղ երկրները կարող են շփման կետեր գտնել: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը:
Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Նաեւ առաջարկությունները կետ են պարունակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հարվածային սպառազինություններ չտեղակայելու եւ Արեւելյան Եվրոպայում դաշինքի ուժերի 1997 թվականի դիրքեր հետքաշելու վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: